Jump to content

Բանջարաբուծությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանջարաբոստանային արտադրանքի ցուցադրություն
Հայաստանում աճեցված պտուղներ

Հայաստանում բանջարաբուծությունը գյուղատնտեսության առաջնային ենթաճյուղերից մեկն է, որն ունի հազարամյակների պատմություն և ավանդույթներ։ Նպաստավոր աշխարհագրական դիրքի և ագրոէկոլոգիական պայմանների շնորհիվ Հայաստանում աճում են բանջարեղենի բազմաթիվ տեսակներ։

Հայաստանում բանջարանոցային մշակաբույսերից առավել տարածված են լոլիկը, վարունգը, կաղամբը, սեխը, սմբուկը, բողկը, գազարը, սխտորը, ծնեբեկը, սպանախը, տաքդեղը, լոբին, ծաղկակաղամբը, շաղգամը, տերևաբանջարներից՝ թարխունը, մաղադանոսը, համեմը, ռեհանը և այլն, բոստանային մշակաբույսերից՝ ձմերուկը, սեխը, դդումը, դդմիկը։ Փորձեր են կատարվում արտադրական պայմաններում վայրի տերևաբանջարների մշակության ուղղությամբ։

Տարբերում են բաց գրունտի (բույսի մշակությունը բաց դաշտում) և պաշտպանված (փակ) գրունտի (աճեցումը ջերմատներում, ջերմոցներում) բանջարաբուծություն։ 2011 թվականին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունը 30,7 հազար հա էր, համախառն բերքը՝ 970,2 հազար տ։ Ցանքատարածությունների մոտ 80%-ը զբաղեցրել են լոլիկը, տաքդեղը, վարունգը և սմբուկը։

Միևնույն ժամանակ մեծ պահանջարկ ունեն թե թարմ, և թե վերամշակված բանջարեղենի ոչ ավանդական տեսակները, որոնք արժեքավոր են թե սննդային, և թե բուժիչ հատկանիշների տեսանկյունից։ Դրանցիցն են՝ կաղամբազգիներից՝ բրուսելյան կաղամբը, չինական կաղամբը, պեկինյան կաղամբը, ինչպես նաև բրոկոլին և կոլրաբին, իսկ տերևաբանջարներից՝ տարբեր ձևերի և գույների հազարները։

2005-2007 թթ. ընթացքում զգալիորեն ավելացել են բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները, սակայն 2008 թ. բանջարեղենի գրեթե բոլոր տեսակների ցանքատարածությունների թեթևակի նվազում արձանագրվեց, բացի գազարից (որի տարածքները մնացին անփոփոխ) և սխտորից (40 հա-ով ավելի բերք հավաքվեց)։ Ամենաշատ արտադրվող տեսակը լոլիկն է (զբաղեցնում է բանջարեղենի ընդհանուր ցանքատարածությունների 25-30%-ը)։ Սմբուկը, տաքդեղը և կանաչեղենի տարբեր տեսակները զբաղեցնում են բանջարեղենի ընդհանուր տարածքի 24-28%-ը, իսկ կաղամբը և վարունգը՝ համապատասխանաբար 15-16% և 9-11%-ը։ Ցանքատարածությունների ընդլայնման և բերքատվության բարձրացման շնորհիվ ավելացել է բանջարեղենի համախառն բերքը։ 2005-2009 թթ. ընթացքում լոլիկի բերքատվությունն ավելացել է հեկտարի հաշվով 6.8 տոննայով։ Վարունգի և կաղամբի դեպքում աճը կազմել է 5 և 4.6 տոննա։ Բերքատվության առավել ակնհայտ ավելացում է արձանագրվել գազարի դեպքում՝ 9.2 տոննա հեկտարի հաշվարկով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։