Jump to content

Դարբնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարբնիկ (այլ կիրառումներ)
Գյուղ
Դարբնիկ
Փողոց Դարբնիկում
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՀամայնքԱրարատի մարզ
Հիմնադրված է1880 թ.
Այլ անվանումներԴեմուրչի
Մակերես3,65 կմ²
ԲԾՄ830 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1214[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Դարբնիկ (Հայաստան)##
Դարբնիկ (Հայաստան)

Դարբնիկ (նախկին անվանումը՝ Դեմուրչի), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 23 կմ հեռավորության վրա։

Գյուղը հիմնադրվել է 1880 թվականին։ Նախկինում ունեցել է Դեմուրչի, Դեմուրչի Փոքր, Դիմուրջի, Շոռլու անվանումները։ Վերանվանվել է Դարբնիկ 1991 թվականի ապրիլի 3-ին[2]։ Տեղադրված է Միջինարաքսյան գոգավորությունում՝ Հրազդան գետի աջ ափին։ Ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դարբնիկի մշտական բնակչությունը կազմել է 1214, առկա բնակչությունը՝ 1092 մարդ[1]։ Նախկինում եղել է ադրբեջանաբնակ։ Դարբնիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 426 626 654 560 1200 1748 1071 1214[1]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի առկա 340 տնտեսություն, դպրոց, գրադարան, մանակապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 203 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 166 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ, պտուղներ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 653
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 56» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]