Դիսպեպսիա
Դիսպեպսիա | |
---|---|
Տեսակ | symptom type? |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
ՀՄԴ-9 | 536.8 |
Dyspepsia Վիքիպահեստում |
Մարսելախանգարում, դիսպեպսիա (հուն, δύσπεπτος-դժվարամարսելիություն), ստամոքսա-աղիքային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ։ Պատճառը սննդի քանակի և որակի նկատմամբ օրգանիզմի պահանջների և այդ սննդանյութը մարսողական օրգանների բնականոն քանակությամբ ֆերմենաներով մարսելու հնարավորության անհամապատասխանությունն է։ Առավել հաճախ հանդիպում է մինչև 8-9 ամսական երեխաների մոտ։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մարսելախանգարում» տերմինն առաջարկել է վիեննացի մանկաբույժ Հ․ Վիդերհոֆերը, XIX դարի վերջում։ Ներքին հիվանդությունների կլինիկայում մարսելախանգարումը նույնացվում է մի շարք հիվանդությունների ընթացքում առաջացած ստամոքսաաղիքային տարբեր խանգարումների հետ։
Մարսելախանգարումը մանկաբուժության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկաբուժության մեջ տարբերում են մարսելախանգարման կլինիկական հետևյալ ձևերը՝ հասարակ, թունավոր և հարաղիքային (պարէնտերալ)։ Առաջին երկուսն առաջանում են կրծքի երեխայի կերակրման կանոնների խախտման, իսկ հարաղիքայինը՝ սուր հիվանդությունների (թոքաբորբ, բրոնխիտ, միջին ականջի բորբոքում և այլն) հետևանքով։ Նշված բոլոր դեպքերում երեխան դառնում է անհանգիստ, որովայնը փքվում է, ախորժակը վատանում, առաջանում են փսխումներ, կղանքը դառնում է հաճախակի (օրական մինչև 10 անգամ)։ Օրգանիզմի ջրազրկման հետևանքով երեխայի քաշը խիստ պակասում է։ Թունավոր մարսելախանգարման ընթացքը առավել ծանր է, ի հայտ են գալիս սիրտ-անոթային և նյարդային համակարգերի, նյութափոխանակության և ծայրամասային արյան շրջանառության խանգարումներ։ Թունավորման հարաճուն ընթացքի դեպքում կարող են զարգանալ կոլապս և կոմա։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակ մարսելախանգարման՝ սննդի ռեժիմի կարգավորում, դյուրամարս դիետա, ստամոքսի շարժողությունն ու հյութազատությունը կարգավորող միջոցներ (աղաթթու՝ պեպսինի հետ, պանկրեատին), В, С խմբի վիտամիններ։
Թունավոր մարսելախանգարում՝ ստացիոնար պայմաններում, սիրտ-անոթային համակարգի գործունեությունը լավացնող միջոցներ (սրտային գլիկոզիդներ, կոկարբօքսիլազ), արյանը փոխարինող հեղուկներ։
Հարաղիքային մարսելախանգարման դեպքում՝ հիմնական հիվանդության բուժում։ (տես Մարսողական համակարգ), (տես Մարսողություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 340)։ |