Եփրատ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եփրատ (այլ կիրառումներ)
Եփրատ | |
---|---|
Նավակ Եփրատ գետում | |
Բնութագիր | |
Երկարություն | 2780 |
Ավազանի մակերես | 673 000 կմ² |
Ջրի ծախս | 356 |
Ջրահոսք | |
Գետաբերան | Շատ Ալ-Արաբ |
Գետաբերանի տեղակայում | Շատ ալ-Արաբ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Խաբուր, Բալիխ գետ, Ակն, Բուսնիկ, Գառնակ, Գարաբունար, Գուռմա, Գուրուլա, Տևրիկ, Դարբողազ, Q745611?, Արածանի, Կարասու, Q2929095?, Q2973281?, Սաջուր, Göksu Creek, Գոմու ջուր, Աղյունաձոր և Գամդինչայ |
Ջրի մարմիններ | Աթաթուրքի ջրամբար, Քեբանի ջրամբար և Կարակայա ջրամբար |
Երկիր | Թուրքիա Սիրիա Իրաք |
Ջրահավաք | Պարսից ծոցի ավազան |
Գետը Վիքիպահեստում |
Եփրատ[1] (նաև՝ Եվփրատ, արաբերեն՝ الفرات ալ Ֆուրաթ, քրդերեն և թուրքերեն՝ Fırat Ֆըրաթ), Առաջավոր Ասիայի ամենաերկար գետը՝ 2700 կմ երկարությամբ, 673 հազար կմ2 ավազանով։ Հայկական լեռնաշխարհի սահմաններում նրա ավազանը կազմում է 95 հազար կմ2, որից 40 հազարն Արածանիի ջրհավաքն է։
Եփրատը Հին Կտակարանում կոչվել է Մեծ գետ և համարվել է դրախտի չորս գետերից մեկը։ Հայկական աղբյուրներում այն անվանվել է Եփրատական գետ, Եդեմաբուխ գետ, արաբական աղբյուրներում՝ Ֆրատ կամ Շատ- էլ-Ֆուրատ, հին պարսկական աղբյուրներում՝ Իֆրատու։
Գետը որպես Եփրատ կազմվում է Արևմտյան Եփրատ (Կարասու)՝ 450 կմ երկարությամբ և Արածանի (Մուրատ)՝ 670 կմ երկարությամբ ճյուղերի միացումից։
Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Ծաղկավետ լեռներից Ոսկյանց (3914 մ) գագաթից։ Այստեղ բխում է մի աղբյուր՝ (ջերմաստիճանը 3 աստիճան), որը պաշտամունքի աղբյուր է համարվել։ (Ըստ ավանդության 7-րդ դարի բյուզանդական Հերակլ կայսրը Քրիստոսի խաչը վտանգի պահին թաղել է, և երբ խաչը նորից հանել են, տեղն աղբյուր է վիթել։ Սուրբ համարվող աղբյուրի ջրի մեջ մարդիկ լողանում են և ազատվում մեղքերից)։
Եփրատն այնուհետև իջնում է Կարնո դաշտ, որտեղ հարթ ռելիեֆի պայմաններում առաջացնում է ճահիճներ (Շամբ Կարնո)։ Այստեղ գետի ջրին են խառնվում նաև հանքային աղբյուրների ջրերը։ Կարնո դաշտից գետը մտնում է Շողանի կամ Շուղնի ձորը, դուրս է գալիդ Աշկալայի ու Դերջանի (Մամախաթունի) դաշտերը և անցնում է Դերջանի ու Երզնկայի գոգավորություններով։ Ապա մտնում է Կամախի սարահարթ՝ ստեղծելով խորը կիրճ և դուրս գալիս Խարբերդի դաշտ, որի արևմտյան մասում միանում է Արածանի ճյուղին։ Կամախում է գտնվում նախկին Անի բերդը։ Վերջինս հայտնի է նրանով, որ այստեղ էին թաղվում Արշակունի թագավորները և բերդում էին պահվում արքունական գանձերը։ Երզնկան համբավավոր է իբրև Անահիտ դիցուհու սրբավայր։ Այստեղ էր տեղավորված գլխավոր մեհյանը։
Բարձր Հայքի այս հատվածը, որը Եփրատի ավազանի վերնագավառն է, Հայկական լեռնաշխարհի ամենաերկրաշարժային շրջանն է. կան բազմաթիվ տեկտոնական խզվածքներ, որոնցից դուրս են գալիս հանքային աղբյուրներ։
Միջին դարերի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն այցելել է Երզնկա։ Նա գրում է, որ այստեղ գոյություն ունեն բազմաթիվ տաք աղբյուրներ, ստեղծվել են ջերմուկային բաղնիքներ։ Այնուհետև տեկտոնական շարժումների հետևանքով աղբյուրների ելքերը փոփոխվել են և Երզնկայում բաղնիքները դադարել են գործելուց։ Եփրատը խոր կիրճից դուրս է գալիս Կապան Մադենի (Քեբանի) մոտ, միանում Արածանի վտակին, ապա Մալաթիայի դաշտում բազմաթիվ վտակներ ընդունելով՝ ուժ է հավաքում պատռելու Տավրոսի լեռնաշղթան։ Գետն այստեղ սղոցել է Կիմիրխանի (Կյումուրխանի) մինչև 1500 մ խորության անտեցեդենտ կիրճը, որտեղ 300 ջրվեժ ու քարվազ է առաջացնում։ Հորձանուտի ահարկու դղրդյունը լսվում է շատ հեռվից։
Եփրատն ընդունում է բազմաթիվ վտակներ՝ Մանանաղի (Թուզլու), Աղյունաձոր (Մադեն), Տևրիկ (Ցելտ), Կավկավա (Թոխմա)։ Գետն ունի ցայտուն արտահայտված աստիճանաձև կողապատկեր (պրոֆիլ)։ Գոգավորությունների հատակի հարթ լճագետային նստվածքներում նա հանդարտ է հոսում, իսկ խոր կիրճերում բազմաթիվ սահանքներ է առաջացնում։
Եփրատը խառը սնման գետ է, հորդանում է գարնանը, այս սեզոնում անցում է գետի հոսքի շուրջ 60%-ը։ գետի վերին հոսանքներում՝ Կամախից վեր՝ Բարձր Հայքում, հովտի լանջերի մեծ թեքության պատճառով հոսքի գործակիցը համեմատաբար մեծ է՝ 0,6։ Մինչև Քեբանի ջրամբար հասնելը տարեկան միջին ծախսը կազմում է 350-400 խոր. մ/վրկ, տարեկան հոսքը՝ 10-12 միլիարդ խոր. մ, Արածանիի հետ միասին Եփրատի միջին ծախսը կազմում է 750-800 խոր. մ/վրկ։ Գարնան ինտենսիվ ձնհալի ժամանակ ծախսը կարող է հասնել մոտ 7000 խոր. մ/վրկ։ Տարեկան հոսքը 26 խոր. կմ է։
Գետի ջրերը վերին հոսանքներում քաղցրահամ են՝ մինչև 100 մգ/լ աղիությամբ, Արածանիի հետ խառնուրդում՝ 250-300 մգ/լ։ Գետի գումարային կոշտ հոսքը տարեկան կազմում է մոտ 20 միլիոն տ։ Եփրատը Կամախի կիրճում ունի ջրաէներգետիկ պաշարներ և կարող է օգտագործվել էլեկտրակայանների կառուցման համար։ Արածանիի հետ միացման հատվածում կառուցվել է Քեբանի ջրամբարը և էլեկտրակայանը։
Դեռ շատ հին ժամանակներից Եփրատն օգտագործվել է նավարկության համար։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումն ունի արամեական ծագում․ արամերեն ephrat բառացի նշանակել է «քաղցրահամ ջուր»։ Հայկական աղբյուրներում հիշատակվում է Եփրատական գետ, Եդեմաբուխ գետ անուններով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եփրատ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 644)։ |