Պղնձի-քարի դար
Էնեոլիթ (լատին․՝ aeneus-պղնձե և հուն․՝ λίθος (աօց)-քար), պղնձի դար, պղնձաքարային դար, նոր քարի դարից (նեոլիթ) բրոնզի դարին անցնելու ժամանակաշրջան։ Այն բնորոշվում է պղնձագործության զարգացմամբ, թեև տնտեսության մեջ քարե գործիքները դեռևս շարունակում էին գերիշխել[1]։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]էնեոլիթում քարե գործիքների կողքին երևան են գալիս առաջին պղնձե գործիքները, որոնք սկզբում պատրաստվում էին զտաբեկոր, այնուհետև՝ հանքային պղնձից։ Ուսումնասիրողների մեծ մասը էնեոլիթը համարում է ոչ թե նախնադարյան պատմության առանձին ժամանակահատված, այլ բրոնզի դարի նախնական շրջան։ Եգիպտոսում և Միջագետքում էնեոլիթը սկսվում է մեր թվարկությունից առաջ 4-րդ, Եվրոպայում՝ մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակներում։ Նախկին ՍՍՀՄ-ի տարածքում հայտնի են Անաուի, Նամազգա-թեփեի (Միջին Ասիա), Տրիպոլիեի (Ուկրաինա) էնեոլիթյան բնակատեղիները։ էնեոլիթյան մարդը բնակվել է գետերի ու լճերի ափերին, զբաղվել բրիչային երկրագործությամբ և անասնապահությամբ։ էնեոլիթին բնորոշ է փայլեցրած գունազարդ (հալաֆյան տիպի) և սև խեցեղենը, հանդիպում է նաև անփայլ, ալիքավոր նախշերով և հարդախառն կոպիտ խեցեղեն։
Հայկական լեռնաշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական լեռնաշխարհի էնեոլիթյան բնակատեղիները պատկանում են հիմնականում մեր թվարկությունից առաջ 5-4, մասամբ՝ 3 հազարամյակներին։ Դրանցից արժեքավոր նյութեր են տվել հատկապես Շամիրամ-Ալթի (Վանա լճի մոտ, ուրարտական Մենուա թագավորի ջրանցքի ափին), Նախիջևանի Քյուլ-թափա առաջին, Էջմիածնի Մոխրաբլուր, Մխլու-թափա արհեստական բլուրները, Թեղուտը (Էջմիածնից հարավ)։
Խալկոլիթյան բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին չորս տասնամյակներում խալկոլիթյան մեծաթիվ բնակավայրեր են բացահայտվել ժամանակակից Հայաստանի ամբողջ տարածքում։ Դրանցից չորսը` Ադաբլուրը և Թեղուտն Արարատյան դաշտում, Արենի-1-ը՝ Վայոց Ձորում, Գոդեձորը՝ Սյունիքում, մասնակիորեն պեղվել են։ Սրանք բոլորն էլ թվագրվում են Ք. ա. 4500-3400 թթ.[2]։
Թեղուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեղուտը յայլաղային անասնապահությամբ զբաղվող հովիվների փոքրիկ գյուղակ էր՝ բաղկացած կիսագետնափոր, կլոր հատակագծով խրճիթներից։ Այստեղ հայտնաբերվել են բարձրորակ կավամաններ, ինչպես նաև պղնձե գործիքներ՝ ներկրված այլ վայրերից։
Ադաբլուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադաբլուրն ակնհայտորեն ավելի մեծ էր։ Բնակատեղին բաղկացած էր ընդարձակ, բազմասենյակ համալիրներից, որոնք ձգվում էին փողոցների երկայնքով։ Այստեղ հայտնաբերվել են արհեստանոցների մնացորդներ և կավե քանդակներ։
Արենի-1
[խմբագրել | խմբագրել կոդը]Արփա գետի կիրճի Արենի-1 քարանձավի չոր միջավայրը և կայուն ջերաստիճանը ձևավորել են հիանալի պայմաններ օրգանական նյութերի պահպանման համար։ Հացահատիկը, մրգերը, կտորը, կաշին և նույնիսկ խոտը, որոնք սովորաբար չեն պահպանվում այլ վայրերում, մեզ տանում են արտեֆակտերի մի անհայտ աշխարհ, որն ստեղծվել է խալկոլիթյան ժամանակաշրջանում։ Եզակի են քարանձավի խորքում հայտնաբերված` աշխարհում մինչ այժմ հայտնի գինու ամենահին հնձանը, որը թվագրվում է Ք. ա. 4000 թ. և տրեխը՝ Ք. ա. 3600 թ.[3]։
Գոդեձոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոդեձորը տեղակայված է բարձր լեռնային, ալպիական արոտավայրերի միջավայրում։ Այն կարևոր անցակետ ու փոխանակման կենտրոն էր շարժունակ հովիվների համար։ Այստեղ կուտակվում էր հետիոտնի երկու-երեք օրվա ճանապարհի հեռավորությամբ հանքավայրերից բերված վանակատը և ապա արտահանվում։ Կավի վրայի կնիքների դաջվածքները վկայում են մասնավոր, շատ հավանական է՝ ընտանեկան ունեցվածքի նշագրման ավանդույթի մասին[4][5][6]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էնեոլիթ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 55)։ |
- ↑ Հայկական ճարտարապետության պատմություն. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. 1996.
- ↑ Джавахишвили, А. И. (1973). Строительное дело и архитектура поселений Южного Кавказа V-III тысячелетий до н.э., Тбилиси.
- ↑ Areshian Gregory E., Gasparyan Boris, Avetisyan Pavel S., Pinhasi Ron, Wilkinson Keith, Smith Alexia, Hovsepyan Roman, Zardaryan Diana (2012). The chalcolithic of the Near East and south-eastern Europe: discoveries and new perspectives from the cave complex Areni-1. Antiquity 86. էջեր 115–130.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Frangipane, M. u.a. (Hrsg.) (1993). Between the Rivers and over the Mountains, Archaeologica Anatolica et Mesopotamica Alba Palmieri dedicata. Rome. էջեր 37–69.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Թորոսյան, Ռ. (1976). Թեղուտի վաղ երկրագործական բնակավայրը (մ. թ. ա. IV հազարամյակ), Հնագիտական պեղումները Հայաստանում, N 14. Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն.
- ↑ Simonyan, Hakob (2022). HISTORICAL AND CULTURAL HERITAGE OF ARMENIA. Yerevan: Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia / “Scientific Research Center of Historical and Cultural Heritage” SNCO. ISBN 978-9939-9087-1-7.