Jump to content

Թովմա Աքվինացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թովմա Աքվինացի
լատին․՝ Thomas Aquinos
Ծնվել է1225[1] Ռոկասեկա, Ակվինո, Սիցիլիայի թագավորություն[2]
Մահացել էմարտի 7, 1274[3] Ֆասսանովա աբբայություն, Պապական մարզ[4]
ԳերեզմանChurch of the Jacobins
Բնակության վայր(եր)Ակվինո
Դավանանքկաթոլիկություն
ՈւղղությունԹոմիզմ, just war theory? և սխոլաստիկա
Մասնագիտությունաստվածաբան, պրոֆեսոր, Լատինական կաթոլիկ քահանա, փիլիսոփա, գրող, Catholic theologian, ֆրաիլես և theology teacher
Հաստատություն(ներ)Փարիզի միջնադարյան համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, աստվածաբանություն և Catholic theology?
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
Ալմա մատերՓարիզի միջնադարյան համալսարան (1248) և Նեապոլի համալսարան (1245)
Տիրապետում է լեզուներինմիջնադարյան լատիներեն, Medieval Italian? և լատիներեն[5]
Ազդվել էԲոետիոս, Մայմոնիդ, Կիկերոն, Ալ-Քինդի, Հովհան Սկոտ էրիուգենա, Իբն Ռուշդ[6], Անսելմ Քենթրբերցի[7], Ալբերտ Մեծ, Ավիցեննա[8], Օգոստինոս Երանելի, Պլատոն, Արիստոտել, Պողոս առաքյալ, Աբու Համիդ ալ-Ղազալի և Գրիգոր I
ՀայրԼանդոլֆ դ'Ակինո
ՈւսուցիչԱլբերտ Մեծ
ԱշակերտներHenry Bate of Malines? և Remigio dei Girolami?
 Thomas Aquinas Վիքիպահեստում

Թովմա Աքվինացի (լատին․՝ Thomas Aquinas, իտալ.՝ Tommaso d'Aquino, 1225[1], Ռոկասեկա, Ակվինո, Սիցիլիայի թագավորություն[2] - մարտի 7, 1274[3], Ֆասսանովա աբբայություն, Պապական մարզ[4]), իտալացի[9][10] աստվածաբան, փիլիսոփա, օրթոդոքսալ (ուղղափառ) սխոլաստիկայի համակարգող, կաթոլիկ եկեղեցու հայր, հորջորջվել է որպես՝ Doctor Angelicus, Doctor Universalis, «princeps philosophorum»[11] («փիլիսոփաների արքայազն»), թոմիզմի փիլիսոփայական ուղղության հիմնադիր, դոմինիկյան միաբանության անդամ, 1879 թ-ից ճանաչվել է ամենահեղինակավոր կաթոլիկ կրոնական փիլիսոփա։ Կապել է կաթոլիկ եկեղեցու դավանաբանությունը (մասնավորապես, Օգոստինոս Երանելու գաղափարները) Արիստոտելի փիլիսոփայության հետ։ Ձևակերպել է Աստծո գոյության հինգ ապացույցները։ Ընդունելով բնական գոյության և մարդկային բանականության համեմատական ինքնուրույնությունը՝ գտնում էր, որ բնությունն ավարտվում է վերին օգնության, բանականությունը՝ հավատի, գոյի զուգադրության վրա հիմնված փիլիսոփայական իմացությունն ու բնական աստվածաբանությունը՝ գերբնական հայտնության մեջ։

Եղել է բնական աստվածաբանության գլխավոր, դասական ջատագովը, թոմիզմի հայրը։ Արևմուտքի մտքի վրա նրա ազդեցությունը նկատելի է. արդի փիլիսոփայության զգալի մասը զարգացրել է նրա գաղափարները կամ հակադրվել դրանց՝ հատկապես բարոյագիտության, բնական օրենքի, մետաֆիզիկայի և քաղաքագիտության տեսության բնագավառներում։ Ի տարբերություն այն ժամանակներում եկեղեցում տարածում գտած շատ հոսանքների՝ Թովման վերցրեց Արիստոտելի առաջ քաշած մի շարք գաղափարներ և փորձեց դրանք սինթեզել քրիստոնեության սկզբունքների հետ[12]։ Նրա ամենահայտնի աշխատություններն են «Disputed Questions on Truth» (1256-59), «Summa contra Gentiles» (1259-1265) և Summa Theologiae (1265-1274): Աքվինացու գրավոր ժառանգության կարևոր մասն են կազմում նաև Սուրբ գրքի և Արիստոտելի աշխատությունների նրա մեկնությունները։ Բացի այդ, հորինել է օրհներգություններ, որոնք կաթոլիկ եկեղեցու պատարագի մասն են կազմում առ այսօր[13] Կաթոլիկ եկեղեցին Թովմա Աքվինացուն պատվում է որպես սուրբի և նրան համարում տիպար ուսուցիչ բոլոր նրանց համար, ովքեր ուսումնասիրում են Սուրբ ուսմունքը , փիլիսոփայություն, կաթոլիկ աստվածաբանություն, եկեղեցու պատմություն, պատարագ, կանոնական իրավունք[14]՝ եկեղեցում ծառայության մտնելու նպատակով։

Թովմա Աքվինացին համարվում է կաթոլիկ եկեղեցու մեծագույն աստվածաբաններից ու փիլիսոփաներից մեկը։ Բենեդիկտոս 15-րդ պապը հայտարարել է. «Այս (դոմինիկյան) օրդենը մի նոր փայլ ստացավ, երբ եկեղեցին Թովմայի ուսմունքը ազդարարեց որպես իրենը, իսկ նրան էլ, որ արժանացել է պոնտիֆիկների հատուկ գովեստներին, հռչակեց իբրև կաթոլիկ դպրոցների տեր և հովանավոր»[15] : Անգլիացի փիլիսոփա Էնթնի Քեննին Թովմա Աքվինացուն համարում է արևմտյան աշխարհի մեկ դյուժին մեծագույն փիլիսոփաներից մեկը[16]։

Թովմա Աքվինացու հայացքները իշխանության, սեփականության և պետության մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Super libros de generatione et corruptione

Թովմա Աքվինացին փիլիսոփայություն և աստվածաբանություն է դասավանդել Եվրոպայի մի շարք համալսարաններում, 1252-1259 թթ.՝ Փարիզի համալսարանում։ Տիրապետել է ժամանակի Եվրոպայի լայն խոսակցական գրեթե բոլոր գիտություններին։ Իր կյանքի ընթացքում հասել է ճանաչման ու փառքի։ Լայն գիտականության համար նրան անվանել են բազմակողմանի մասնագիտության դոկտոր, իսկ եկեղեցու ուսմունքին հավատարիմ լինելու համար՝ «Հրեշտակային դոկտոր»։ Աքվինացու երկերը յուրահատուկ դեր են խաղացել եկեղեցու պաշտոնական գաղափարախոսության համար։ Այդ երկերում նա անդրադարձել է գիտության տարբեր ճյուղերին վերաբերող հիմնահարցերին։ Աքվինացին՝ որպես գիտնական, շոշափում է պետության օրենքները, իշխանությանը վերաբերող հարցերը։ Աշխարհիկ իշխանության նկատմամբ աստվածաբանը մշակել է իշխանության 3 տարբեր տեսություններ.

  1. էությունը- գերիշխելու և ենթարկվելու հարաբերություններն են, որոնք հաստատված են Աստծո կողմից և անփոփոխ են։
  2. ձևը կամ ծագումը- նկատի ունի իշխանության վարչական կառուցվածքը, ստացման եղանակը, որոնք կախված են կառավարողից և փաստորեն չեն բացառում խախտումները։
  3. օգտագործումը- իշխանության իրականացման եղանակները, որոնք նույնպես կարող են աղավաղվել կառավարողի կողմից։

Ստացվում է, որ իշխանությունը (նաև եկեղեցու իշխանությունը) սուրբ է, սակայն առանձին կառավարողների կողմից կարող են խախտվել դրա ձևն ու օգտագործումը, ինչպես նաև կարող են խախտվել Աստծո պատգամներն ու եկեղեցու պատվիրանները։ Ըստ Աքվինացու այդպիսի կառավարողների նկատմամբ հնարավոր է ժողովրդի դիմադրությունը և եկեղեցու թույլտվությունը։ Այլ կերպ ասած՝ ինչ չափով իշխանությունների գործողությունները շեղվում են Աստծո կամքից, ինչքանով դրանք հակասում են եկեղեցու շահերին, այդքանով էլ հպատակները իրավունք ունեն դիմադրություն ցույց տալ այդ կարգի գործողություններին։ Պայքարը իշխանության օգտագործման դեմ է, այլ ոչ թե էության, որովհետև էությունը միշտ մնում է աստվածային։ Բայց որպեսզի այդ իշխանությունը բռնակալության չվերածվի, ուստի առաջանում է կառավարման խառը ձևը, որը պետք է զուգակցի ազնվապետական ու ժողովրդավարական տարրերը։ Բայց բոլոր դեպքերում իշխանությունը պետք է սահմանափակվի և կարգավորվի իրավունքով։ Կարևոր է նաև այն, որ Աքվինացին առաջ է քաշում դիմադրություն ցույց տալու իրավունքը բռնակալության պայմաններում։ Օրինակ, ժողովրդի կողմից օրինավոր միջոցներով բռնակալին գահազրկելը համարում է արդար, ի տարբերություն սպանության, որը նրա կարծիքով մահացու մեղք է։ Այս հարցադրումը Աքվինացին փորձում է հիմնավորել հետևյալ կերպ. «Սպանությունը օրինական համարելու դեպքում, արդար իշխանությունից դժգոհ վատերը նույնպես կարող են հարվածել լավ և օրինավոր իշխանավորներին»։

Աքվինացու ուսմունքը հիմնված է աշխարհի աստվածային ծագման գաղափարի վրա և այդ կանխադրույթը համակված է պետության և իրավունքի մասին նրա ունեցած պատկերացումներով։ Աքվինացին՝ որպես մտածող, ստեղծել է իրավունքի բազմահարկ համակարգի մասին իր տեսությունը, որը համապատասխանում է բուրգի կառուցվածքին։

Գագաթին գտնվում է «հավիտենական օրենքը». այդ օրենքը Աստծո բանականությունն ու կամքն է, որը կարգավորում է ամբողջ բնությունը և մարդկային գործունեությունը։ Այդ օրենքը մարմնավորված է Աստծո մեջ և իր ամբողջ ծավալով մարդկանց կողմից երբեք չի կարող ընկալվել և գործարկվել։ Հավիտենական օրենքը Աստծո մեջ է և նույնական է նրա հետ։ Այն գոյություն ունի ինքն իրեն և նրանից ածանցվում են օրենքի մյուս տեսակները և առաջին հերթին «բնական օրենքը»։ Ըստ էության այս օրենքը հավիտենական օրենքի արտացոլումն է մարդկային բանականության մեջ, մտածող էակների գիտակցության մեջ։ Բնական իրավունքը բոլոր մարդկանց՝ թե քրիստոնյաների, թե հեթանոսների համար ընդհանուր է։ Այդ օրենքը պատվիրում է ձգտել ինքնապահպանման և ցեղի շարունակության, պարտավորեցնում է փնտրել ճշմարտությունը (Աստծուն) և հարգել մարդկանց արժանապատվությունը։ Այդ օրենքի նպատակն է ուժով ու սարսափով ստիպել մարդկանց խուսափել չարագործություններից և հասնել առաքինության։ Ի տարբերություն բնական օրենքի՝ «մարդկային օրենքը» պոզիտիվ օրենք է համարվում։ Դա իմպերատիվ է, փոփոխական իր բովանդակությամբ։ Մարդկային օրենքի նորմերը տարբեր երկրներում կարող են միանգամայն տարբեր լինել։ Եվ եթե ինչ-որ բանում այդ նորմերը միանում են, ապա դրանք կազմավորում են «ժողովրդի իրավունքը», իսկ դրանցում եղած առանձնահատկությունները՝ «քաղաքացիների իրավունքը»։ Մարդկային օրենքը մարդկանց կողմից ընդունվում և ճանաչվում է կամավոր և մարդկային օրենքը պետք է համապատասխանի ընդհանուր բարիքի նպատակին, իսկ որպեսզի այն լինի պարտադիր, առաջին հերթին այն պետք է արդար լինի։ Այս հարցում Աքվինացին համամիտ է անտիկ շրջանի և միջնադարյան ավանդույթների համար բնորոշ դիրքորոշման հետ, այն է՝ օրենքներ ստեղծելը բնորոշ չէ մարդկանց, օրենքներ ստեղծում է բնությունը, թելադրում է բանականությունը, իսկ մարդը միայն ճանաչում է դրանք՝ տալով դրանց հատուկ ձև և հավանություն։ Գոյություն ունի նաև «աստվածային օրենքը», որը իրենից ներկայացնում է հավիտենական օրենքի մի մասը։ Աստվածային օրենքը առկա է Աստվածաշնչում և սրբերի երևակայական պատկերներում։ Այդ օրենքը, ըստ Աքվինացու, անհրաժեշտ է հետևյալ երկու պատճառներով՝

  1. մարդկային օրենքը ի վիճակի չէ ամբողջությամբ վերացնել չարը
  2. մարդկային բանականության ոչ կատարյալ լինելու պատճառով մարդիկ ի վիճակի չեն ինքնուրույն ձևով հասնել միասնական պատկերացման ճշմարտության մասին։ Եվ որպեսզի մարդիկ կարողանան հասնել դրան, այդ գործում նրանց կարող է օգնել միայն Աստվածաշունչը։ Աստվածային օրենքը միաժամանակ Հին և Նոր կտակարանների օրենքներն են, որոնք մարդուն առաջնորդում են դեպի երանելության այնկողմնային կյանքում։

Աքվինացու ժամանակ բավականին կարևոր ու էական էր եկեղեցու և աշխարհիկ իշխանությունների փոխհարաբերությունների հարցը։ Հռոմի պապերը և պապական իշխանության գերակայության կողմնակիցները պնդում էին, թե եկեղեցու գերագույն իշխանությունը պատկանում է պապին և նրան հնազանդվելը անհրաժեշտ է հավիտենական փրկության համար։ Ըստ Աքվինացու, Աստծո կողմից առաքված 2 սրերը՝ հոգևոր և աշխարհիկ իշխանությունները պատկանում են եկեղեցուն, բայց քանի որ եկեղեցին հոգևորից բացի չի կարող անմիջապես գործադրել աշխարհիկ սուրը, ուստի այն փոխանցոում է թագավորներին, որպեսզի այն գործածվի միայն հոգևորականների հրամանով ու թույլտվությամբ։ Այս հարցադրումից նկատում ենք, որ 2 իշխանությունները հարաբերակցում են այնպես, ինչպես հոգին ու մարմինը, ընդ որում նկատենք, որ հոգին և հոգևոր իշխանությունը բարձր է աշխարհիկ իշխանությունից և նյութականից։ Որոշակի առումով Աքվինացին անդրադարձել է նաև սեփականության հետ կապված հարցերին և այս հարցերում գրեթե ընդգծված նորություն չի ասում։ Բավարարվում է միայն նրանով, որ Օգոստինոսի և վաղ քրիստոնյաների մտքերը սեփականության մասին հարմարեցնում է նոր պայմաններին, երբ եկեղեցին դարձել է խոշոր սեփականատեր։ Իսկ սեփականությունը նա դիտում էր որպես Աստծող կողմից մարդուն տրված պարգև, և այդ սեփականության օգտագործման ժամանակ մարդիկ պետք է ունենան պատասխանատվության զգացում նվիրատուների հանդեպ։ Ստացվում է, որ սեփականությունը պատասխանատվություն է և խնամակալություն։ Այս իմաստով նա կրկնում է Օգոստինոսի այն միտքը, թե ոչ ոք չպետք է ունենա ավելին, քան անհրաժեշտ է սեփական պահանջմունքները բավարարելու համար։ Ցանկացած սեփականություն պետք է ծառայի ընդհանուրի բարօրությանը, իսկ կարիքավորներին բավարարելու համար Աքվինացին թույլատրելի է համարում հարուստների ունեցվածքից օգտվելը։ Անդրադառնալով պետության կառավարման ձևերին՝ Աքվինացին հետևում է Արիստոտելին։ Աքվինացին խոսում է 3 մաքուր, ճշմարիտ ձևերի (միապետություն, արիստոկրատիա, պոլիտիա) և 3 այլանդակ, աղավաղված ձևերի (տիրանիա, օլիգարխիա, դեմոկրատիա) մասին։ Ճշմարիտ ձևերը իրենցից ներկայացնում են քաղաքական իշխանությունը, իսկ ոչ ճշմարիտ ձևերը՝ բռնակալությունը։ Առաջինը՝ քաղաքական իշխանությունը, հենվում է իրավունքների և սովորույթների վրա, իսկ երկրորդը՝ բռնակալությունը, հենվում է կամայականության վրա և սահմանված չէ իրավունքով։ Աքվինացու համակրանքը միապետության կողմն է, որում միապետը թագավորում է այնպես, ինչպես հոգին մարմնում, իսկ Աստված՝ աշխարհում։ Ինչ վերաբերում է հպատակներին, ապա Աքվինացին գտնում է, որ հպատակները անվերապահորեն պետք է ենթարկվեն տերերին, որովհետև հնազանդությունը հիմնական առաքինություններից մեկն է։ Չնայած Աքվինացին պետական կառավարման լավագույն ձևը համարում է միապետությունը, բայց միաժամանակ հնարավոր է համարում, որ միապետությունը կարող է վերածվել բռնակալության, իսկ քանի որ միապետությունը վերածվում է բռնակալության, որը վատթարագույն չարիք է հասարակության համար։ պետք է խիստ ուշադիր լինել, որ իր համար թագավոր ընտրող բազմությունը նախապես դա հաշվի առնի, որպեսզի բռնակալի ձեռքը չընկնի։ Թագավորի իշխանությունը այնպես պետք է սահմանափակվի, որ բնավ ի վիճակի չլինի հեշտությամբ դիմել բռնության։ Ինչպես Աքվինացու ուսմունքը, այնպես էլ հենց ինքը՝ Աքվինացին, արժանացել են մեծ գնահատականի, գովասանքի. Հռոմի պապի կողմից 1321 թ. նա դասվեց սրբերի շարքին, 1576 թ. հռչակվեց եկեղեցու ուսուցիչ, իսկ 1878 թ. պապական շրջաբերումներով Աքվինացու աստվածաբանական ու փիլիսոփայական ուսմունքը սկսեց պարտադիր համարվել կաթոլիկ եկեղեցու համար։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Copleston, Frederick (1991). Aquinas: An Introduction to the Life and Work of the Great Medieval Thinker. Penguin Books. ISBN 0-14-013674-6.
  • Faitanin, Paulo (2008). A Sabedoria do Amor: iniciação à filosofia de Santo Tomás de Aquino [Love's philosophy: initiation to Saint Thomas Aquinas's philosophy] (Portuguese). Instituto Aquinate. ISSN 1982-8845.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • ——— (2008). O Ofício do Sábio: o modo de estudar e ensinar segundo Santo Tomás de Aquino [The wise's profession: the way of studying & learning after Saint Thomas Aquinas] (Portuguese). Instituto Aquinate. ISSN 1982-8845.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Paterson, Craig & Matthew S. Pugh (eds.), Analytical Thomism: Traditions in Dialogue. Ashgate, 2006. Introduction to Thomism Արխիվացված 2016-01-27 Wayback Machine
  • Porro, Paquale (2015). Thomas Aquinas: A Historical and Philosophical Profile. Washington, D.C.: Catholic University of America Press. ISBN 978-0-8132-2805-1.
  • Schmitz, Kenneth (2007). St. Thomas Aquinas (audiobook). Narrated by Charlton Heston. Ashland, Oregon; Boulder, Colorado: Knowledge Products; Blackstone Audiobooks; NetLibrary. ISBN 0-7861-6932-X. OCLC 78235338. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
  • Strathern, Paul (1998). Thomas Aquinas in 90 Minutes. Chicago: I.R. Dee. 90 pp. 1-56663-194-7.
  • Thomas Aquinas (1952), edd. Walter Farrell, OP, and Martin J. Healy, My Way of Life: Pocket Edition of St. Thomas – The Summa Simplified for Everyone, Brooklyn: Confraternity of the Precious Blood.
  • Torrell, Jean-Pierre (2005). Saint Thomas Aquinas (Rev. ed.). Washington, D.C.: Catholic University of America Press. ISBN 978-0-8132-1423-8. OCLC 456104266.
  • Wallace, William A (1970). «Thomas Aquinas, Saint». In Gillispie, Charles (ed.). Dictionary of Scientific Biography. Vol. 1. New York: Scribner & American Council of Learned Societies. էջեր 196–200. ISBN 978-0-684-10114-9.
  • Weisheipl, James (1974). Friar Thomas D'Aquino: his life, thought, and work (1st ed.). Garden City, New York: Doubleday. ISBN 978-0-385-01299-7.
  • Eugene F. Rogers Jr., Aquinas and the Supreme Court: Biblical Narratives of Jews, Gentiles and Gender [1 ed.], 1118391160, 9781118391167 Wiley-Blackwell 2013

Ռոմիկ Վանեսյան ««Քաղաքական ուսմունքների պատմությունը հին և միջին դարերում» առարկայի դասախոսությունից»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
  2. 2,0 2,1 2,2 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  3. 3,0 3,1 3,2 Chenu M. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 JSTOR — 1995.
  5. CONOR.Sl
  6. 6,0 6,1 6,2 https://archive.org/details/misquotingmuhamm0000brow/page/12/mode/2up
  7. 7,0 7,1 7,2 Internet Encyclopedia of Philosophy, The Internet encyclopedia of philosophy / J. Fieser, B. Dowden — 1995. — ISSN 2161-0002
  8. 8,0 8,1 8,2 https://iep.utm.edu/avicenna-ibn-sina/#H3
  9. Conway, John Placid (1911). Saint Thomas Aquinas. London.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. Rev. Vaughan, Roger Bede (1871). The Life and Labours of St. Thomas of Aquin: Vol.I. London.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. See Pius XI, Studiorum Ducem 11 (29 June 1923), AAS, XV ("non modo Angelicum, sed etiam Communem seu Universalem Ecclesiae Doctorem"). The title Doctor Communis dates to the fourteenth century; the title Doctor Angelicus dates to the fifteenth century, see Walz, Xenia Thomistica, III, p. 164 n. 4. Tolomeo da Lucca writes in Historia Ecclesiastica (1317): "This man is supreme among modern teachers of philosophy and theology, and indeed in every subject. And such is the common view and opinion, so that nowadays in the University of Paris they call him the Doctor Communis because of the outstanding clarity of his teaching." Historia Eccles. xxiii, c. 9.
  12. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  13. http://www.britannica.com/EBchecked/topic/31211/Saint-Thomas-Aquinas
  14. Code of Canon Law, Can. 252, §3 «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  15. Benedict XV Encyclical Fausto appetente die 29 June 1921, AAS 13 (1921), 332; Pius XI Encyclical Studiorum Ducem §11, 29 June 1923, AAS 15 (1923), cf. AAS 17 (1925) 574; Paul VI, 7 March 1964 AAS 56 (1964), 302 (Bouscaren, vol. VI, pp. 786–88).
  16. Aquinas, Thomas (1993). Selected Philosophical Writings. Oxford University Press. էջեր Xi. ISBN 0192835858.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թովմա Աքվինացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 201