Jump to content

Խաղանենգները (Կարավաջո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղանենգները
տեսակգեղանկար
նկարիչԿարավաջո[1][2]
տարի1594
բարձրություն94,2 սանտիմետր[3]
լայնություն130,9 սանտիմետր[3]
ուղղությունբարոկկո
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ
գտնվում էKimbell Art Museum?
հավաքածուKimbell Art Museum?
հիմնական թեմաcard sharp?
կայք
Ծանոթագրություններ
 The Cardsharps by Caravaggio (Fort Worth) Վիքիպահեստում

«Խաղանենգները», իտալացի նկարիչ Միքելանջելո Մերիսի դա Կարավաջոյի կտավ, որը նա վրձնել է մոտավորապես 1594 թվականին։ Օրիգինալը պահպանվում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Ֆորտ-Ուերտ քաղաքի Կիմբելլա գեղարվեստի թանգարանում, թեև հնարավոր է, որ նկարիչը կտավի այլ տարբերակներ ևս նկարած լինի։

Աշխատանքը Կարավաջոյի կենսագրության կարևոր հանգուցակետերից է[4]։ Նա այն վրձնել է իր անկախ կարիերայի սկզբում, 1594 թվականի հունվարին Ջուզեպպե Չեզարիի արվեստանոցից հեռանալուց անմիջապես հետո, որտեղ զբաղվում էր «ծաղիկներ ու մրգեր» նկարելով ու արվեստանոցի կողմից զանգվածաբար թողարկվող նկարների վրա շտկումներ անելով։ Կարավաջոն սկսել է վաճառել իր նկարները Կոնստանտինո անունով նկարավաճառի միջոցով, Պրոսպերո Օրսիի հետ համագործակցելով․ վերջինս հանրահայտ նկարիչ էր, որը մաներիզմի ոճում գրոտեսկներ էր ստեղծում և Կարավաջոյի համար բացել է իր հովանավորների ու կոլեկցիոներների լայն շրջանակի դռները։

Նկարում պատկերված է թանկարժեք հագուստով միամիտ մի երիտասարդ, որը թղթախաղ է խաղում մեջքի հետևում լրացուցիչ խաղաքարեր ունեցող խաղանենգի հետ։ Վերջինիս չարագործ օգնականը նայում է խաղացողի քարտերն ու համապատասխան նշաններ անում ընկերոջը։ Խաղանենգի գոտկատեղի դաշույնն ակնարկում է, որ խաղը հազիվ թե բարեհաջող ավարտ ունենա միամիտ երիտասարդի համար։

Ժորժ դե Լատուր «Ագուռի մեկանոցով խաղանենգը», մոտ 1630 թվական, Լուվր

Սա Կարավաջոյի երկրորդ ժանրային կտավն է, որը նա նկարել է «Բախտագուշակից» հետո, որն զգալիորեն մեծացրել է նկարչի՝ այն ժամանակ դեռևս ոչ մեծ հեղինակությունը։ Փողոցային կյանքից վերցված «Բախտագուշակի» և «Խաղանենգների» ռեալիստական սյուժեները նոր թարմություն են մտցրել այն ժամանակվա գեղանկարչության մեջ և ուշադրություն հրավիրել սկսնակ նկարչի բարձր վարպետության վրա, որն արտահայտվում էր մանր դետալների պատկերման մեջ, ինչպիսիք են՝ տարեց խաղանենգի մատով ձեռնոցներն ու երիտասարդ գործընկերոջ լարված հայացքը։ Նկարում զգացվում է բացառիկ պսիխոլոգիզմ, որը երեք կերպարներին ամբողջացնում է մեկ ընդհանուրի մեջ, թեև նրանցից յուրաքանչյուրն իր դերն է խաղում տեղի ունեցող դրամայում։

Կարավաջոյի «Խաղանենգները», որը հանդիսանում էր դաժան ռեալիզմի ու վենետիկյան նրբագեղության միահյուսում, մեծ հաջողություն է ունեցել, որին բավականաչափ նպաստել է նաև Օրսին, որը հայտարարում էր նոր ոճի ի հայտ գալն ու ամեն կերպ բարձրացնում Կարավաջոյի հեղինակութունը։ Պահպանվել են կտավի ավելի քան 50 կրկնօրինակներ ու այլ նկարիչների կողմից արված տարբերակներ, այդ թվում՝ Ժորժ դե Լատուրը, որն ստեղծել է թեմայի իր սեփական մեկնաբանությունը։

Հետագա ճակատագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարավաջոն նկարը վաճառել է հանրահայտ կոլեկցիոներ կարդինալ Ֆրանչեսկո դել Մոնտեին, որը դարձել է երիտասարդ նկարչի առաջին հովանավորն ու նրան կեցավայր տրամադրել իր Պալացցո Մադամա դղյակում[5]։ Դել Մոնտեից կտավն անցել է կարդինալ Անտոնիո Բարբերինիին, որը Հռոմի պապ Ուրբանոս VIII-ի զարմիկն էր․ Կարավաջոն պապին դիմանկարելու էր 1598 թվականին։ «Խաղանենգների» հաջորդ տերերը Կոլոննա-Շարա ընտանիքն էր։ XIX-րդ դարավերջին նկարի հետքերը կորչում են, մինչև որ այն 1987 թվականին հայտնաբերվում է Ցյուրիխի մի մասնավոր հավաքածուում[6]։ Նկարը ձեռք է բերվում ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Ֆորտ-Ուերտ քաղաքի Կիմբելլա գեղարվեստի թանգարանի կողմից, որտեղ էլ այն գտնվում է մինչ օրս։

2006 թվականին բրիտանացի արվեստաբան Դենիս Մահոնը «Սոթբիսում» աճուրդի ժամանակ գնել է «Խաղանենգների» կրկնօրինակը, որն աճուրդի էր հանվել որպես անհայտ նկարչի կողմից արված օրիգինալի կրկնօրինակ, սակայն Մահոնը հայտարարել է, որ այն պատկանում է հենց Կարավաջոյի վրձնին։ Նրա փաստաարկները հիմնվում էին խաղանենգներից մեկի՝ գլխարկով մասամբ ծածկված դեմքի վրայի փոփոխության հետքերի առկայության վրա, որոնք հազիվ թե կրկնօրինակողի կողմից արված լինեին[7]։ Կարավաջոն ինքը բազմիցս նույն նկարից նկարել է երկու հատ․ հայտնի են «Տղան, որին կարիճը խայթել է», «Բախտագուշակը», «Վինահարը» կտավների օրինակները։ Նկարի՝ Կարավաջոյի վրձնին պատկանելը համընդհանրորեն ընդունվել է, սակայն 2014 թվականից այն կրկին դարձել է քննարկումների ու դատական քաշքշուքի առարկա[8]։ Սըր Դենիս Մահոնը մահացել է 2011 թվականին և կտավը ժամանակավորապես ցուցադրվել է լոնդոնյան Order of St. John թանգարանում՝ նախապես ապահովագրվելով 10 միլիոն ֆունտ ստեռլինգով[9]։ 2015 թվականի հունվարի 16-ին Լոնդոնի գերագույն դատարանը վճիռը կայացրել է «Սոթբիսի» օգտին, հայտարարելով, որ ելնելով փորձագիտական եզրակացությունից, կտավը պատկանում է ուրիշ նկարչի վրձնին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hibbard H. CaravaggioOxford, Boulder: Westview Press, 1985. — P. 23—24. — ISBN 978-0-06-430128-2
  2. Bellori G. P. Le vite de' pittori, scultori et architetti moderni (իտալ.)Roma: 1672. — P. 203—204.
  3. 3,0 3,1 https://www.kimbellart.org/collection/ap-198706
  4. Kimbell Art: Արխիվացված 29 Հունիս 2011 Wayback Machine Cardsharps
  5. The Metropolitan Museum of Art: Caravaggio (Michelangelo Merisi) (1571—1610) and his Followers
  6. Mahon, Dennis Fresh Light on Caravaggio's Earliest Period: His 'Cardsharps' Recovered(անգլ.) // The Burlington Magazine[en] : journal. — 1988. — Т. 130. — № 1018. — С. 10—25.
  7. «Anonymous painting attributed to Caravaggio». Associated Press. 2007. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  8. «Play your cards right». Apollo. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  9. «Connoisseur loses legal battle over 'Caravaggio'». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.