Jump to content

Խրոնիկական հեպատիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խրոնիկական հեպատիտներ
Հիվանդության ախտանշաններհատուկ ախտանիշներ չկան
Վնասում էլյարդը

Խրոնիկական հեպատիտ, լյարդի խրոնիկական (սուր շրջանից 6 ամիս ավելի տևողությամբ) հարաճուն ախտահարում է, որը լյարդի բլթակներում կառուցվածքային կոպիտ փոփոխություններ չի առաջացնում։

Ըստ Եվրոպայի լյարդաբանների միավորման 1968 թվականին առաջարկած դասակարգման տարբերում են խրոնիկական հեպատիտների 2 ձև`

  1. Բարորակ (պերսիսվող)
  2. Ագրեսիվ

Որոշ հեղինակներ տարբերում են նաև հեպատիտների 3-րդ` խոլեստատիկ ձևը։ Ըստ Ս. Դ. Պոդիմովայի (1975 թվական) հեպատիտները դասակարգվում են ըստ պատճառի, կազմաբանական փոփոխությունների, կլինիկական ընթացքի, լյարդի ֆունցիոնալ վիճակի։ Սրանք ևս ունեն ենթատիպեր։

  1. Ըստ պատճառի

Թունային և թունա-ալերգիական գործոններից են արդյունաբերական և քիմիական նյութերով թունավորումնորը, որոշ դեղորայքային պրեպարատներ, թմրադեղերը և այլն։

  1. Ըստ կազմաբանական փոփոխությունների
  • ագրեսիվ (ակտիվ)
  • պերսիստվող (բարորակ, կայուն)
  • խրոնիկական (լեղականգային)
  1. Ըստ կլինիկական ընթացքի
  • խրոնիկական ակտիվ
  • լյուպոիդ (աուտոիմուն)
  • դանդաղ ընթացող (բարորակ)
  • լեղականգային
  1. Ըստ լյարդի ֆունկցիոնալ վիճակի
  • կոմպենսացված
  • դեկոմպենսացված

Խրոնիկական հեպատիտը կարող է հանդես գալ որպես առանձին ինքնուրույն հիվանդություն կամ որպես համախտանիշ (ռեակտիվ հեպատիտ), ուղեկցել մի շարք հիվանդությունների (մալարիա, տուբերկուլյոզ և այլն)։

Պատճառագիտությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրոնիկական հեպատիտի առաջացման հիմնական գործոններն են`

Ժառանգականորեն պայմանավորված խրոնիկական հեպատիտների գոյության մասին են վյակում դրանց, ընտանեկան տարածվածության դեպքերը։ Նման ընտանիքների անդամների արյան շիճուկում հաճախ նկատվում է գլոբուլինների ավելացում, իմունոգլոբուլինների տիտրի բարձրացում, հակակորիզային հակամարմինների, ռևմատոիդ գործոնի առկայություն։ Նման ընտանիքների որոշ անդամներ տանում են խրոնիկական հեպատիտ կամ ցիռոզ։ Խրոնիկական խոլեստատիկ հեպատիտի պաթոլոգիան կապված է նաև խոլեստերինի և լեղաթթուների փոխանակության խանգարումներ առաջացնող հիվանդությունների հետ։

Խրոնիկական հեպատիտի զարգացման և հետագա ընթացքի ուղիները վերջնականապես պարզնած չեն։ Գոյությոն ունի 2 տեսություն`

  1. Վիրուսային
  2. Իմունաախտաբանական

Վիրուսային տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսային ծագման դեպքում, լյարդում վիրուսային պրոցեսը վերագրվում է վիրուսակրությանը կամ իմունաախտաբանությանը։ Վիրուսային հեպատիտի սուր շրջանից հետո վիրուսը շարունակում է մնալ հիվանդի օրգանիզմում։ Այն դանդաղորեն զարգանում է և քայքայում լյարդի բջիջները, որով և պայմանավորվում է լյարդի բորբոքային պրոցեսի անցումը խրոնիկական ընթացքի։ Կլինկո-էպիդեմիոլոգիական դիտումները, վիրուսոլոգիական հետազոտությունները վկայում են վիրուսակրության հնարավորության մասին։

Իմունաախտաբանական տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ այս տեսության, հեպատոցիտները վիրուսի ազդեցության տակ ձեռք են բերում անտիգենային հատկություններ, առաջացնում են իմունիտետի տարբեր օղակների ակտիվացում և հանգեցնում են լյարդի բջիջների աստիճանական ախտահարման և հիվանդագին պրոցեսի շարունակման։ Իմունաախտաբանական տեսությունը հաստատում է նաև լյարդի խրոնիկական հիվանդություննր ունեցող մարդկանց արյան շիճուկում լեղուղիների բջիջների կորիզի, ցիտոպլազմայի միտոքոնդրիումների, հարթ մկանաթելերի, այլ տարրերի նկատմամբ հակամարմիների առկայությամբ։ Խրոնիկական հեպատիտների դեպքերի մի մասում արյան շիճուկում հայտնաբերվում է ավստրալիական անտիգեն։

Կազմաբանական փոփոխությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրոնիկական հեպատիտի ժամանակ լյարդի չափերը մեծանու են, թաղանթապատիճը դիֆուզ կամ օջախային կպումների պատճառով ստանում է սպիտակ գույն, հետագայում հեպատոցիտների ռեգեներացված հանգույցների` թաղանթապատիճից երևալու հետևանքով դառնում է խայտաբղետ։ Դրանից հետո աստիճանաբար լյարդը սկսում է փոքրանալ, մակերեսը հանգույցների պատճառով դառնում է անհարթ (լյարդի այս վիճակը համարվում է ցիռոզի սկսման նախաշրջանը)։

Մանրադիտակային հետազոտությամբ` խրոնիկական հեպատիտի ժամանակ լյարդի բլթակային կառուցվածքը պահպանված է, երբ դիտվում է հեպատոցիտի թույլ արտահայտված վակուոլային, հիդրոպիկ, հատիկավոր, հազվադեպ նաև ճարպային դիստրոֆիա։ Ինֆիլտրատիվ խրոնիկական հեպատիտի ժամանակ դռներակային դաշտերը օջախային բնույթի չափավոր կարմրած են։ Խրոնիկական հեպատիտի ախտաբանական անատոմիական փոփոխությունները կապված են լյարդի վրա թունային գործոնի ազդեցության ինտենսիվության և տևողության հետ, կարող են երկար ժամանակ կայուն բնույթ ունենալ, հետաճել կամ զարգանալ։

Կազմափոխված խրոնիկական հեպատիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմափոխված խրոնիկական հեպատիտի ժամանակ ինֆիլտրացիան լինում է դռներակային և շուրջդռներակային դաշտերում, ներբլթային հենքը ենթարկվում է կալոգենիզացիայի, խանգարվում է բջջի թաղանթի ամբողջականությունը։ Կուպֆերային բջիջները ակտիվանում են, դիտվում է նաև մանր լեղուղիների պրոֆերացիա։

Խրոնիկական բարորակ հեպատիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրոնիկական բարորակ հեպատիտը կազմաբանորեն բնորոշվում է դռներակային և շուրջդռներակային գոտիներում բջիջների դիստրոֆիկ և օջախային նեկրոզով, շուրջբլթային տիպի չափավոր ցիռոզի երևույթներով։

Ագրեսիվ խրոնիկական հեպատիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագրեսիվ խրոնիկական հեպատիտը բնորոշվում է լյարդի բջիջների դիստրոֆիայով և շարակցական հյուսվածքի բորբոքային-պրոլիֆերատիկ պրոցեսներով։ Բորբոքային ինֆիլտրատը լյարդի տարբեր հատվածներում տեղաբաշխված է ոչ հավասարաչափ, զուգորդվում է լյարդային երակների բորբոքումների հետ։ Կախված շարակցական հյուսվածքի աճի տեմպերից խրոնիկական հեպատիտը կարող է ոնենեալ 2 արտահայտություն` մանր օջախային կարծրացնող և անհավասարաչափ կարծրացող։

Լյուպոիդ հեպատիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուպոիդ հեպատիտի համար բնորոշ է դռներակային և շուրջդռներակային դաշտերի և ներբլթային հենքի, երբեմն պարենխիմայի` հիստիոցիտներով, լիմֆոիդ տարրերով, պլազմատիկ բջիջներով և ֆիբրոբլաստներով խիստ արտահայտված ինֆիլտրացիան։ Դռներակային դաշտերը լայնացած են, որոշ դեպքերում բլթային կառուցվածքը խանգարված է։ Պարենխիմատոզ բջիջներում տեղի է ունենում սպիրտային դիոտրոֆիա, հեպատոցիտների դեգեներացիա` նեկրոզի օջախներով։ Ի վերջո պատկերը նմանվում է հետնեկրոտիկ ցիռոզի։

Խրոնիկական լեղականգային հեպատիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրոնիկական լեղականգային հեպատիտին բնորոշ է ինֆիլտրատիվ կամ կազմափոխված հեպատիտի ախտահյուսվածաբանական նշանների զուգորդումը, ներլյարդային լեղուղիների ախտահարման և լեղու կանգի հետ։ Հիվանդության երկարատևության դեպքում լեղուղիների և լյարդի բլթակների շուրջ առաջանում է ֆիբրոզ, որը հարուցում է բիլիար ցիռոզ։

Այս հիվանդությամբ կարող են տառապել բոլոր տարիքային խմբերը։ Հատկապես տարածված է երիտասարդների շրջանում։ Խրոնիկական հեպատիտի համար հատուկ ախտանիշներ չկան, բայց հաճախ ընթանում են ասթենո-վեգետատիվ, դիսպեպտիկ և լեղականգային համախտանիշներով։ Կախված հիվանդության հիվանդության շրջանի և ախտաբանական ակտիվության հետ, այն կարող է ընթանալ մի շարք տարբերակներով և առաջացնել խառը կլինիկական պատկեր։ Հիվանդությունն ընթանում է սրացումների և հանդարտումների շրջաններով։ Սրացումներն առաջանում են զուգորդված ինֆեկցիոն հիվանդություններից, դիետայի խախտումներից, ֆիզիկական կամ նյարդային լարվածության, արևահարության կամ ցրտահարության հետևանքով, վիրահատումից հետո, դեղորայքի չարաշահոըմից և այլն։ Խրոնիկական հեպատիտի պասիվ փուլերում լյարդը կարող է մնալ մեծացած, բայց ֆունկցիաները լինեն նորմալ։ Խրոնիկական հեպատիտով տառապողների մեծ մասը լավանում է, 25-30%-ի մոտ հեպատիտը կարող է անցնել ցիռոզի` հաճախ նրա հետնեկրոտիկ և խառը, ավելի քիչ` դռներակային և հազվադեպ` բիլիար ձևերի։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հ. Բ. Բաղդասարյան– Մարսողական օրգանների հիվանդություններ, Երևան, 1984, 422