Կարմիր Քուրդիստան
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Կարգավիճակ | ԽՍՀՄ գավառ |
Մտնում է | Ադրբեջանական ԽՍՀ |
Վարչկենտրոն | Լաչին |
Հիմնական լեզու | Ռուսերեն (պաշտոնական) |
Բնակչություն (1926) | 51.426 |
Ազգային կազմ | Քրդեր (37.182) Ադրբեջանցիներ (13.745) |
Հիմնադրված է | Հուլիսի 16 1923 թ. թ. |
Կարմիր Քուրդիստան (Քրդական գավառ, ռուս.՝ Курдистанский уезд, քրդ.՝ Köpдьстана Сор, ադրբ.՝ Qizil Kürdistan), վարչական միավոր Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, որը գոյություն է ունեցել 1923 թվականի հուլիսի 16-ից մինչև 1929 թվականները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարսկաստանի Սեֆյանների դինաստիան ներկայացնող շահերը, հիմնական հայկական տարածքներից անջատելու եղանակով ցանկանալով թուլացնել Խամսայի հայկական հինգ մելիքություններից կազմված դաշինքը, քրդական մի շարք ցեղերի տեղափոխում և բնակեցնում են Խամսայի մելիքների հիմնական տարածքի ու Զանգեզուրի միջև (ներկայիս Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջան և Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատված)։
Ռուս գիտնական Ե. Պչելինան, 1924 թվականին գիտական հետազոտություններ կատարելու նպատակով այցելելով նորաստեղծ գավառ, հայտարարել էր, որ մինչև միջին դարեր և ավելի ուշ այնտեղ բնակվել է հայ բնակչություն։ Ըստ նրա՝ այդ մասին են վկայում իր կողմից հայտնաբերված պատմական հուշարձանները։ Շրջանից հայ ազգաբնակչության հեռացման մասին կարելի էր հանդիպել այնտեղ բնակություն հաստատած քրդերի ժողովրդական հեքիաթներում և ժամանակագրություններում, որտեղ ասվում էր քրդերի եկվոր լինելու մասին[1]։
Առաջին անգամ շրջանին «Քուրդիստան» անվանումը տրվել է 1921 թվականին։
Քրդական գավառի ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականի հուլիսի 7-ին Արցախի պատմական տարածքի մի հատվածի վրա ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ), որին զուգահեռ՝ հուլիսի 16-ին արհեստականորեն կազմավորվեց Կարմիր Քուրդիստանը։ Վերջինիս ստեղծման նպատակն էր Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև ցամաքային կապի վերացումը, ինչպես նաև այդ տարածքը ԼՂԻՄ-ի մեջ չընդգրկելը։ 1929 թվականին Կարմիր Քուրդիստանը վերացվեց, և տարածքն ուղղակիորեն մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ[2][3]։
Կարմիր Քուրդիստանի տեղում 1930 թվականի մայիսի 25-ից օգոստոսի 8-ը եղել է Քրդական շրջան` Լաչին վարչական կենտրոնով։
1937 թվականին տեղի ունեցավ Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ներից քրդերի արտաքսումը դեպի Միջին Ասիա և Ղազախստան։ 1944 թվականին նշված վայրեր արտաքսվեցին նաև Վրացական ԽՍՀ-ում բնակվող քրդերը, ինչպես նաև թուրք-մեսխեթներն ու համշենահայերը[4]։ Շրջանի վարչատարածքային վերացումից հետո այն մնացել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։
Արցախյան պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը, Քարվաճառի ազատագրման ռազմագործողության շրջանակներում տարածաշրջանից դուրս մղելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին, իրենց վերահսկողությունն են սահմանել և այնտեղ։ Ներկայում Կարմիր Քուրդիստանի տարածքը, որը հայկական պատմական Արցախի մի հատվածն էր զբաղեցնում, հանդիսանում է Արցախի Հանրապետության տարածք՝ ընդգրկելով Քարվաճառի շրջանն ու Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածը։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրդստանի գավառը վարչատարածքային առումով բաժանված է եղել 6 վարչական միավորների։ Գավառի վարչական կենտրոնը եղել է Լաչին քաղաքը, որը մինչև 1923 թվականը ունեցել է գյուղի կարգավիճակ։
Կարմիր Քուրդիստանի գրեթե բոլոր պետական հաստատությունները տեղակայված էին շրջանից դուրս՝ Շուշի քաղաքում[5]
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն վիճակագրական տվյալների՝ 1926 թվականին Քրդստանի գավառում բնակվել է 51.426 մարդ, որոնց 72.3%-ը (37.182) եղել են քրդեր, 26.7%-ը (13.745)՝ թուրքեր (ադրբեջանցիներ), 0.7%-ը (373)՝ հայեր[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Е. Г. Пчелина. По Курдистанскому уезду Азербайджана, 1932г.(ռուս.)
- ↑ «Արցախ պատմությունը Արցախի Հանրապետության ՄԻՊ կայքում։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.()։
- ↑ Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական փաստարկները ԼՂԻՄ կազմավորման և Ադր. ԽՍՀ կազմից դուրսբերման շրջանի փաստաթղթերում (1923-1989թթ.), Հրայր Փաշայան, (արխիվացված 14․01․2022թ․):
- ↑ Россия и проблема курдов. Արխիվացված 2017-04-19 Wayback Machine(ռուս.)
- ↑ Арсен Мелик-Шахназаров. Нагорный Карабах: Факты против лжи. Глава 2. Шагреневая кожа Закавказья.(ռուս.)
- ↑ Этнокавказ. Национальный и языковой состав Курдистанского уезда по переписи 1926.(ռուս.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր Քրդստան. կազմավորման և լուծարման աշխարհաքաղաքական ասպետները, Դավիթ Բաբայան։ «21-րդ դար», թիվ 4(10), 2005թ. (հայ.), (ռուս.):
|