Jump to content

Հայերը Երուսաղեմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին Երուսաղեմի հայկական թաղամասերից մեկը

Հայերը Երուսաղեմում հաստատվել են վաղնջական ժամանակներից։ Նրանց ներկայությունը վկայված է դեռևս նախաքրիստոնեական ժամանակներում՝ պատմական հեռավոր անցյալում։

Որպես ձևավորված համայնք, Երուսաղեմի հայկական համայնքը Միջնադարից մինչ օրս գործում է։ Սկզբնական ժամանակներում Երուսաղեմ մեկնել են հիմնականում հայ ուխտագնացներ և հոգևորականներ, ովքեր այցելում էին Հիսուս Քրիստոսի գերեզմանին։ Բացի այդ, Երուսաղեմ էին մեկնում նաև հայ ուսանողներ և առևտրականներ։

Դրանից հետո նրանց հիմնական մասը հաստատվեց քաղաքում։

Այսօր Երուսաղեմում բնակվում է շուրջ 3 հազար հայ՝ հիմնականում արհեստավորներ, բժիշկներ, ձեռնարկատերեր, հոգևորականներ, մտավորականներ։ Այստեղ է գտնվում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը՝ Սրբոց Հակոբյանց վանքով ու վանքապատկան կալվածքներով, հայկական տպարանով։

Երուսաղեմը հայ մշակույթի և մատենագիտության կենտրոններից է։ Սրբոց Հակոբյանց վանքի թանգարանում պահվում են տարբեր ժամանակներում ուխտավորների ձեռքով Երուսաղեմ բերված հայ վարպետների պատրաստած ոսկե, արծաթե, փայտե իրեր, ձեռագրակազմեր, կանթեղներ, վարդապետական և եպիսկոպոսական գավազաններ, Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ի մականը, Թորոս Ռոսլինի նկարազարդ ձեռագրերի հիմնական մասը։ Վանքի ձեռագրատանը պահվում է հայերեն ձեռագրերի՝ աշխարհում երկրորդ հավաքածուն։

Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, հայապահպանությանը աջակցում են Հայկական բարեսիրական, Հայ երիտասարդաց միությունները, «ՀԵՄ» եռամսյա թերթը, «Սիոն» գրական ամսագիրը։

Գործում են երգի-պարի, թատերական խմբեր, Երուսաղեմի ժառանգավորաց և Սրբոց թարգմանչաց վարժարանները։ Փոքրաթիվ հայեր են ապրում նաև Իսրայելի այլ քաղաքներում

Հայկական աղոթատեղի Երուսաղեմում

6-րդ դարում Երուսաղեմ է այցելում վարդապետ Անաստասը, ով ուխտագնացությունից բացի Երուսաղեմ էր եկել որոշ ուսումնասիրությունների համար։ Ըստ նրա վկայության, Երուսաղեմի հայակական եկեղեցիների թիվը հասնում է յոթանասունի։

Վիկտոր Ազարիայի «Երուսաղեմի հայկական թաղամասը» աշխատությունում նշվում է, որ Հին Երուսաղեմում հայերը ունեցել են իրենց առանձին թաղամասը։

Արաբական նվաճումներից հետո Երուսաղեմում ստեղծված իրադրությունը հայ համայնքի համար ավելի բարեկեցիկ էր, քանի Բյուզանդիայի կառավարության շրջանում։

7-11-րդ դարերում Երուսաղեմի վրա իշխող արաբ և իսլամադավան այլ իշխանավորներ ճանաչել են հայ համայնքի ինքնուրույնությունն ու նրա իրավունքները որոշ քրիստոնեական սրբավայրերի նկատմամբ։ 11-րդ դարում Երուսաղեմի հայկական թաղամասը, որը հին քաղաքի չորս թաղամասերից մեկն է, արդեն իսկ զբաղեցրել է իր ներկայիս (շուրջ 120000 մ) տարածքը։ Կիլիկյան հայոց թագավորների օրոք հայերն ավելի են ամրացել Երուսաղեմում Քաղաքի հայ բնակչությունն ավելացել է 11-րդ դարի վերջին-12-րդ դարի սկզբին, երբ այն նվաճել են խաչակիրները, որոնց բանակում եղել են հայեր Կիլիկիայից և Սիրիայից։ Կիլիկիայի Թորոս Բ իշխանապետի (1145-1169) և Երուսաղեմի թագավոր Ամալրիխի (1162-1173) միջև բանակցություններ են վարվել 30 000 հայերի Կիլիկիայից Պաղեստին վերաբնակեցնելու վերաբերյալ (Երուսաղեմի թագավորության ռազմական ուժը մեծացնելու նպատակով)։

Երուսաղեմում բնակվող հայերը հիմնականում կենտրոնացած էին քաղաքի փողոցներից մեկում, որը կոչվում էր Հայկական։ Պատմիչները վկայում են, որ այդ շրջանում Երուսաղեմում հաստատված հայկական միաբանության անդամների թիվը հասել է 500-ի, իսկ աշխարհիկ բնակչությունը շուրջ 1000 ընտանիք էր։