Jump to content

Հյուսիսային սառուցյալ օվկիանոս (նկար, Ֆրիդրիխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային սառուցյալ օվկիանոս
տեսակգեղանկար
նկարիչԿասպար Դավիդ Ֆրիդրիխ[1]
տարի1820[2]
բարձրություն96,7 սանտիմետր
լայնություն126,9 սանտիմետր
ուղղությունռոմանտիզմ[1]
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՀամբուրգի պատկերասրահ
հավաքածուՀամբուրգի պատկերասրահ
https://online-sammlung.hamburger-kunsthalle.de/de/objekt/HK-1051 կայք
Ծանոթագրություններ
 Das Eismeer by Caspar David Friedrich Վիքիպահեստում

«Հյուսիսային սառուցյալ օվկիանոս» (գերմ.՝ Das Eismeer), գերմանացի գեղանկարիչ, գրաֆիկ և գծանկարիչ, գերմանական վաղ ռոմանտիզմի ներկայացուցիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1823-1824 թվականներին։ Յուղաներկով կտավի չափերն են 96.7 × 126.9 սմ։

Այսօր «Հյուսիսային սառուցյալ օվկիանոս» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Համբուրգի պատկերասրահում (Համբուրգ, Գերմանիա

«Հյուսիսային սառուցյալ օվկիանոս» ստեղծագործությունում պատկերված է նավաբեկության տեսարան արկտիկական մեծաբեկոր սառույցների մեջ, որոնք նման են բազմակուտակ դոլմենի կամ միակտոր գերեզմանի՝ սուր ծայրերը երկինք հառած։ Աջից խորտակված նավի նավախելն է երևում, որի վրա կա գրություն՝ «HMS Griper»․ այն փաստում է, որ նավը սըր Ուիլյամ Էդվարդ Փարրիի 1819-1820 և 1824 թվականների արշավախմբի մասնակից նավերից է։

Կասպար Դավիդ Ֆրիդրիխն այս թեմայով վրձնել է երկու կտավ, որից ավելի հինն այժմ կորսված է։ Այն 1822 թվականին ցուցադրվել է Դրեզդենի գեղարվեստի ակադեմիայում «Նավաբեկություն Գրենլանդիայի ափերին լուսնկա գիշերին։ Հեղինակի երևակայությունը» անվանումով[3]։

«Հյուսիսային սառուցյալ օվկիանոս» ստեղծագործությունն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 1824 թվականին Պրահայի գեղարվեստի ակադեմիայում «Արկտիկական ծովի նավաբեկությունը սառցի բազմակուտակ զանգվածներով իդեալականացված նկար»[4] անվանումով։

Դավիդ Ֆրիդրիխի ունեցվածքի նկարագրությունում կտավը կոչվել է «Սառցե նկար։ Դեպի Հյուսիսային բևեռ արշավախմբի աղետը»[5]։

Կոլեկցիոներ Յոհան Գոտտլոբ ֆոն Քվանդտը հեղինակին պատվիրել է երկու կտավ, որոնք պետք է խորհրդանշեին հարավային և հյուսիսային բնությունները։ Դրանցից առաջինը՝ «Հարավային բնությունն իր առատությամբ և փառահեղ փարթամությամբ»[6] անվանումով բաժին հասավ գեղանկարիչ Յոհան Մարտին ֆոն Ռոդենին, իսկ երկրորդը՝ «Հյուսիսային բնությունն իր ողջ սարսափելի գեղեցկությամբ»[7] անվանումով՝ Կասպար Դավիդ Ֆրիդրիխին։ 1821 թվականին ռուս գրող, ռուսական ռոմանտիզմի հիմնադիրներից, թարգմանիչ, քննադատ Վասիլի Ժուկովսկին նամակում վկայում է, որ «Ֆրիդրիխն ինքը չգիտի թե ինչ նկարի․ նա սպասում է ներշնչանքի, որն հաճախ այցելում է քնած ժամանակ»[8]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հյուսիսային սառուցյալ օվկիանոս» նկարը տպավորել է ֆրանսիացի քանդակագործ Պիեռ-Ժան Դավիդին, երբ վերջինս 1834 թվականին այցելել է Դրեզդեն։ Քանդակագործն այսպես է արտահայտվել նկարի մասին[8]

«Ֆրիդրիխի ոգին մռայլ է։ Նա անըստգյուտ ձևով զգում է, թե ինչպես բնապատկերին փոխանցել բնության ահեղ պայքարը»։
- Պիեռ-Ժան Դավիդ

Ընդհանուր առմամբ նկարի կոմպոզիցիան գնահատվել է որպես չափազանց ռադիկալ։ Կտավը չի գնվել ոչ ոքի կողմից ընդհուպ մինչև հեղինակի մահը՝ 1840 թվականը[9]։

XX դարում «Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը» էական ազդեցություն է թողել կանադացի գեղանկարիչ Լորեն Հարիսի վրա[10]։

Ամերիկացի քննադատ Ռասել Փոթերը նկարն անվանել է «արկտիկական բարձրակետ», որից ազդվել են Ֆրեդերիկ Էդվին Չըրչն ու Ուիլյամ Բրեդֆորդը[11]։

Ամերիկացի ճարտարապետ Թոմ Մեյնը «Հյուսիսային սառուցյալ օվկիանոս» ստեղծագործությունը համարում է ճարտարապետության, բնանկարի և բնության դինամիկ հարաբերությունների կարևորագույն արտացոլում[12]։

Նկարն արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հյուսիսային սառուցյալ օվկիանոս» նկարը հայտնվել է բրիտանական The Mekons խմբի «The Mekons: Honky Tonkin» (1987) և «Return to the Sea» (2006) ալբոմների շապիկներին։ Նկարն օգտագործվել է նաև «Islands» ինդի ռոք խմբի կողմից[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. https://online-sammlung.hamburger-kunsthalle.de/de/objekt/HK-1051
  3. «Ein gescheitertes Schiff auf Grönlands Küste im Wonne-Mond. Eigene Erfindung»
  4. «Ideale Szene eines arktischen Meeres, ein gescheitertes Schiff auf den aufgetürmten Eismassen»
  5. «Eisbild. Die verunglückte Nordpolexpedition»
  6. «Die südliche Natur in ihrer üppigen und majestätischen Pracht»
  7. «Natur des Nordens in der ganzen Schönheit ihrer Schrecken»
  8. 8,0 8,1 Schmied: Caspar David Friedrich
  9. «Friedrich, Caspar David». Web Gallery of Art. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  10. Larisey, Peter: «Light for a Cold Land: Lawren Harris’s Life and Work». Dundurn, 1993. 14. 1-55002-188-5
  11. Potter, Russell A. Arctic Spectacles: The Frozen North in Visual Culture, 1818—1875 (Seattle: University of Washington Press, 2007), pp. 57-59 0-295-98679-4
  12. «Heritage Transformed with Thom Mayne». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  13. «Islands - Return To The Sea (CD, Album) at Discogs». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Helmut Börsch-Supan, Karl Wilhelm Jähnig: Caspar David Friedrich. Gemälde, Druckgraphik und bildmäßige Zeichnungen. Prestel Verlag, München 1973, ISBN 3-7913-0053-9 (Werkverzeichnis)
  • Johannes Grave: Caspar David Friedrich und die Theorie des Erhabenen. Friedrichs „Eismeer“ als Antwort auf einen zentralen Begriff der zeitgenössischen Ästhetik. VDG-Verlag, Weimar 2001, ISBN 3-89739-192-9
  • Werner Hofmann (Hrsg.): Caspar David Friedrich 1774–1840. Kunst um 1800. Ausstellung der Hamburger Kunsthalle 14. September bis 3. November 1974. Prestel Verlag, München 1974, ISBN 3-7913-0095-4 (Ausstellungskatalog zur gleichnamigen Ausstellung)
  • Werner Hofmann: Caspar David Friedrich. Naturwirklichkeit und Kunstwahrheit. C.H. Beck Verlag, München 2000, ISBN 3-406-46475-0
  • Helmut R. Leppien: Caspar David Friedrich in der Hamburger Kunsthalle, Gerd Hatje Verlag, Stuttgart 1993, ISBN 3-7757-0455-8
  • Peter Rautmann: Caspar David Friedrich. Das Eismeer. Durch Tod zu neuem Leben. Fischer Verlag, Frankfurt a. M. 2001, ISBN 3-596-10234-0 (Monografie)
  • Wieland Schmied: Caspar David Friedrich. DuMont Verlag, Köln 1992, ISBN 3-8321-7207-6
  • Staatliche Kunstsammlungen Dresden (Hrsg.): Caspar David Friedrich und sein Kreis. Ausstellung im Albertinum vom 24. Dezember 1974 bis 16. Februar 1975, VEB Verlag der Kunst, Dresden 1974, ohne ISBN (Ausstellungskatalog zur gleichnamigen Ausstellung)
  • Detlef Stapf: Caspar David Friedrich. Die Biographie. Okapi Verlag, Berlin 2019, ISBN 978-3-947965-02-1.
  • Wolfgang Stechow: Caspar David Friedrich und der ‚Griper‘. In: Festschrift für Herbert von Einem zum 16. Februar 1965. Gebrüder Mann Verlag, Berlin 1965, S. 241–246.
  • Norbert Wolf: Caspar David Friedrich. Taschen-Verlag, Köln 2003, ISBN 978-3-8228-1958-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային սառուցյալ օվկիանոս (նկար, Ֆրիդրիխ)» հոդվածին։