Հսկայական ձեռքի ֆենոմեն
Հսկայական ձեռքի ֆենոմեն (անգլ.՝ giant hand), ավիացիոն հոգեբանության մեջ տարածված տարածական կողմնորոշման խախտում, որի դեպքում օդաչուին թվում է, թե թռիչքի ղեկավարմանը մասնակցում են որոշակի կողմնակի ուժեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆենոմենը նկարագրել են Մալկոլմը և Մանին[1], այլ տվյալներով՝ օդաչու և բժիշկ Ն․ Քինգը[2]։ Նա բացատրում է, թե ինչու են շատ օդաչուներ համառորեն մնացել ապակողմնորոշված, թեև գիտակցել են այդ փաստը և ի վիճակի են եղել քայլեր ձեռնարկել ինքնաթիռի ղեկավարումը չկորցնելու համար[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ազդեցությանը ենթարկվող օդաչուն կեղծ զգացողություն է ունենում, թե ինքնաթիռը սխալ է արձագանքում իր գործողություններին․ հենց որ օդաչուն փորձում է այն բերել անհրաժեշտ դիրքին, նրան թվում է, թե օդանավն ընդունում է այլ, ավելի կայուն դիրք[3]։ Երկայնակի սռնիի ապակողմնորոշման դեպքում օդաչուին կարող է թվալ, որ «հսկայական ձեռքը» բռնում և բաց է թողնում ինքնաթիռի թևը, իսկ լայնակի սռնիի ապակողմնորոշման դեպքում թվում է, թե այդպիսի մի ուժ իջեցնում է ինքնաթիռի առաջամասը[1]։
Հանդիպման հաճախություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հսկայական ձեռքի» պատրանքը բավականին հաճախ հանդիպող երևույթ է․ համաձայն հետազոտությունների՝ այն զգացել է հարցմանը մասնակցած օդաչուների 15%-ը[1]։ Այն օդաչուները, ովքեր առաջին անգամ են բախվում այս խնդրին, կարող են չհասկանալ տվյալ իրավիճակի պատճառը և հայտնվել փակուղու առջև։ Այդ իսկ պատճառով ինքնաթիռի տիրապետումը կորցնելու մասին հաղորդագրությունը ոչ միշտ է վկայում անսարքության մասին․ դրա իրական պատճառը կարող է լինել տարածության մեջ օդաչուի ապակողմնորոշվածությունը։
Պատճառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆենոմենը հասկանալու համար անհրաժեշտ է գիտակցել, որ անձի կողմնորոշումը կախված է տարածության մեջ իր դիրքի և շարժումների ոչ միայն գիտակցական, այլև անգիտակցական իրազեկվածությունից՝ պրոտոպատիկ զգայունությունից, որն անհրաժեշտ է նաև ռեֆլեկտիվ բնույթի կամային շարժումների համար։ Գիտակցական կողմնորոշումը իմաստալից է, քանի որ ենթակա է ճշգրտման, կարելի է ստուգել դրա հավաստիությունը, համարել ոչ ստույգ՝ այլ զգայարանների միջոցով ստացվող տեղեկատվության հետ համադրելու արդյունքում։ Ի տարբերություն դրա՝ դիրքի անգիտակցական զգայությունը համարվում է իռացիոնալ, կազմված է ուղեղաբնի և ուղեղիկի կողմից կողմնորոշման առաջնային զգայության արդյունքում ստացվող տեղեկատվությունից և չի ենթարկվում ռացիոնալ փոփոխության[1]։
Անգիտակցական զգայության միջոցով ստացվող տեղեկատվությունը հիմք է հանդիսանում ինչպես կողմնորոշման ռեֆլեքսների, այնպես էլ կամային շարժումների իրականացման համար։ Այդ պատճառով վերջինների արդյունքը հաճախ կարող է տարբերվել ռացիոնալ տեսանկյունից ակնկալվողից, եթե այն տեղեկատվությունը, որի վրա հիմնվում է օդաչուն, չի համընկնում ռացիոնալ ընկալվողի հետ։ Ապակողմնորոշված օդաչուն կարող է փորձել գիտակցաբար փոխել ինքնաթիռի թեքության անկյունը, սակայն իր օրգանիզմի գործունեությունից կախված չգիտակցվող տեղեկատվությունը կարող է ցույց տալ, որ այդպիսի շարժումը կլինի անարդյունավետ, նույնիսկ՝ վտանգավոր։ Կամ էլ օդաչուն կարող է նկատել, որ ինքնաթիռի դիրքը փոխելուն ուղղված գործողությունն անհրաժեշտ է կրկնել, քանի որ ձեռքի ենթագիտակցաբար ղեկավարվող շարժումները մեխանիկորեն ինքնաթիռը վերադարձնում են նախկին դիրքին՝ չնայած վերահսկողությունը թարմացնելուն ուղղված գիտակցական փորձերին և գործողություններին։ Այդ կերպ տարածության մեջ դիրքի անգիտակցական ընկալումը ներգործում է ոչ կամային և կամային շարժումների ընդհանուր վերջնական ուղու վրա և հանգեցնում «հսկայական ձեռքի» պատրանքին[1]։
Ֆենոմենի կանխարգելում և գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատրանքի առաջացումից խուսափելու համար օդաչուն պետք է սահմանազատի կամային գործողությունները ավտոմատացված վարքագծից։ Այդ նպատակով դրա ի հայտ գալուն պես խորհուրդ է տրվում ղեկանիվը կառավարել բթի և ցուցամատի օգնությամբ, այլ ոչ թե ամբողջ ձեռքով[1]։ Օդաչուների համար նախատեսված ամերիկյան ուղեցույցն առաջարկում է պատրանքը վերացնելու նպատակով կարճ ժամանակով բաց թողնել ղեկանիվը, ինչպես նաև կիսում է այն օդաչուների հաջողված փորձը, ովքեր պատրանքի ժամանակ ղեկանիվը կառավարել են միայն մատների ծայրերով կամ նույնիսկ ծնկներով։ Ընդ որում, ղեկանիվը նորից նույն ձևով բռնելու արդյունքում պատրանքի ազդեցությունը կրկնվել է[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Jeffrey R. Davis, Robert Johnson, Jan Stepanek. Giant hand // Основы аэрокосмической медицины = Fundamentals of Aerospace Medicine. — Philadelphia: Lippincott Williams & Wilkins, 2008. — С. 186. — 724 с. — ISBN 978-0-7817-7466-6
- ↑ «Перевёрнутый мир: стоим ли мы на пороге «психологической мутации»?». Наука и техника (ռուսերեն). pravda.ru. 21.10.2003. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Четверть всех авиакатастроф происходит из-за иллюзий пилотов». Новости (ռուսերեն). Аудиторский центр Оценка Рисков. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Joint Aerospace Physiology Student Guide. Naval Air Training Command, 2002. С. 54. (անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Joint Aerospace Physiology Student Guide. Naval Air Training Command, 2002. С. 54. (անգլ.)
- T. J. Lyons, C. G. Simpson. The giant hand phenomenon. Aviat Space Environ Med 1989;60:64-6. (անգլ.)
- K. Sixsmith. The break-off phenomenon: a survey of RAF and other military aircrew [Dissertation]. University of East London, 2001. 64 с. (անգլ.)
- Lisa F. Weinstein, Fred H. Previc, Carl G. Simpson, Terence J. Lyons, Kent K. Gillingham. A Test of Thumb and Index Finger Control in Overcoming a Visual Analogue of the Giant Hand Illusion(չաշխատող հղում). School of Aerospace Medicine Brooks AFB TX. Отчёт, апрель 1991. (անգլ.)