Մեղրու շրջան
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Հայկական ԽՍՀ → Հայաստան |
Վարչկենտրոն | Մեղրի |
Խոշորագույն քաղաք | Մեղրի |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (1987) | 34 600 |
Խտություն | 22,7 |
Ազգային կազմ | Հայեր, ադրբեջանցիներ |
Տարածք | 663,6 (2,2 %) |
Հիմնադրված է | 1930-1995 թ. |
Պատմական շրջան(ներ) | Սյունիք |
Մեղրու շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Սյունիքի մարզի հարավում։ Գտնվել է ՀԽՍՀ հարավ-արևելքում։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Սահմանակից է Ադրբեջանական ԽՍՀ-ին և Նախիջևանի Ինքնավար ԽՍՀ-ին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Տարածությունը 663,6 քառ. կմ էր, բնակչությունը՝ 15 100 մարդ (1987), խտությունը՝ ավելի քան 22,7 մարդ քառ.կմ։
Բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական կենտրոնն էր միակ քաղաք Մեղրին։ Ուներ նաև մեկ քաղաքատիպ ավան՝ Ագարակը, 1 քաղաքային, 1 ավանային և 8 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝
- Ալդարա (2006 թվականից` Ալվանք)
- Այգեձոր (նախկինում՝ Փուշկագ)
- Գուդեմնիս
- Էրնաձոր - ապաբնակեցվել է 1960-ականներին
- Թաղամայրի - ապաբնակեցվել է 1940-ականներին
- Թեյ - ապաբնակեցվել է 1943 թ.
- Լեհվազ
- Լիճք
- Լիճքվազ - վերածվել է ամառանոցի
- Կալեր - ապաբնակեցվել է 1960-ականներին
- Կարճևան
- Կուրիս
- Մալև - միացվել է Ալդարա գյուղին
- Մալև Վերին - 1954 թվականին միացվել է Մալև գյուղին
- Մարալզամի (2006 թվականից` Թխկուտ)
- Նյուվադի (2006 թվականից` Նռնաձոր)
- Շվանիձոր
- Վանք - 1960-ականներին ապաբնակեցվել է
- Վահրավար
- Վարդանիձոր
- Տաշտուն
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղրու շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Մեղրու շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Արևիք գավառը։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, 987-1170 թվականը՝ Սյունիքի թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։
Պարսկական տիրապետության ժամանակ եղել է Երևանի կուսակալության, ապա՝ Նախիջևանի ու Ղարաբաղի խանությունների կազմում։ 1720-ական թվականներին տարածքի բնակչությունը մասնակցել է Դավիթ Բեկի և Մխիթար սպարապետի ղեկավարությամբ Սյունիքի ազգային-ազատագրական շարժումներին։
Գյուլիստանի պայմանագրով (1813) Զանգեզուրը, ինչպես նաև շրջանի տարածքը անցել է Ռուսաստանին։ 1828 թվականից մտել է Ղարաբաղի գավառի կազմի մեջ։ 1868 թվականից կազմել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի մասը։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորումը, կազմել է Մեղրու գավառը։
Ճարտարապետական հուշարձաններից պահպանվել են 17-18-րդ դարերի գմբեթավոր և եռանավ բազիլիկներ (Մեղրի, Տաշտուն), կամուրջներ (Լիճք), բերդ (Մեղրի)։
1922 թվականին ստեղծված Մեղրու գավառային կոմիտեի փոխարեն 1930 թվականին ստեղծվել է շրջանի կուսակցական կազմակերպությունը։ 1987 թվականին կար 56 սկզբնական կուսակցական, 69 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնամ «Արաքս» շրջանային թերթը։
Ռելիեֆ և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղրիի շրջանը գտնվում է Զանգեզուրի հարավում, 390 մ–ից՝ (Մեղրու կիրճ) մինչև 3904 մ (Կապուտջուղ) բարձրությունների վրա։ Ունի լեռնային կտրտված մակերևույթ։ Հյուսիսում և հյուսիս-արևելքում Մեղրու լեռնաշղթան է, արևմուտքում՝ Զանգեզուրի լեռնաշղթան։ Տարածքի զգալի մասը զբաղեցնում է Մեղրու կիրճը։ Կան ոսկու, բազմամետաղային, պղնձի, մոլիբդենի, նեֆելինային սիենիտի, երկաթի, կրաքարի հանքավայրեր։ Տիրապետում են անտառային ու ալպյան մարգագետնային լանդշաֆտները։
Կլիման չոր մերձարևադարձային է, բարձրադիր մասերում՝ ցուրտ լեռնային։ Հունվարի միջին ջերմաստիճանը 1 °C-ից մինչև -12 °C է, հուլիսինը՝ 8-26 °C, տարեկան տեղումները՝ 250-700 մմ, վեգետացիայի շրջանը՝ 40- 230 օր։ Խոշոր գետը պետական սահմանով հոսող Արաքսն է։ Տարածքով են հոսում Մեղրի, Տաշտուն, Կարճևան, Մալև և այլ գետեր։ Գործում է Կարճևանի ջրանցքը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսության կարևոր ճյուղերն են հանքարդյունահանող ու սննդի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը։ Կար 6 արդյունաբերական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, պահածոների ու խճաքարերի գործարանները, գործում են «Զովունի» և «Հայգորգ» արտադր․ միավորումների մասնաճյուղերը։
Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են այգեգործությունը, պտղաբուծությունը (արևադարձային կուլտուրաների մշակությամբ հանրապետությունում գրավում է առաջնակարգ տեղ), անասնապահությունը։ Կա 8 կոլեկտիվ, 4 սովետական տնտեսություն։ Ավտոճանապարհների երկարությունը 140 կմ էր, երկաթուղին՝ 44 կմ։ Ուներ կապի հանգույց՝ 7 բաժանմունքով։
1986-87 ուսումնական տարում գործում էր 9 միջնակարգ, 4 ութամյա, 2 երաժշտական, 2 մարզական, 1 արվեստի դպրոց, 1 պրոֆտեխ․ ուսումնարան։ 1987 թվականին կար 25 գրադարան, 11 մշակույթի տուն, 6 ակումբ, 2 հիվանդանոց, 1 պոլիկլինիկա, 2 ամբուլատորիա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 450)։ |
|