Jump to content

Միջազգային հարաբերությունների Վիեննայի համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային պետությունների սահմանները Եվրոպայում՝ հաստատված Վիեննայի վեհաժողովում, 1815 թվականին:
Եվրոպական մեծ տերությունների հնգյակը 1840 թվականին:
1.Կարմիր գույնով պատկերված է Մեծ Բրիտանիան,
2.մանուշակագույնով՝ Ֆրանսիան,
3.սևով՝ Պրուսիան,
4.դեղինով՝ Ավստրիան,
5.կանաչով՝ Ռուսաստանը:

Միջազգային հարաբերությունների Վիեննայի համակարգը կամ այսպես կոչված Եվրոպական համերգի (կոնցերտի) համակարգը միջազգային հարաբերությունների մի համակարգ է, որը ձևավորվել է Նապոլեոնյան պատերազմներից հետո։ Միջազգային հարաբերությունների Վիեննայի համակարգը իրավական-օրենսդրական ամրագրում է ստացել 1814—1815 թվականների Վիեննայի վեհաժողովից (Վիեննայի կոնգրես) հետո։

Համակարգի ընդհանուր բնութագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգը շատ դինամիկ էր և բազմաբևեռ։ Այն երբեմն կոչվում է նաև «Հնգապետություն» կամ «Հնգատիրություն»՝ հունարեն՝ Pentarchie, գերմ.՝ Fünfherrschaft, շեշտելով համակարգի առաջատար հինգ պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի (1867-ից` երկմիասնական Ավստրո-Հունգարական կայսրության), Պրուսիայի (1871-ից` միավորված Գերմանական կայսրության) և Ռուսաստանի կարևորագույն դերը[1][2][3][4]։

Եվրոպական համերգը և Վիեննայի համակարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիեննայի վեհաժողովը 1815 թվականին: 1819 թվականի կտավ:
Եվրոպական համերգի «դիրիժոր» իշխան Մետեռնիխը երիտասարդ տարիքում, Վիեննայի վեհաժողովի օրերին:

Վիեննայի համաժողովով սկսված «Եվրոպական համերգը» ժամանակի ընթացքում իր արդյունավետությունը կորցրեց և, փաստացի, ավարտվեց ազգայնականության աճի, 1848 թվականի հեղափոխությունների, Ղրիմի պատերազմի, Պրուսիայի գլխավորությամբ Գերմանիայի միավորման, դրան հասնելու ճանապարհին՝ Ավստրիայի, Դանիայի, Ֆրանսիայի ջախջախման, այնուհետև՝ Իտալիայի Ռիսորջիմենտոյի, այսինքն՝ իտալական երկրամասերի՝ մեկ միասնական ազգային անկախ իտալական պետության մեջ միավորման, ինչպես նաև՝ Արևելյան Հարցի, նրա բաղկացուցիչ մասը դարձած Հայկական հարցի և բազում այլ գործոնների ազդեցությամբ։

Սակայն Վիեննայի համաժողովում հիմնադրված Միջազգային հարաբերությունների Վիեննական համակարգը իր գոյությունը շարունակեց մինչև 1914 թվականին պայթած Առաջին համաշխարհային պատերազմը։

Եվրոպական համերգը գրված կանոններ կամ մշտական մարմիններ չուներ, սակայն ճգնաժամերի ժամանակ մասնակից պետություններից յուրաքանչյուրը կարող էր առաջարկել անցկացնելու համաժողով տվյալ հիմնախնդրի լուծման համար[5]։ Մասնավորապես կայացել են Եվրոպական համերգի մասնակից մեծ տերությունների հետևյալ հանդիպումները. Էքս-լա-Շապել (Aix-la-Chapelle), 1818 թ., Կարլսբադ (Carlsbad), 1819, Տրոպպաու (Troppau), 1820, Լայբախ (Laibach), 1821, Վերոնա (Verona), 1822, Լոնդոն (London), 1832 և Բեռլին (Berlin), 1878: Դրանցից հատկապես վերջինը՝ Բեռլինի վեհաժողովը խիստ բացասական ազդեցություն ունեցավ Հայկական հարցի վրա։

Ղեկավարումը և մասնակիցները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իշխան Մետեռնիխը, Ավստրիական կայսրության կանցլերը՝ վարչապետը, և Եվրոպական համերգի ազդեցիկ առաջնորդը:

Վիեննայի վեհաժողովում, որն այդպես է կոչվել Ավստրիայի մայրաքաղաքի անունով, որտեղ անցկացվում էր այդ միջազգային կարևոր միջոցառումը, նախագահում էր Ավստրիական կայսրության արտաքին գործերի նախարար և փաստացի այդ տերության կառավարության ղեկավար, հետագայում՝ կանցլեր, իշխան Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխը։ Մասնակցում էին բոլոր եվրոպական պետությունների ներկայացուցիչները, բացառությամբ Օսմանյան կայսրության։

Ազդեցությունը եվրոպական և համաշխարհային քաղաքականության վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի համակարգի շրջանակներում առաջին անգամ ձևակերպվել է մեծ տերություններ հասկացություն (այն ժամանակ այդպիսի տերություններ էին առաջին հերթին Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Ռուսաստանը, նրանցից հետո՝ Պրուսիան, իսկ ապա՝ նաև թեպետ պարտված, սակայն դեռևս հզոր Ֆրանսիան)։

Վիեննայի համակարգի շրջանակներում վերջնականապես ձևավորվել է բազմակողմանի դիվանագիտությունը։

Շատ հետազոտողներ, այդ թվում պատմաբաններ, ռազմական պատմաբաններ, քաղաքագետներ, ռազմական քաղաքագետներ, միջազգային իրավունքի մասնագետներ, ռազմական իրավունքի մասնագետներ, Վիեննայի համակարգը համարում են հավաքական անվտանգության առաջին օրինակը, ինչը ակտուալ էր ավելի քան 35 տարի շարունակ՝ մինչև Ղրիմի պատերազմի սկսվելը։

Բացի այդ, Վիեննայի համակարգի շրջանակներում համակարգվել և միասնականացվել են դիվանագիտական աստիճանները (1. դեսպան, 2. դեսպանորդ, 3. գործերի հավատարմատար) և չորս տեսակի հյուպատոսական հաստատություններ։ Հենց Վիեննայի համակարգի շրջանակներում են սահմանվել դիվանագիտական իմունիտետը և դիվանագիտական վալիզան։

Վիեննայի համակարգի առանձնահատկությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Վիեննայի վեհաժողովը հանգուցային դեր խաղաց առաջատար եվրոպական պետությունների միջև հարաբերությունների կայուն պարադիգմայի ձևավորման մեջ։ Սկսվեց «Եվրոպական համերգի» դարաշրջանը, այսինքն՝ Եվրոպայում ստեղծվել էր այդ աշխարհամասի պետությունների միջև բալանս՝ հավասարակշռություն։ Եվրոպական համերգը հիմնված էր մեծ պետությունների ընդհանուր համաձայնության, մի տեսակ կոնսենսուսի վրա։ Այդ պետություններն էին՝ Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Պրուսիան։ Այս հինգ մեծ տերությունների միջև հարաբերությունների յուրաքանչյուր սրում կարող էր հանգեցնել միջազգային համակարգի կործանման։
  2. Ի տարբերություն Միջազգային հարաբերությունների Վեստֆալյան համակարգի՝ Վիեննայի համակարգի բաղադրատարրեր էին հանդիսանում ո՛չ միայն պետությունները, այլև՝ պետությունների դաշնախմբերը՝ պետությունների կոալիցիաները։
  3. Եվրոպական համերգի հիմքերից մեկը դարձավ ուժերի հավասարակշռության պահպանման սկզբունքը։ Դրա համար պատասխանատվությունը ստանձնել էին մեծ տերությունները։ Այդ պատասխանատվությունը կենսագործվում էր մեծ քանակությամբ միջազգային համաժողովների՝ կոնֆերանսների անցկացմամբ՝ նպատակ ունենալով կարգավորելու ծագած այն հիմնախնդիրները, որոնք սպառնալիք էին խաղաղությանը։ Նման համաժողովների շարքում կարևոր նշանակություն ունեին 1856 թվականի Փարիզի վեհաժողովը, 1871 թվականի Լոնդոնի համաժողովը, 1878 թվականի Բեռլինի համաժողովը։
  4. Ուժերի հավասարակշռության սահմաններում պետությունները կարող էին փոփոխել իրենց դաշնակիցների կազմը՝ նպատակ ունենալով ապահովելու իրենց սեփական ազգային շահերը, սակայն չխախտելով դաշինքների ընդհանուր կառուցվածքը և միջազգային հարաբերությունների բնույթը։
  5. Եվրոպական համերգը, շարունակելով մնալ մեծ տերությունների գերիշխանության, այսինքն՝ հեգեմոնիայի ձև, առաջին անգամ արդյունավետորեն սահմանափակեց նույն այդ մեծ տերությունների գործողությունների ազատությունը միջազգային ասպարեզում։
  6. Թեպետ բռնակցումը, այսինքն՝ անեքսիան և ռազմատուգանքները, այսինքն՝ կոնտրիբուցիաները շարունակում էին մնալ միջազգային գործունեության ձևերի շարքում, սական մեծ տերություններն այլևս որպես իրական նպատակ չէին դիտարկում այս կամ այն մեծ տերության մասնատումը կամ վերացումը։ Գուցե հենց դա էլ ավելի քան մեկ դար փրկեց Օսմանյան կայսրությանը լիակատար մասնատումից և վերջնական վերացումից։
  7. Վիեննայի համակարգի գոյության օրոք քաղաքական հավասարակշռություն հասկացությունն առավել լայն մեկնաբանություն ստացավ։ Շնորհիվ Վիեննայի համակարգի հաստատած ուժերի հավասարակշռության՝ Եվրոպայում պատերազմները և ռազմական բախումները ժամանակավորապես գրեթե դադարեցին, բացառյալ որոշ փոքրները։
  8. Վիեննայի համակարգը նպատակ ուներ ամրապնդելու Նապոլեոնյան պատերազմների վերջնարդյունքում հաստատված ուժերի հարաբերակցությունը, ամրագրելու ազգային պետությունների սահմանները։ Օգտվելով Վիեննայի համակարգից, և Ֆրանսիայի պարտությունից, իր ագրեսիվ արտաքին քաղաքականությամբ աչքի ընկնող Ռուսական կայսրությունը վերջնականապես իրեն կցեց Ֆինլանդիան՝ Ֆինլանդիայի Մեծ Իշխանությունը, Բեսարաբիան, այսինքն՝ Օսմանյան կայսրությունից նախկինում կախյալ Մոլդովայի իշխանության արևելյան մասը, որը գտնվում է Պրուտ և Դնեստր գետերի միջև, ինչպես նաև դեպի առաջ տարավ իր արևմտյան սահմանները՝ ի հաշիվ Լեհաստանի, որը մինչ այդ երեք անգամ բաժանման էր ենթարկվել Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի կողմից (Ռեչ Պոսպոլիտայայի բաժանումները), սակայն հետագայում հաղթական նապոլեոնյան Ֆրանսիայից ստացել էր կիսաանկախ պետության կարգավիճակ, վերածվելով Վարշավայի դքսության։ Այժմ Ռուսաստանը դարձյալ Պրուսիայի և Ավստրիայի հետ երեք մասի բաժանեց իր սլավոնական քույր երկիր Լեհաստանը՝ ստանալով Լեհաստանի կենտրոնական և արևելյան մասերը՝ Վարշավա մայրաքաղաքով, ռուսական կայսերական տիտղոսաշարին ավելացնելով Լեհաստանի թագավոր տիտղոսը։
  9. Վիեննայի համակարգը արձանագրեց Եվրոպայի նոր քաղաքական-աշխարհագրական քարտեզը, աշխարհաքաղաքական ուժերի նոր հարաբերակցությունը։ Այդ համակարգի հիմքում դրվել էր գաղութային կայսրությունների սահմաններում աշխարհագրական տարածքների վերահսկողության կայսերական սկզբունքը։ Վիեննայի համակարգի օրոք վերջնականապես ձևավորվեցին կայսրությունները՝ Բրիտանականը (1876 թվական), Գերմանականը (1871 թվական), Ֆրանսիականը (1852 թվական, երկրորդ կայսրություն. 1-ին Ֆրանսիական կայսրությունը գոյություն է ունեցել 1804-1815 թթ.): 1877 թվականին թուրքական սուլթանը ինքն իրեն շնորհեց «Օսմանների կայսր» տիտղոսը։ Ավստրիան կայսրություն էր դեռևս 1804 թվականից, հենց Ավստրիական կայսրություն անունով։ Իրականում Հաբսբուրգների գլխավորած գերմանա-ավստրիական կայսրությունը ուներ շատ ավելի հին պատմություն։ Այն հայտնի էր որպես Գերմանական Ազգի Հռոմեական Սրբազան Կայսրություն՝ 962-1806 թթ., կամ 1-ին Ռայխ։ 1867 թվականին Ավստրիան դարձավ երկմիասնական կամ դուալիստական կայսրություն՝ Ավստրո-Հունգարիա անունով։ Ռուսաստանը ինքն իրեն կայսրություն էր հռչակել դեռևս Պետրոս 1-ին Ռոմանով ցարի օրոք՝ 1721 թվականին։
  10. Չնայած քաղաքակրթությունների և մշակույթների գլոբալ մեկուսացվածության վերջին, Վիեննայի համակարգը, ինչպես և իրեն նախորդած համակարգ, ուներ եվրոպակենտրոն բնույթ։ Վեստֆալյան համակարգը սկզբում գլոբալ, այսինքն համընդգրկուն բնույթ չուներ, և ընդգրկում էր Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպան։ Հետագայում այն իր գործողության ոլորտի մեջ ներառավ նաև Արևելյան Եվրոպան, Ռուսաստանը, Միջերկրածովյան երկրները, Հյուսիսային Ամերիկան։ Վիեննայի համակարգը ընդգրկում էր, փաստացի, սոսկ եվրոպական տարածությունը, և որոշ չափով՝ այն տարածքները, որոնց համար եվրոպական համերգի առաջատար պետությունները գաղութային պայքար էին մղում կամ արդեն իսկ կառավարում էին որպես գաղութներ։ Վիեննայի համակարգի սահմաններից դուրս էր մնում Չինաստանը, որը Ափիոնային պատերազմների կամ Օպիումային պատերազմների արդյունքում, ինչպես նաև եվրոպական առաջատար պետությունների պարտադրած անիրավահավասար պայմանագրերի հետևանքով, դրվել էր կիսագաղութային վիճակում։ Ճապոնիան, որը XIX դարի երկրորդ կեսին սկսեց «բացվել» աշխարհի համար, նույնպես չէր հաղորդակից չէր արված Վիեննայի համակարգին։ Միևնույն ժամանակ Վիեննայի համակարգի ժամանակաշրջանում եվրոպական պատմությունը սկսեց աստիճանաբար վերածվել համաշխարհային պատմության։
  11. Վիեննայի վեհաժողովում պաշտոնապես չէին ամրագրվել գաղութները։ Հետագայում պայթած Առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր պատճառներից մեկը կդառնա հենց գաղութային կայսրությունների տարածքների վերաբաշխման համար պայքարը։
  12. Ակտիվորեն ընթանում էին արդիականացման գործընթացները, դրամատիրական, այսինքն՝ կապիտալիստական հարաբերությունների զարգացումը, բուրժուական հեղափոխությունները։
  13. Վիեննայի համակարգի առանձնահատկություններից էր ոչ միայն ստատուս-քվոյի պահպանման համընդհանուր շահագրգռվածությունը, այլև՝ այդ համակարգի մասնակիցների քաղաքակրթական ու արդիականացման մակարդակների տարբերությունը։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան արդեն մուտք էին գործել գիտատեխնիկական առաջընթացի գործընթացի մեջ, այնինչ Ավստրիան ու Պրուսիան այդ ոլորտում զգալիորեն ետ էին մնում, իսկ Ռուսաստանին տեխնիկական առաջընթացը դեռ գրեթե չէր հասել։
  14. Վիեննայի համակարգի զարգացման ժամանակ նրա մասնակիցները ըստ էության նույն բնույթը ունեին (միապետություններ էին), այդ իսկ պատճառով, երկար ժամանակ միջազգային հարաբերությունների այդ համակարգը միասեռ էր։
  15. Ուսումնասիրողները նշում են, որ համակարգը բացառիկ կայուն էր։ Չնայած պատերազմներին, հեղափոխություններին, միջազգային ճգնաժամերին, Միջազգային հարաբերությունների Վիեննական համակարգը գործնականում անփոփոխ մնաց։ Պահանջվեց մի ամբողջ համաշխարհային պատերազմ, որպեսզի այդ համակարգը փոխարինվի մեկ այլ՝ նոր համակարգով։ Փաստացիորեն՝ 1815 թվականից մինչև գրեթե 1914 թվականը՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելը, աշխարհի առաջատար պետությունների՝ մեծ տերությունների ցուցակը գրեթե փոփոխության չենթարկվեց։
  16. Այն սկզբունքները, որոնք ընդհանուր էին առաջատար տերությունների կառավարող վերնախավերի, այսինքն՝ էլիտաների համար, գրեթե միատեսակ էին գործում միջազգային իրադրության նրանց տեսլականներում։ Փաստորեն դա հանգեցնում էր առաջատար տերությունների ձգտմանը՝ միջազգային հարաբերությունների հիմնախնդիրները լուծել փոխզիջումների, այսինքն՝ կոմպրոմիսների, ինչպես նաև դաշնախմբային, այսինքն՝ կոալիցիոն համաձայնությունների ուղով։
  17. Եվրոպական համերգի համակարգի գոյության ժամանակը դարձավ դասական դիվանագիտության զարգացման ժամանակաշրջանը։
  18. Եվրոպական համերգի համակարգի գոյության ժամանակաշրջանում ձևակերպվել են և բոլոր քաղաքակիրթ երկրների կողմից ընդունվել հակամարտությունների խաղաղ լուծման, ինչպես նաև ռազմական գործողությունների վարման, գերիների նկատմամբ վերաբերմունքի և այլ միջազգային միասնական իրավական-օրենսդրական ակտերը։
  19. Գործնականում բոլոր եվրոպական մեծ տերությունների շահերը (բացի Մեծ Բրիտանիայից և Ռուսաստանից) կենտրոնացված էին Եվրոպայում։ Միաժամանակ աշխարհում գործուն կերպով ընթանում էր գաղութացումը՝ կոլոնիզացիան։
  20. Վիեննական համակարգը լուրջ քննության ենթարկվեց Հայկական հարցում։ Գործնականում եվրոպական մեծ տերությունների շահերի բախումը (հատկապես Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի, ապա՝ նաև միավորված Գերմանիայի), փաստացի խրախուսեց Թուրքիային՝ հայկական կոտորածները կազմակերպելիս և թույլ չտվեց հայ ժողովրդին ազատագրելու Արևմտյան Հայաստանն ու ստեղծելու միասնական անկախ ազգային հայկական պետականություն։ Հատկապես դավադիր քաղաքականություն վարվեց Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարների կողմից։ Ցարական դիվանագիտությունը, ի դեմս նրա կարկառուն ղեկավարներից մեկի՝ իշխան Լոբանով-Ռոստովսկու դեմ էր հայկական տարածքներում արմատական բարեփոխումներին և խրախուսում էր «Հայաստանն առանց հայերի» ռուսական քաղաքականությունը, որն արձակեց սուլթան Աբդուլ Համիդ II-ի ձեռքերը՝ իրագործելու արևմտահայերի 1894-1896-ի ջարդերը։ Այդ ամենն իր սարսափելի շարունակությունն ունեցավ 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին, հանգեցնելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը՝ Հայոց մեծ եղեռնին։
1815 թվականին Եվրոպայում հաստատված սահմանները։ Եվրոպայում հսկայական տարածքներ ուներ նաև Օսմանյան կայսրությունը, որը սահանակից էր Ավստրիական և Ռուսական կայսրություններին:

Ընդհանուր:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bridge, Roy (1979). «Europe's Balance of Power, 1815—1848». In Alan Sked (ed.). Allied Diplomacy in Peacetime: The Failure of the Congress 'System,' 1815-23. էջեր 34–53.
  • Winfried Baumgart: Europäisches Konzert und nationale Bewegung. Internationale Beziehungen 1830–1878. 2. Auflage. Schöningh, Paderborn, München, Wien, Zürich 2007, ISBN 978-3-506-73726-7 (= Handbuch der Geschichte der Internationalen Beziehungen. Band 6).
  • Walter Demel: Europäische Geschichte des 18. Jahrhunderts. Ständische Gesellschaft und europäisches Mächtesystem im beschleunigten Wandel (1689/1700–1789/1800). Kohlhammer, Stuttgart 2000, ISBN 978-3-17-014518-4.
  • Heinz Duchhardt: Balance of Power und Pentarchie. Internationale Beziehungen 1700–1785. Schöningh, Paderborn, München, Wien, Zürich 1997, ISBN 978-3-506-73724-3 (= Handbuch der Geschichte der Internationalen Beziehungen, Band 4).
  • Michael Sheehan: The Balance of Power. History and Theory. Routledge, London, New York, NY 1996, ISBN 978-0-415-11931-3.
  • Arno Strohmeyer: Theorie der Interaktion. Das europäische Gleichgewicht der Kräfte in der Frühen Neuzeit. Böhlau, Wien, Köln, Weimar 1994, ISBN 3-205-98216-9.
  • Jacques-Alain de Sédouy: Le Concert européen. Aux origines de l'Europe (1814-1914), Fayard, 2009, 483 p.
  • Charles Dupuis: Le Principe d'équilibre et Le Concert européen de la Paix de Westphalie à l'Acte d'Algésiras, BiblioBazaar, 2011, 538 p.
  • Strachan, Hew.: The First World War. Simon & Schuster, 2006; p. 4-6
  • Erich Eyck: Bismarck and the German Empire (1964) pp 58–68

Լրացուցիչ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ghervas, Stella (2008). Réinventer la tradition. Alexandre Stourdza et l'Europe de la Sainte-Alliance. Paris: Honoré Champion. ISBN 978-2-7453-1669-1.
  • Jarrett, Mark (2013). The Congress of Vienna and its Legacy: War and Great Power Diplomacy after Napoleon. London: I. B. Tauris & Company, Ltd. ISBN 978-1780761169.
  • Stevenson, David (2004). 1914 – 1918: The History of the First World War. Penguin Books. p. 4. ISBN 978-0-14-026817-1.
  • David Stevenson, 1914 - 1918: The History of the First World War, Penguin Books, 2004, p. 4, ISBN 978-0-14-026817-* Loemker, Leroy, 1969 (1956). Leibniz: Philosophical Papers and Letters. Reidel, 58, fn 9.
  • John M. Sherwig. "Lord Grenville's Plan for a Concert of Europe, 1797-99." The Journal of Modern History, Vol. 34, No. 3 (Settembre, 1962), pp. 284–293.
  • Georges-Henri Soutou. "Was There a European Order in the Twentieth Century? From the Concert of Europe to the End of the Cold War." Contemporary European History, Vol. 9, No. 3, Theme Issue: Reflections on the Twentieth Century (Nov., 2000), pg. 329.
  • Georges-Henri Soutou. "Was There a European Order in the Twentieth Century? From the Concert of Europe to the End of the Cold War." Contemporary European History, Vol. 9, No. 3, Theme Issue: Reflections on the Twentieth Century (Nov., 2000), pp. 330.
  • Spahn, M. (1910). Holy Alliance. In 'The Catholic Encyclopedia'. New York: Robert Appleton Company., New Advent, 1º giugno 1910. URL consultato il 21 maggio 2011.
  • Bridge, F. R. a Bullen, Roger (1980) The Great Powers and the European States System 1815–1914. Llundain: Longman.
  • Lowe, John (1988) Rivalry and Accord: International Relations 1870–1914. Llundain: Hodder & Stoughton.
  • Lowe, John (1990) The Concert of Europe: International Relations 1814–70. Llundain: Hodder & Stoughton.
  • Seaman, L. C. B. (1988) From Vienna to Versailles. Caergrawnt: Routledge.
  • David King: Wiedeń 1814. Poznań: Rebis, 2009, s. 403. ISBN 83-7510-308-3.
  • Opetushallitus: Vallan tasapaino Etälukio historia. Viitattu 28.8.2016.
  • Hovi, Kalervo: Wienin kongressista ensimmäiseen maailmansotaan, Maailman historian pikkujättiläinen, s. 658–660. Porvoo: WSOY, 1988. ISBN 951-0-15101-7.
  • NÁLEVKA, Vladimír. Koncert velmocí. Mezinárodní vztahy v letech 1871 - 1914. Praha : Triton, 2006. 333 s. ISBN 80-7254-763-1.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Walter Demel: Europäische Geschichte des 18. Jahrhunderts. Kohlhammer, Stuttgart 2000 ISBN 978-3-17-014518-4, S. 217.
  2. Winfried Baumgart: Europäisches Konzert und nationale Bewegung. Internationale Beziehungen 1830-1878 (Handbuch der Geschichte der Internationalen Beziehungen Band 6), Paderborn / München / Wien / Zürich, 1999 ISBN 978-3-506-73726-7, S. 147ff.
  3. Heinz Duchhardt: Balance of Power und Pentarchie. Internationale Beziehungen 1700–1785 (Handbuch der Geschichte der Internationalen Beziehungen Band 4), Paderborn / München / Wien / Zürich, 1997 ISBN 978-3-506-73724-3, S. 10–18.
  4. Heinz Duchhardt: Balance of Power und Pentarchie. Internationale Beziehungen 1700–1785 (Handbuch der Geschichte der Internationalen Beziehungen Band 4), Paderborn / München / Wien / Zürich, 1997 ISBN 978-3-506-73724-3, S. 8f.
  5. Stevenson, David (2004). 1914 – 1918: The History of the First World War. Penguin Books. էջ 4. ISBN 978-0-14-026817-1.