Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում
Հայոց պատմություն | |
---|---|
Նախապատմություն Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590 | |
Արատտա Մ.թ.ա. 2800~16-րդ | |
Հայասա Մ.թ.ա. 16-13-րդ | |
Վանի թագավորություն Մ.թ.ա. 9-6-րդ | |
Հին շրջան Մ.թ.ա. 590 - մ.թ. 428 | |
Երվանդունիների թագավորություն | |
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե | |
Արտաշեսյանների թագավորություն | |
Արշակունիների թագավորություն | |
Քրիստոնեության ընդունում | |
Ավատատիրության հաստատում | |
Գրերի գյուտ | |
Միջնադար 428 - 1375 | |
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն | |
Արաբական տիրապետություն | |
Բագրատունիների թագավորություն | |
Վասպուրական | |
Վանանդ, Լոռի և Սյունիք | |
Կիլիկիայի հայկական թագավորություն | |
Զաքարյան իշխանապետություն | |
Օտար տիրապետություն 1375 - 1918 | |
Խաչենի իշխանություն | |
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ | |
Թուրք-պարսկական տիրապետություն | |
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում | |
Հայոց ցեղասպանություն | |
Հայկական սփյուռք | |
Ժամանակակից պատմություն 1918 - ներկա | |
Հայաստանի առաջին հանրապետություն | |
Լեռնահայաստան | |
Խորհրդային Հայաստան | |
Արցախյան ազատամարտ | |
Հայաստան | |
Արցախի Հանրապետություն | |
Հայաստանի պորտալ |
Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում հաստատվել է 13-րդ դարի ընթացքում։ Այն հայոց պատմության մեջ կենտրոնասիական ցեղերի երկրորդ հարձակումն էր՝ սելջուկ-թյուրքերից հետո (11–րդ դար)։
Մոնղոլների տիրապետությունը Հայաստանում վերջնականապես անկում է ապրել 14-րդ դարում, երբ Հայկական լեռնաշխարհը դարձել է թուրքմենական 2 ցեղախմբերի՝ Կարակոյունլուների, ապա՝ Ակկոյունլուների տերության մասը։
Զաքարյան իշխանապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]11-րդ դարում Մերձավոր Արևելքն ասպատակած սելջուկ թուրքերը հիմնում են իրենց սուլթանություններն ու ամիրայությունները։ 12-րդ դարի ընթացքում վրաց Բագրատունիների գլխավորությամբ հայ-վրացական բանակը ազատագրում է Արևելյան Հայաստանը՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Սյունիք և Արցախ նահանգները, ինչպես նաև Վասպուրականի ու Ուտիքի մի մասը։ Հայկական հողերը Վրաց թագավորության հովանու ներքո միավորվում են, և հիմնադրվում է Զաքարյան իշխանապետությունը։
Զաքարե և Իվանե եղբայրներին չհաջողվեց վերջնական ավարտին հասցնել Հայաստանի ազատագրության գործը։ Ուժեղ հակառակորդները՝ Հայաստանի հարավում Այուբյանները, իսկ արևմուտքում Իկոնիայի սելջուկները, կասեցրին Զաքարյանների հետագա առաջխաղացումը։
Հայաստանի ազատագրված շրջանները դժբախտաբար Զաքարյան եղբայրների օրոք չվերածվեցին անկախ հայկական պետության և մաս կազմեցին Վրացական թագավորության։ Առանձին-առանձին գործող իշխանությունները թույլ էին և ի վիճակի չէին պաշտպանելու իրենց սահմանները թշնամիների ներխուժումներից։ Քոչվոր ժողովուրդների ճնշմանը դիմագրավելու մեծ հնարավորություններ չուներ նաև Վրաստանը, որը կորցրել էր երբեմնի հզորությունը։ Ուստի քաղաքական թատերաբեմում հայտնված մոնղոլները, մեկը մյուսի հետևից գրավելով բազմաթիվ երկրներ, շուտով սպառնացին Հայաստանին[1]։
Մոնղոլների առաջխաղացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնղոլական ցեղերը, որոնք հայտնի էին նաև թաթար անվանումով, 10-11-րդ դարերում քոչվորական կյանք են վարել ներկայիս Մոնղոլիայի տարածքում և Արևելյան Սիբիրի հարավային շրջաններում։ Մոնղոլների բնակության շրջանի բնապատմական պայմանները բնորոշում էին նրանց տնտեսության զարգացման խիստ որոշակի ուղղությունը՝ որպես քոչվորական անասնապահություն։ Առավել ուժեղ ցեղային միության անունով նրանք կոչվել են նաև թաթարներ։ Միմյանց դեմ կռվող ցեղերին միավորողն ու մոնղոլական կայսրության հիմնադիրը Չինգիզ խանն էր (1155–1227)։ Նրա ստեղծած տերությունը ներառել է Մոնղոլիան, Սիբիրի հարավը, Չինաստանի հյուսիսը, Միջին Ասիան։ Մայրաքաղաքը Կարակորումն էր (1235)։ Չինգիզ խանից հետո մեծ խան ընտրված որդու՝ Ուգեդեյի (Հոքաթայ) օրոք մոնղոլներն Արևելքում նվաճել են նաև Չինաստանի հյուսիսը (1231–1234) և պատերազմ սկսել Կորեայի դեմ։
1236 թվականին մոնղոլական 150 հազարանոց բանակը, Չինգիզ խանի թոռ Բաթու խանի գլխավորությամբ, ներխուժել է Կամա-Վոլգայի Բուլղարիա, նվաճել այն, 1237 թվականին կռվել ալանների, ղփչաղների և Վոլգայի միջին հոսանքի շրջանի ժողովուրդների դեմ, 1237–40 թվականներին նվաճել է Ռուսիայի իշխանությունները։
1241 թվականի գարնանը Բաթու խանի հիմնական ուժերը ներխուժել են Հունգարիա, պարտության մատնել հունգարական 60 հազարանոց զորքին։ Մոնղոլական մի այլ ջոկատ ներխուժել է Լեհաստան, պարտության մատնել լեհ-գերմանական աշխարհազորին։ Արևելյան Չեխիա ներխուժած մոնղոլական առանձին ջոկատներ հետ են մղվել, 1241 թվականի վերջին մոնղոլական ամբողջ զորքը Հունգարիայից ժամանակակից Ավստրիայի և Խորվաթիայի տարածքներով շարժվել է դեպի Ադրիատիկ ծով։ 1242 թվականին, ծովափնյա ամրոցների անհաջող պաշարումից հետո, Բաթու խանը Բոսնիայի, Սերբիայի և Բուլղարիայի տարածքներով նահանջել է Կենտրոնական Եվրոպայից։ Նույն թվականի վերջերին մոնղոլները վերադարձել են Վոլգայի ստորին հոսանքի տափաստանները, որտեղ հիմնել են մոնղոլական տերության արևմտյան ուլուսը (վարչական միավոր)՝ Ոսկե Հորդան (1266-1502)։ Թեև ռուսական երկրները չեն մտել նրա կազմի մեջ, բայց ռուս իշխանները մոնղոլական խաների հարկատուներն էին և նրանցից հրովարտակ (յառլիկ) էին ստանում իշխանավարելու համար։
Մանգու (Մունքե) մեծ խանի օրոք նրա եղբայր Հուլավուն նվաճել է Իրանը, Միջագետքը (1256), 1258 թվականին՝ Բաղդադը (կործանել է Արաբական խալիֆայությունը), ներխուժել Ասորիք։ Մեծ խան Խուբիլայի օրոք մոնղոլական արշավանքներն ուղղված էին Ասիայի արևելյան և հարավարևելյան երկրների դեմ։ Դեռևս 1253 թվականին մոնղոլները գրավել էին Տիբեթը։
1267–1279 թվականներին նրանք նվաճել են Հարավային Չինաստանը, մինչև 1273 թվականին՝ Կորեայի տարածքի մեծ մասը, 1274 և 1281 թվականներին երկու անհաջող արշավանք ձեռնարկել Ճապոնիայի դեմ։ Մոնղոլական և չինական զորքերը 1277, 1282, 1287 թվականների արշավանքներից հետո գրավել են Բիրման, սակայն 1291 թվականին վտարվել են այնտեղից։ Մոնղոլա-չինական զորքի և նավատորմի բազմաթիվ հարձակումները Վիետնամի վրա (1257–58, 1284–85, 1287–88 թվականներ) անհաջողության են մատնվել։
1300 թվականին Բիրմա կատարած արշավանքով ավարտվել են մոնղոլական նվաճումները, որոնք ուղեկցվել էին բնակչության զանգվածային կոտորածներով, ավարառությամբ, քաղաքների ու գյուղերի ամայացմամբ, մշակութային արժեքների ոչնչացմամբ։ 1368 թվականին մոնղոլները վտարվել են Չինաստանից։ 14-րդ դարի երկրորդ կեսին վերացվել է մոնղոլական տիրապետությունը Իրանում, Հարավային Կովկասում, Միջին Ասիայում։ 14-րդ դարի վերջին քառորդին Մոնղոլական կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց։
Մոնղոլները Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնղոլ-թաթարների տիրապետության ժամանակաշրջանում 13-րդ դարի 2-րդ տասնամյակում մոնղոլ-թաթարական հորդաները, նվաճելով Միջին Ասիան և Իրանի հյուսիսային սարահարթերը, 1220-1221 թվականի ձմռանը Ջեբե-Նոյոնի և Սուբեդեյ Բահաթուրի գլխավորությամբ հետախուզական արշավանքներ են կատարել Հայաստան ու Հարավային Կովկաս։ 1220 թվականին 20 հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ Հայաստան։ Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի) մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր Գեորգի Լաշայի (1191–1223) և Իվանե աթաբեկի գլխավորությամբ։ Դարան մտած մոնղոլական զորամասը ճակատամարտի թեժ պահին հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը։ Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարած՝ հետ վերադարձան[2]։
1236–1245 թվականներին մոնղոլական զորքերը գրավել են Հարավային Կովկասը, Հայաստանը, Փոքր Ասիան՝ բացի Կիլիկիայի հայկական պետության և Նիկիայի կայսրության տարածքներից։
1236 թվականի ամռանը մոնղոլ-թաթարների 30 հազարանոց բանակը ներխուժեց Զաքարյան իշխանապետություն։ Զորքերին ուղեկցում էին բազմաթիվ քոչվորական ցեղեր՝ իրենց անասուններով, ընտանիքներով և ունեցվածքով։ Հայաստանում իշխաններից յուրաքանչյուրը քաշվել էր իր տոհմական ամրոցը և մտածում էր միայն սեփական կալվածքների պաշտպանության մասին։ Բաժանվելով առանձին զորամասերի՝ մոնղոլները շարժվեցին դեպի երկրի տարբեր գավառներ։ Հայ իշխանների մեծ մասը փախան Վրաստան, իսկ մյուսները հպատակվեցին մոնղոլներին և պահպանեցին իրենց տիրույթները։
Քոչվոր մոնղոլների ճանապարհին ընկած փոքր քաղաքները գրավելուց հետո նրանք պաշարեցին քաղաքամայր Անին։ Ռամիկները հարձակվեցին և սպանեցին մոնղոլների պատվիրակներին։ Թշնամին գործի դրեց պաշարողական մեքենաները և քանդեց քաղաքի պարիսպները։ Մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին մեծ թվով անեցիների։ Կենդանի մնացած բնակիչների մեծ մասը՝ արհեստավորներ, կանայք և մանուկներ, ստրկության վաճառվեցին։ Անիի ճակատագրին արժանացան Դվինը, Կարսը, Արմավիրը և այլ քաղաքներ։
Մոնղոլ-թաթարները 1242-1245 թվականներին Բաչուի ղեկավարությամբ գրավել են Հայաստանի հարավարևմտյան նահանգները, որոնք պատկանում էին Իկոնիայի սելջուկյան սուլթանությանը։ Սահմանագլխին նրանք պաշարեցին Կարին քաղաքը, որտեղ ապաստանել էր գավառի ամբողջ բնակչությունը։ Մոնղոլների հրամանով պաշարողների առաջին շարքում կռվում և մեծաթիվ զոհեր էին տալիս հայկական և վրացական զորքերը։ Երկու ամիս հետո միայն մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին բնակչությանը։ 1244 թվականին գրավեցին նաև Վասպուրականը, Տարոնը, Սասունը[3]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլայեթները կազմված էին ռազմավարչական առավել փոքր միավորներից՝ թումաններից։ Հայաստանի տարածքն սկզբնապես մտցվել է Ատրպատականի կուսակալության մեջ, որը բաժանված էր վարչատնտեսական 5 միավորի՝ վիլայեթների՝
- Արևելյան Վրաստանի թագավորություն և Զաքարյանների ավատ, իշխանություն (Այրարատ, Սյունիք, Գուգարք) կոչվել է Գյուրջիստանի վիլայեթ. Հայաստանի հյուսիսարևելյան շրջանները ներառում էին Գյուրջիստանի վիլայեթի 8 թումանից 3-ը այստեղ կառավարել են Զաքարյան տոհմի իշխանները, որոնք համարվել են մոնղոլների պետության ավատառուներ և վարչական կառույցի պաշտոնյաներ։
- Հայաստանի հարավարևմտյան նահանգները՝ «Մեծ Հայքի» վիլայեթ. արոտավայրերով հարուստ նահանգները դարձել են մոնղոլների ամառանոցներ ու ձմեռանոցներ և որպես բաժնեկալվածք տրվել մոնղոլ ավագանուն։ Մյուս նահանգների տարածքների մի մասը պետականացվել է, մի մասն էլ շնորհվել խանական տան անդամներին։ Հայկական նախկին իշխանություններից բեկորներ են պահպանվել Սասունում, Մոկքում, Ռշտունիքում (Թոռնիկյաններ, Արծրունիներ), որոնք, ճանաչելով մոնղոլների գերիշխանությունը, պահպանել են իրենց ինքնուրույնությունը։
- Շիրվան՝ Աղվանք
- Առան և Մուղան՝ Կուր գետի հովիտ
- Ատրպատական։
Հուլավուների մայրաքաղաքը նախ Մարաղան էր, ապա՝ Թավրիզը։ Իշխանության կազմում էին Ատրպատականը, Պարսկաստանը, Վրաստանը և Իրաքը։
Բռնազավթված երկրները տնտեսապես նվաճելու և տեղական խոշոր ավատատերերի տնտեսական հզորությունը թուլացնելու նպատակով մոնղոլ-թաթարները 1252-1259 թվականներին ողջ կայսրությունում (Հայաստանում՝ 1254 թվականին) անցկացրել են աշխարհագիր։ Մինչև Ղազանխանի (1259-1304 թվականներին) բարեփոխումները գոյություն չի ունեցել միասնական հարկման չափ, որը կամայականությունների ու չարաշահումների տեղիք է տվել։ Հայաստանի վիճակը վատթարացել է 14-րդ դարի սկզբին, երբ մոնղոլներն ընդունել են իսլամ և ուժեղացրել կրոնական ու հարկային ճնշումները։ Հայկական իշխանությունների՝ Զաքարյանների, Վաչուտյանների, Խաղբակյան-Պռոշյանների, Օրբելյանների, Արծրունիների, Հասան-Ջալալյանների և մյուսների դերը 14-րդ դարի սկզբից քաղաքական ու տնտեսական կյանքում զգալիորեն թուլացել է։
Անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ իշխանական տներն սկսել են քայքայվել՝ իրենց տեղն աստիճանաբար զիջելով վաչկատուն վերնախավին։ Ստեղծված իրավիճակից փրկվելու համար հազարավոր հայեր տարագրվել են հայրենիքից։ Երբեմնի բարգավաճ քաղաքները՝ Անին, Կարսը, Դվինը և այլն, 13-րդ դարի 1-ին կեսին վերածվել են գյուղերի, քայքայվել են քաղաքային կյանքն ու արհեստագործությունը։ Հայ և վրաց իշխանները 2 անգամ (1249, 1259-1261 թվականներին) ապստամբել են մոնղոլական լուծը թոթափելու համար, սակայն անհաջող։
Մոնղոլները դաժան հաշվեհարդար են տեսել ապստամբների և նրանց ղեկավարների՝ հայ իշխաններ Զաքարե Զաքարյանի, Հասան-Ջալալ Դոլայի, Վրաց Գոնդա թագուհու և ուրիշներ հետ։ 13-րդ դարի 90-ական թվականներից իշխանությունում սկսվել է քաղաքական և տնտեսական ճգնաժամ, իսկ 1344 թվականին այն դադարել է գոյություն ունենալուց։ Հայաստանն ընկել է հակամարտող մոնղոլ տիրակալների (Չոբանյաններ, Ջելաիրյաններ և այլն) իշխանության տակ։
Մոնղոլ-թաթարական քոչվոր, ավատատիրական տնտեսաձևի տիրապետությունը տևական ժամանակ կասեցրել է Հայաստանի տնտեսական և մշակութային զարգացումը։ Մոնղոլների մասին եզակի տեղեկություններ է հաղորդում պատմիչ Կիրակոս Գանձակեցին։ 1236 թվականին մոնղոլները գերել են պատմագրին, որը նրանց բանակում եղել է թարգմանիչ ու գրագիր։
1255 թվականին Նիգ գավառի Վարդենիս գյուղում Գանձակեցին հանդիպել է Քուրդ իշխանի տանն իջևանած Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ին և գրառել նրա հայտնած տեղեկությունները։ Հեթում Ա-ն վերադառնում էր Կարակորումից, որտեղ Մանգու մեծ խանի հետ կնքել էր (1254 թվական) հայ-մոնղոլական դաշինք։
14-րդ դարի սկզբին ակնհայտ դարձավ, որ մոնղոլական պետությունն արագորեն դեպի կործանում էր գնում։ Հաճախակի դարձան գահակալական արյունահեղ ընդհարումները, կենտրոնական իշխանության դեմ ուղղված խռովությունները։ Շարունակվում էր պետության տնտեսական կյանքի քայքայումը, անկում էին ապրում քաղաքները։ 14-րդ դարի կեսերին մոնղոլական միասնական պետությունն արդեն փլուզվել էր, և nրա փլատակների վրա առաջացել էին բազմաթիվ անկախ իշխանություններ։ Ստեղծված քաղաքական ու տնտեսական քաոսի պայմաններում խիստ ծանրացավ բնակչության դրությունը։
Քրիստոնյաների նկատմամբ երբեմնի հանդուրժողական քաղաքականությունն այս շրջանում փոխարինվեց հալածանքներով։ Քանդվում էին հայկական եկեղեցիները, հայերին ստիպում էին իսլամ ընդունել։ Մոնղոլները, արաբների և սելջուկ-թյուրքերի նման, սկսեցին քրիստոնյաներից նույնիսկ գլխահարկ գանձել։ Խանի հրամանով բոլոր քրիստոնյաները պարտավոր էին հատուկ նշան կրել։
Դեռևս մոնղոլական նվաճումների շրջանում Հայաստան էին տեղափոխվել բազմաթիվ թուրքմենական ցեղեր, որոնք էապես համալրում էին մոնղոլական բանակը։ Նրանց տեղաշարժը դեպի Հայաստան շարունակվեց մոնղոլական տիրապետության ընթացքում, իսկ մոնղոլական պետության կործանումից հետո ավելի ուժեղացավ։ Սելջուկ-թյուրքերը, հաստատվեցին Հայաստանի ավերված ու ամայացած շրջաններում և տեղական իշխողներից խլեցին իշխանությունը։
Թուրքմենական ցեղախմբերից կարա-կոյունլուները բռնությամբ տիրացան երկրի կենտրոնական շրջաններին և, խոշոր զինական ուժ ունենալով, ակտիվ միջամտում էին անգամ մոնղոլական պետությունում ծավալված գահակալական կռիվներին։ Հայաստանի հարավարևմտյան մասերում հաստատվեցին նրանց մշտական հակառակորդ ակ-կոյունլուները[4]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Атлас Монгольской империи онлайн». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 16-ին.
- Д.Уэзерфорд — Чингисхан и рождение современного мира Արխիվացված 2014-07-16 Wayback Machine
- Д.Уэзерфорд Чингисхан и рождение современного мира Արխիվացված 2022-05-27 Wayback Machine
- Завоевание Руси татаро-монголами. Интерактивная карта
- Մոնղոլական նվաճումները և Հայաստանը Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մոնղոլների հայտնվելը Հայաստանում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Մոնղոլները Հայաստանում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Հայաստանի նվաճումը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Մոնղոլական պետության քայքայումը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |