Jump to content

Սասուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասուն (այլ կիրառումներ)
Գավառակ
Սասուն
ԵրկիրԱրևմտյան Հայաստան Արևմտյան Հայաստան
ԵրկրամասԲիթլիսի վիլայեթ
ԳավառԳենջի գավառ
ՀամայնքԲաթմանի մարզ
Այլ անվանումներՍանասանա, Սանասինա, Սանասնայե, Սանասուն, Սանասունք, Սանսան, Սանսաննա, Սանսան, Սանսուն, Սասոն, Սասունք, Վերին դաշտ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն60 000 մարդ (1915)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
Տեղաբնականունսասունցի
Ժամային գոտիUTC+3
Սասուն (Աշխարհ)##
Սասուն (Աշխարհ)

Սասուն, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։ Նախկինում եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառը։ Հնագույն կենտրոնն էր Սանասուն բերդը։

Ըստ «Աշխարհացոյց»-ի՝ Սասունը հյուսիս-արևմուտքում սահմանակից էր Չորրորդ Հայքի Հաշտյանք, հյուսիս-արևելքում՝ Տուրուբերանի Տարոն, Ասպակունյաց ձոր, Խայթ (Խութ), արևելքում և հարավում՝ Աղձնիքի Սալնո ձոր, Դզեխ, Աղձն, Նփրկերա գավառներին։ Հետագա դարերում բուն Սասունի և հարակից գավառները տնտեսական և քաղաքական առումով կազմել են մի ամբողջություն՝ ստանալով Սասուն ընդհանրական անվանումը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասունը լեռնային երկրամաս է Հայկական Տավրոս լեռնաշղթայի համակարգում։ Սասունի տարածքը հիմնականում կազմում են Սիմի հարավային լեռնաբազուկները՝ Սասնո և Սալնա լեռները։ Հայտնի են Սիմսար (2689), Անդոքասար (2830), Ծովասար, Մարութասար (Մարաթուկ, 2967 մ) և այլ լեռնագագաթները։

Սասունով են հոսում Տիգրիսի վտակներ Քաղիրթը՝ Կողբա ձոր, Ասպական-Տալվորիկ, Շատախ-Սուսանա, Գելիեգուզան, Սասնո ջուր, Կապասգետ, Կուսգետ վտակներով և Սալնո ջուրը՝ Քեպերցու, Մցու, Բոկնոտու, Երախու վտակներով։ Հաղորդակցական կարևոր նշանակություն ունեն Օլորի (Աղոր) և Բաղեշի (Զորապահակ) լեռնանցքները։

Սասունի կլիման, ընդհանուր առմամբ զովասուն ու առողջարար է։ Ունի խիստ ու ցրտաշունչ ձմեռ՝ առատ ձյան շերտով և բքով։ Ձմեռը տևում է մինչև 7 ամիս։

Ֆլորա և ֆաունա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսական և կենդանական աշխարհը ենթարկված է գոտիականության․ լեռնալանջերին անտառներ են (սոճի, կաղնի, մայրի և այլն), ավելի բարձր՝ մարգագետիններ։ Կենդանական աշխարհը բազմազան է, հարուստ Հայկական լեռնաշխարհին բնորոշ գրեթե բոլոր տեսակներով։

Սասունի տարածքը հաջորդաբար մտել է Ուրարտուի (մ․թ․ա․ IX—VI դդ․), Երվանդունիների (մ․թ․ա․ VI—III դդ․), Արտաշեսյանների (մ․թ․ա․ II—մ․թ․ I դդ․). հայ Արշակունիների (I—V դդ․) թագավորությունների մեջ։ Արշակունիների թագավորության անկումից (428) հետո Սասունն իր բնական դիրքի շնորհիվ պահպանել է անկախությունը, դառնալով հայ ժողովրդի ազատագրական պայքարի կենտրոններից։ 510-ական թթ․ Սասունի բնակչությունը՝ Հայաստանի ապագա մարզպան Մժեժ Գնունու գլխավորությամբ, ջախջախել է հոնական հրոսակախմբերը։

VII—VIII դարերում արաբական նվաճողների դեմ պայքարը գլխավորող Մամիկոնյանները, ի թիվս Հայաստանի մյուս լեռնային դժվարամատչելի շրջանների, ամրացել են նաև Սասունում։ VIII դարում վերջից Սասունում իշխել են Մամիկոնյաններից սերած Թոռնիկյանները։ 851 թվականին Սասունի բնակիչները՝ Հովհան Խութեցու գլխավորությամբ, Մշո դաշտում ջախջախել են արաբական զորախումբը և սպանել զորապետ Յուսուփին։ 852 թվականին Հայաստան ներխուժած արաբական զորաբանակը՝ Բուղայի առաջնորդությամբ, Սասունում կոտորել է 30 000 մարդ։ Այնուհանդերձ, Թոռնիկյաններն իրենց ձեռքում են պահել Սասունը և շարունակել ազատագրական կռիվները։

Արաբ նվաճողների դեմ Սասունի հերոսական պայքարի հիման վրա ձևավորվել է «Սասնա Ծռեր» էպոսը։

Սասունը Թոռնիկյանների օրոք

[խմբագրել | խմբագրել կոդը]

X դարի սկզբին Բյուզանդական կայսրությունը, իր զավթումները Հայաստանում դյուրացնելու նպատակով, կարողացել է միմյանց հետ գժտեցնել Սասունի Թոռնիկյաններին և Տարոնի Բագրատունիներին։ Թոռնիկյաններին հաջողվել է տիրել Տարոնի մի մասը։ Սակայն Տարոնի բյուզանդացիների զավթումից (966/967) հետո Թոռնիկյանները, զգուշանալով թշնամու խարդախ քաղաքականությունից, ընդունել են Անիի Բագրատունիների գերիշխանությունը և համագործակցել նրանց։

Հովհաննես Չմշկիկ կայսեր 974 թվականի Արևելյան արշավանքին ընդառաջ ելած Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի բանակում Մատթեոս Ուռհայեցին հիշատակում է նաև Սասունի զորաբանակը։ Այծյաց բերդի (Մուշից արևմուտք) մոտ բյուզանդական բանակը ենթարկվել է Սասունի հետևակ զորամասի հակահարվածին և կրել մեծ կորուստներ։ Նաև Վասիլ Բ կայսեր (976—1025) գահակալության սկզբնական շրջանում Տարոնի մի հատվածը (Այծյաց բերդից արևելք ընկած հողերը) Սասունի հետ մնացել է Թոռնիկյանների սեփականություն։ Տարոնն ամբողջությամբ Բյուզանդական կայսրությունը զավթել է միայն 990—1000 թ թվականին։ Իսկ Սասունն իր անկախությունը պահպանել է ինչպես բյուզանդական, այնպես էլ սելջուկյան թուրերի նվաճումների ժամանակ։

XI դարում Սասունում իշխել է Մուշեղը, ապա նրա որդի Թոռնիկը (վերջինիս են հասցեագրված Գրիգոր Մագիստրոսի մի քանի նամակները)։ Թոռնիկի օրոք Սասունի իշխանությունը հզորացել է, սահմաններն ընդարձակվել են՝ ընդգրկելով նաև Տարոնի զգալի մասը, Անձիտ գավառի որոշ մասեր և Աշմուշատը։ Արաբական աղբյուրներում Սասունի այդ հզոր իշխանը հիշվում է թագավոր («մալիք ալ-Սանասինա»)։ 1059 թվականին նա պարտության է մատնել Տարոն ներխուժած սելջուկյան թուրքերին։ Կոմմագենեում և շրջակա երկրամասերում իշխող Փիլարտոս Վարաժնունին փորձել է իրեն ենթարկել Սասունը, սակայն 1073 թվականին Ալելուա դաշտի (Անձիտ գավառում) ճակատամարտում Թոռնիկը պարտության է մատնել նրան։ Թոռնիկը շուտով զոհ է գնացել Անձիտի ամիրայի դավադրությանը։

Թոռնիկի որդի Չորդվանելը (1073—1120-ական թթ․) Աղձնիքի ամիրայությունից ազատագրել և իր տիրույթներին է միացրել 30 գյուղ։ Չորդվանելի որդու՝ Վիգենի օրոք (1120-ական թթ․—1175) Սասունի իշխանությունը կրկին հզորացել է, արևմտյան սահմաններն ընդարձակվել են մինչև Դեգիք գավառը (Չորրորդ Հայք նահանգում)։ Սասունի իշխանական տունը խնամիական կապեր էր հաստատել Մոկսի Արծրունիների (Վիգենը կնության էր առել Հմայակ իշխանի Մելեքսթ դստերը), Դեգիքի Կեկավմենոսների (Վիգենի դուստր Կատան կնության էր տրվել Կատակալոնի թոռ Շահնշահին) և Պահլավունիների (Վիգենի որդի Չորդվանելը կնության էր առել Վասիլ իշխանի Վանենի դստերը) հետ։

Վիգենին հաջորդել է թոռը՝ Շահնշահը (1175—1188)։ Վերջինս 1184 թվականին մտել է Հռոմկլա և փորձել կաթողիկոսական աթոռը հանձնել եղբորը, սակայն Հայոց կաթողիկոս Գրիգոր Դ Տղան (Շահնշահի քեռին) Իդաթի ամիրա Բեկ-Թամուրի օգնությամբ կարողացել է պահպանել իր իրավունքը։ Շուտով Շահնշահին հաջողվել է հաղթել և գերեվարել Բեկ-Թամուրին, որպես փրկագին, նրանցից ստանալով Թառձյան կամ Թառձենք հայկական բերդը։ Բեկ-Թամուրն իր հերթին նոր ուժերով արշավել է Սասուն, պարտության մատնել Շահնշահին և սահմանել ծանր հարկեր։ 1188 թվականին Շահնշահը, Վասիլ և Թոռնիկ եղբայրների հետ ստիպված է եղել գաղթել Կիլիկիա, որտեղ Լևոն Բ-ից ստացել է Սելևկիա ամրոցը։ Այնուհետև Թոռնիկյանների շառավիղները ամրացել են Սասունի առավել դժվարամատչելի շրջաններում։

Մոնղոլական տիրապետության ժամանակ (XIII —XIV դդ․) Սասունը նախ ընդգրկվել է Հայաստանի հարավ-արևմուտք նահանգներից կազմված «Մեծ Հայք» վիլայեթի մեջ՝ պահպանելով կիսաանկախ վիճակ։ Հուլավու խանը 1260-ական թթ․ գրավել է Սասունը և միացրել իր հիմնադրած իշխանությանը։ Ըստ Կիրակոս Գանձակեցու, Հուլավուն Սասունի կառավարումը հանձնել է Սադուն Բ Սրծրունուն։ Լենկթեմուրի 1387 թվականի արշավանքի ժամանակ Տարոնի բնակչությունը կոտորածից և գերեվարումից փրկվել է՝ պատսպարվելով Սասունի լեռներում։

XV դարում Սասունն ընկել է կարակոյունլու, ապա՝ նրանց հաջորդած ակկոյունլու թուրքմենների, XVI դարից՝ օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ, սակայն պահպանելով իր կիսաանկախ վիճակը։

Թուրքական տիրապետության ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայդուկների առաջնորդ Գևորգ Չաուշ

Թուրքական տիրապետության օրոք Սասունում հաստատվել են քրդական մի քանի վաչկատուն ցեղեր։ Դրանցից Բելեքցի կոչվող ոչ իսլամադավան քրդերը (շուրջ 40 տոհմ), որոնք բնակվում էին Մարաթուկ սարի ստորոտներում, խոսում էին հայերեն (Սասունի բարբառով), հաճախում հայկական սրբավայրերը, իսկ թուրքական կառավարության ոտնձգությունների ժամանակ համագործակցում հայերին։ Սասունի հայերի հետ դրացիական սերտ հարաբերությունների մեջ էին նաև Հզուի շրջանում հաստատված սառմնցի և մուսեցի կոչվող քրդերը։ Սակայն հետագայում թուրքական կառավարող շրջանները, օգտագործելով Սասունի քրդերի հետամնացությունը, զանազան (հայերի ունեցվածքի, հողերի, արոտավայրերի հափշտակման) խոստումներով կարողացել են նրանց դրդել հայերի դեմ, ջլատել նրանց միասնական պայքարը։ Հովնան Մշեցու և Հովսեփ Էմինի նամակագրությունից երևում է, որ Սասունում XVIII դարի 2-րդ կեսին ունեցել է զինված ջոկատներ և հեծելազոր։ Պահպանելով, միջնադարյան ավանդույթները՝ XIX դարի 1-ին երեսնամյակին Սասունը կառավարվել է ներքին սկզբունքներով։ Երկրամասը փաստորեն տնօրինել է հայ իշխանը՝ ընտրովի ավագանու օժանդակությամբ, հողատիրության իշխող ձևը եղել է հյուքումեթությունը։ Սասունի հայերը ոչ միայն զենք են կրել, որն արգելված էր օսմանյան Թուրքիայում, այլև արտադրել։ 1849 թվականին Օսմանյան կայսրությունը, Բաղեշի Շերեֆների քրդական տոհմը վերացնելուց հետո, դաշտային Սասունը միացրել է Բաղեշի փաշայությանը։

XIX դարի վերջին Սասունի տարածքը (բաղկացած էր 10 նահիեից կամ գյուղախմբից) մտել է Բիթլիսի վիլայեթի, Մուշի, մասամբ նաև Գենջի և Սղերդի սանջակների մեջ։ Հարկահանության և ազգային ճնշման աճին Սասունի ազգաբնակչությունը դիմակայել է ինքնապաշտպանական մարտերով։ 1880-ական թվականներին թուրքական ոստիկանական զորքերի դեմ պայքար են մղել Շատախի ու Ծովասարի գյուղախմբերի, Շենիկի, Սեմալի, Ալիանքի, Գելիեգուզանի և այլ գյուղերի բնակիչները։ Սասունի ազատագրական պայքարը գլխավորել է Վ․ Գոլոշյանը։

1891-1892 թվականներին, օսմանյան կառավարության թելադրանքով, Սասուն են ներխուժել «համիդիե» հեծելագնդեր և քրդական հրոսակախմբեր, սակայն, հակահարված ստանալով Շենիկի, Սեմալի, Տալվորիկի, Գելիեգուզանի, Խոծոծվանքի, Շուշնամերկի բնակիչներից, ստիպված են եղել նահանջել։ Հերոսաբար են կռվել նաև տատրագոմցիները՝ հայդուկ Հովնանի գլխավորությամբ։ Աչքի է ընկել Արաբոն՝ իր զինակիցներով։ 1890-ական թթ․ սկզբին Սասունի ինքնապաշտպանական մարտերի և ազատագրական շարժման նշանավոր գործիչներից են՝ Մուրադ Տամատյանը, Համբարձում Բոյաջյանը, Հրայրը, Գրգոն (Գրիգոր Մոսեյան), Քոլոզը (Հովհաննես Կիրակոսյան), Գևորգ Չավուշը և ուրիշներ։

Ոստիկանական ուժերով և քրդական հրոսակախմբերով՝ 1893 թվականին ևս հաջողության չհասնելով, Օսմանյան կայսրությունը կանոնավոր զորքեր է տեղափոխել Սասուն։ Երկրամասի շուրջ ստեղծվել է ռազմական գոտի, հայտարարվել է պատերազմական դրություն։ Սասունի դեմ ռազմական գործողությունները հանձնարարվել է Անատոլիական 4-րդ բանակի հրամանատար Զեքի փաշային։ Սասունի ազգաբնակչությունը՝ Համբարձում Բոյաջյանի գլխավորությամբ, հերոսաբար պաշտպանվել է, 1894 թվականի գարնանը և ամռանը տարել մի շարք հաղթանակներ, սակայն ի վերջո պարտվել անհավասար պայքարում։ Թուրքերը գրաված բնակավայրերում կազմակերպել են ջարդեր։

1896 թվականին Սասունում իրենց խմբերով կռիվներ են մղել ազատագրական շարժման գործիչներ Անդրանիկը, Աղբյուր Սերոբը, Սպաղանցի Մակարը։ Սասունի ինքնապաշտպանական ուժերը գլխովին ջախջախելու նպատակով՝ սուլթանական կառավարությունը 1904 թվականին նոր զինված հարձակում է սկսել (10 000-անոց թուրք, և 5 000-անոց քրդական զորքերով)։ Ինքնապաշտպանական մարտերը գլխավորել են Հրայրը, Անդրանիկը, Գևորգ Չավուշը, Հաճին (Կոտոյան Հ․ Գ․), Սեբաստացի Մուրադը, Սպաղանցի Մակարը, Մշեցի Սմբատը, Շենիկցի Մանուկը, Կայծակ Վաղարշակը և ուրիշներ։ Չնայած պարտությանը, Սասունի բնակչությունը մերժել է լեռնային շրջանները թողնելու և Մշո դաշտում բնակվելու թուրքական կառավարության պահանջը՝ շարունակելով հայդուկային պայքարը։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Սասունի բնակչությունը մի քանի ամիս անհավասար գոյամարտ է մղել թուրքական 30 000-անոց բանակի դեմ։ Սասունի 60 000-անոց բնակչությունից փրկվել է մոտ 15 000, որոնք ռուսական բանակի օգնությամբ գաղթել են Արևելյան Հայաստան, բնակություն հաստատել Աշտարակի և Թալինի շրջակա գյուղերում։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմիչ Թովմա Արծրունու վկայությամբ՝ սասունցիները (անվանում է խութեցիներ) բնակվել են խոր ձորերում, քարայրերում, թավուտներում՝ անջատ-անջատ, խոսել են հայերենի տարբեր ու խրթին բարբառներով, հագել բրդյա զգեստներ, այծի մորթուց ու կանեփի թելերից հյուսված խարուկներ (ոտնամաններ), մշտապես կրել նիզակ՝ գազաններից պաշտպանվելու համար։

Զբաղվել են հողագործությամբ (կորեկ, ցորեն, գարի, տարեկան), այգեգործությամբ (խաղողի տարբեր տեսակներ), պարտիզպանությամբ (նուռ, թուզ, խնձոր, տանձ, մրկիթ, փղինճ և այլն), մեղվաբուծությամբ, անասնապահությամբ, զանազան արհեստներով։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի ընդերքը հարուստ է կապարի, պղնձի, երկաթի հանքաքարերով։

Սասունի հայկական սրբավայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասունի գլխավոր սրբավայրերն էին Սբ․ Պետրոս առաքյալի վանքը (Մարաթուկ սարի ստորոտին), որը գավառի եպիսկոպոսի առաջնորդարանն էր, և Սբ․ Աստվածածին եկեղեցին (Մարաթուկի գագաթին)։ Հետագա դարերում այլ վանքերից ու եկեղեցիներից նշանավոր էին՝ Սբ․ Աղբերակացը, Սբ․ Թեոդորոսը, Սբ․ Հովհաննեսը, Սբ․ Սարգիսը, Սբ․ Գևորգը, Սբ․ Խաչը, Սբ․ Հակոբը, Սբ․ Վառվառը, Հռեցվադը, Քառասուն Մանկունքը և այլն։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին Սասունն ուներ 539 բնակավայր[1]։

Պատմական Սասունի գյուղերն հետևյալն են.

Բուն Սասուն. Գելիեգուզան (բաղկացած է եղել 16 գյուղերից կամ թաղերից՝ Խարձնգոմեր, Տաղվրնիկ, Խարիբշան, Մխիթար, Մագրեսան, Գեռիկ, Հոսել, Հուսեյնցիք, Խասոյի մզրեն, Դհոլ, Կավրտի, Գյուղ, Ռաշիկ, Ամբար, Խոշոք, Մերկեր), Շենիկ, Սեմալ, Ալիանցիք (Ալիանք), Գելիսեան, Գելիեմսուր, Տալավաքեաժե, Աղբի, Հեթինք (Ետինք), Քաղքիկ, Կապսագեա, Ճախրկանք, Խոծոծվանք, Հարկորք, Արգիկ, Սարեկան, Տատրագոմ, Գելառաշ (Կելռաշ), Խադան, Թխիկ, Անձղանք, Մղենք, Նռնան, Կոկվտիք, Մտրպանք, Գոմրտեր, Գոշակ, Փիրշենք, Խնձորտուն, Թաթանք։

ՇատախՇուշանմերկ, Գեղաշեն, Քոփ, Գերմավ (Ջերմուկ), Զեյնըկ, Տափըկ, Իրիցանք։

Տալվորիկ․ Էգուտուն (Էգետուն), Արտխոնք, Քորախու, Դվալենք, Փուրխ, Խլհովիտ, Հագմանք, Հլողինք, Մազրա (Մզրեն), Հարթք, Հոսնուտ, Սպաղանք (Մբաղանք), Եղգարդ, Վերին գյուղ, Մերկեր, Ձորեր։

Խութ-ԲռնաշենԹաղավանք, Շենիստ Վերին, Շենիստ Վարի, Շեն, Աղբակ (Ագրակ), Թաղվու, Թաղվձոր, Սալաբուզ, Բաբնթաղ, Գործվար (Գործվարք), Փիրհվանք, Գելոնք, Հնդձոր, Կոռք, Փղոնք, Տափ, Ռաբաթ, Սարենգոլե, Շահվերտ, Ավարք, Յուշուտ (Օշուտ), Զորավա, Բլրիկ, Մզրե-Շիլգ, Ուշթափ, Օշակ, Կծանք, Դաշտադեմ, Բլրկան, Եզիանք, Շամյանք, Շիրոմգրա, Արինոք, Կոստ, Ընկուզեք, Մահբուբանք, Արունք, Լորդնձոր, Դաշտամիրան (Իշխանաց դաշտ), Քնոտ, Կըրպնիկ-Արծվիկ, Բլոկանք։

ՓսանքԳոմք, Թափունի, Ջրթնիկ, Բլոյենք, Փշուտ, Մջգեղ (Միջգեղ), Դալհոր, Խնձորենք (Խնձորիկ), Թաթուկ, Փսանք, Զանդուս, Քաջառինք, Ջրթնիկ, Հավկունք, Թասջբադրիկ, Ցիցնքար, Մարսթո, Վանիցթաղ, Ջմալենք, Բվի, Թաթանք, Սարեկան, Մաղենք, Բրդանք, Կապասգետ, Խան, Քրդամանք, Հոսներ, Քիսթաղ, Դամլենք, Բոզըկան, Քաշքշենք, Մշկաաակ, Հրուտ, Ծառկանք, Քարավանք, Մզրեն, Կրեձոր, Գապլճոգ, Խորան, Շեխան, Նորգեղ, Գելավնոն, Պելավ, Քորոնք, Կոռնկես, Քաջառինք, Մկթենք։

Հազզո-ԽաբլջոջՀազզո, Փիրշենք, Նորշեն, Ռաբաթ, Լհնեք, Ընկուզենք, Նորք, Արտրեր, Տոտնուկ, Կոսատեր, Մշկատար, Հով, Նադոպա, Հաղթ, Կող, Խարբախ, Շաթ, Այնարաս, Պալո, Խալիլան, Մազրե, Այնմար, Դարակուզե, Մազրախալք, Ղրնադր (Զըռնախեթ), Մանկիկ, Տարգամո, Մշրիդա, Մաներա, Փափուր, Դամմոխ, Նորգյուղ, Շեխան, Խաբլջոզ, Արծվիք, Շնխեղդ, Խասնփի, Կուռթեր, Վարդինոս, Վարդնոց, Խոգարենք (Խոջարենք), Ռշնիկ, Տնգետ, Հրիկոնք, Կոշակ, Թզի, Արեգդեմ, Գոմարտեր, Հրուտ, Կորով, Մանշկուտ, Առվտոց, Գետկից, Խնձորտա, Տագաներ, Հաթնի, Գետեր, Բադրմուտ (Պատըրմուտ), Ճակուտ, Ձորիկ (Ձորք), Էրուր, Լապրշտուղ, Քարկից, Վիժնանք (Վիժանք), Ադո, Ձորաղբի (Ջրաղբի), Քանլմանք, Գոմեք, Խարվեր, Ջալալեք, Տարնվանք, Հորանք, Գելիե Սնդուս, Ներքին Շաթ, Մոլլա Ջալլա, Ձողուտ, Դըլպի, Կուսգետ, Դոդնուկ, Շեփիր, Ցրտուտ, Ձման (Ճաման), Դալարաձոր, Խասուբի, Դրուր, Շիկալինք, Ռըմխանք, Խոջարինք, Կորդեր, Ջակուր, Ձոբիկ, Թըշր, Տնիեա, Ռաբի, Հրորք, Դոլանք, Զիլանք, Տմոխ, Սուսան, Մալաֆան, Շաուրանք, Արջոնք, Ժռենց։

ՄոտկանԴատվան, Գրխու, Սղնուտ, Տորխ (Քորխ), Արսան, Ջրտու, Հրորք, Նիչ, Մարմանդ, Արփի, Շեն, Տնկետ, Առվտոց, Քաշախ, Բույնուտ, Հորմեց, Մարկոկ, Նիզեն (Գզեխ), Աղբժներ, Մցու, Քոյանս, Ճաման, Մեյդան, Լանգադարան, Սպիտակ ջուր, Հաշկադարան, Բնավոկ, Աշկրոտ, կամրջի գլուխ, Մեծձոր, Ռաման, Բրուտք, Դոլակ, Խուր, Ուրուս, Մրցանք, Խարտգող (Տանձաստան), Կրխու, Կարփ, Մզուք, Հուսենք, Մերեթաղ, Աբութաղ, Ասպնջեր, Կնծու, Արդրեր, Որձենք, Արծվիք, Էդգիկ, Նարմանտ, Կալհոք, Ջողուտ, Ասի բերդ (Ասսու), Սալնաձոր, Իշկ, Սիլեն, Հերսան, Ավսպի, Մերգան, Կուսգետ, Այնցոփ, Մարենք։

ԽիանքԻշխանաձոր, Բացի, Բերմ (Պերմ), Պհամպա, Դառաշ, Արխունդ, Հարիպ, Տանձ, Բահմեդա, Շեխհամզա, Փոսա, Բախըռնաս, Անդա, Արսըք (Արս), Փարկա, Ֆարք, Արտկունք (Արտխոնք), Ընկուզանկ, Սևիդ, Ասպտուն, Հեղին, Մամրկան, Ինկա, Մալա Մլքե, Կառթնի, Գիլանի (Գղոն), Մինոս, Հեշտեր, Ֆախ Սլեմուն, Գայսեր (Խայսեր), Ճահաս, Գյանջե-Բամիա, Շեյխ, Շմանանք, Միր Հաջի, Գրեխոխեն (Կրեխոխ), Քարիք, Սլոխ (Սլոք), Հրդա, Մալաբադե, Գառախիլ, Կանիեբամու, Շուղեք, Դոդիկ, Ռզան, Զախար, Նավռո, Ճամ, Սաղտուն, Գոման, Շողեք, Ներջիկ, Փասուր, Ռաբաթ, Աստղյան բերդ։

ԽուլբԽրոճ (Խռուճ), Թիասիս, Գազկե, Թըլթավ, Քնե, Կակուաս, Արխադին, Ընձաքար, Էհուբ (Էյուբ), Ահարոնք, Գեղըրվանք (Գեղերվան), Փասուր, Թախանավալ, Դմլկեր, Կրման, Ճմար, Մազալե, Պապեջանիս, Սազրկան, Տատերվան, Ըժըվթան, Խարամ, Խոշըկան, Բոզըրկան, Կնտիք, Պերոկ, Նագարան, Գելիա Մինար, Դելեթ, Մոսրտո, Հարբաթ, Գասկե, Հավրք, Մաշտակ, Շուղեք, Խոխան, Մատիկ, Գառկան, Շեյնե Բոբան, Պհնին, Ջսըկ, Թըլթը, Հաջանա, Գրեմորի, Փարգահ, Կարանդան, Արտուշեն, Հովիտ, Հազնախի, Դալավա կաժե, Դուդերիկ, Բաբրջան, Խուշ, Կապընին, Թլմին, Հավետեկ, Մելիքան, Սեդախ, Խամըրկան, Դայրկան, Շամշան, Հարբախն, Կանի սպի, Անթախ, Մամրկան, Լաջըրկան, Տովիտ, Մսրձոր։

Խարզան (Խալտան)․ Ջոխ, Բզեզիկ (Բեսիկ), Ղըրբա, Բեյբու, Հասհաս, Մարմուրանա, Փալոնի, Հոպե (Յոպե), Զուզուր, Շեյխհոնես (Կստաշեն), Թալիբա (Թալու), Կանիբարազա, Ջաֆան, Ջամխատին, Շկավտա, Բատրան, Գոլեմարիսան, Բախրդա, Գրե Քալո, Ռաշե դարա (Ռաշիկ), Նոր գեղ, Մլաֆան, Սևկան, Հարֆազ, Նարե (Նաուլա), Դեշվան, Բարզան Ստորին, Բարզան Վերին, Թոժկան, Սրջան, Թախթե-Խարզան, Քուրեր, Մրզե, Քոխ Վերին, Քոխ Ներքին, Զիարեթ, Բոլունդ, Հողյար, Սյանըս, Ջազնի, Մամլայե, Սղունդ, Հայկադարան, Զառ, Ջոման, Քուչուլան, Շերկան, Գելհոք, Ընգարըս, Հրորք, Ճըման, Սարտուտ (Ծռտուն), Տերճոճ, Շարաֆտուն, Մերկան, Նավալա, Տոպի, Ջոման, Ջուվայց, Զոխայտ, Դիմսարիկ, Հաքամի Ներքին, Հաքամի Վերին, Քոխա, Այկանսըր, Մարիբ, Սահարտա, Կալամարան, Ղադմա, Գյոզալդարա, Գեղաձոր, Բայսատուն, Մելհա, Բաստոխա, Մազիհան, Ձիուրկ, Խնասք, Քուշան, Դուսատակ, Գրե Չալո, Ռդվան, Դուշա (Դյուս), Սիլախար, Խուբին, Հաջր, Մվիսկ, Խոշյար, Բիմեր, Կանիխուլ, Գրեհասան, Նազդար, Բիրըկ, Կանի Միմո (Կանի Սուրիկ), Սբհի, Բառինչ Վերին, Բառինչ Ներքին, Բաջաֆթ, Նարֆաս, Իլուխ, Ջալդակա, Խալըկ, Դալա, Լիճըկ, Ռաշըկ, Մերկե Ռաջալ, Դարաբի, Միլիկա, Մևինա, Տրբեսա, Հադհադք, Տոպի, Հազնամեր, Թաղարի, Կալհոկ, Բոլնդ, Զևիկ, Սինան, Իրմի, Բինարին, Չինիրի, Բազիվան, Քիւիվան, Շեդիկ, Մուզգելյան, Շիմիզ, Իշկ, Խուսեյն, Այն Ռումի, Խեզյաթ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մովսես Խորենացի, Հայոց պաամություն, Երևան, 1968։
  • Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Երևան, 1978։
  • Ինճիճյան Ղուկաս, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հատ. 1, Վենետիկ, 1806։
  • Ինճիճյան Ղուկաս, Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վենետիկ, 1822։
  • Տոմաշեկ Վ․, Սասուն և Տիգրիսի աղբերաց սահմանները, հ․ 2, Վենետիկ, 1896։
  • Ա-Դո, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները, Երևան, 1912։
  • Օրմանյան Մ․, Ազգապատում, հատ. 1, ԿՊ, 1912։
  • Ալպպոյաճեան Ա․, Պատմական Հայաստանի սահմանները, Գահիրեէ 1950։
  • Երեմյան Ս․ Հ. Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1913։
  • Կարապետյան Ե․ Կ․, Սասուն, Երևան, 1962։
  • Պետոյան Վ․, Սասունի բարբարը, Երևան, 1954։
  • Պետոյան Վ., Սասնա ազգագրությանը, Երևան, 1965։
  • Հայկազ Պողոսյան, Սասունի պատմություն /1750-1918 թթ./, Երևան, 1985, 350 էջ, - http։//www.historyofarmenia.am/images/menus/379/Sasuni_Patmutyun.pdf
  • Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ։
  • Բդէեան Միսաք եւ Սարգիս, Հարազատ պատմութիւն Տարօնի, Գահիրէ, 1962։
  • Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատ. Գ., Դ., Է., Թեհրան, 1982, Երեւան, 1991։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 505
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 199