Jump to content

Ջերմադինամիկական հավասարակշռություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմադինամիկական կամ ջերմային հավասարակշռություն։ Եթե ջրով լի բաժակի մեջ գցենք շաքարի մի կտոր, ապա այն կսկսի լուծվել ջրում։ Որոշ ժամանակ անց շաքարի լուծվելը կդադարի։ Կառաջանա համասեռ լուծույթ, եթե շաքարը լրիվ լուծվի, կամ անհամասեռ համակարգ՝ կազմված շաքարի չլուծված կտորից, շաքարի հագեցած ջրային լուծույթից։ Նման ձևով, եթե բաժակի մեջ գցենք սառույցի մի կտոր, ապա այն կհալվի՝ սառեցնելով բաժակի ջուրը։ Երբ սառույցը լրիվ հալվի, ջուրը կսկսի տաքանալ այնքան ժամանակ, մինչև որ նրա ջերմաստիճանը հավասարվի շրջապատի օդի ջերմաստիճանին։ Այս օրինակներից հետևում է, որ ջերմադինամիկական համակարգը գալիս է մի վիճակի, որտեղ մակրոսկոպական երևույթները՝ լուծվելը և հալումը, այլևս դադարել են։ Այս վիճակն ընդունված է անվանել ջերմադինամիկական կամ ջերմային հավասարակշռության վիճակ։ Ջերմային հավասարակշռության վիճակում համակարգի մակրոսկոպական պարամետրերը մնում են անփոփոխ, եթե արտաքին գործոնները բացակայում են։ Բազմաթիվ փորձերից պարզվել է, որ ինքնիրեն թողնված ջերմադինամիկական համակարգը գալիս է ջերմային հավասարակշռության վիճակի և այդ վիճակից <ինքնակամ>, այսինքն՝ առանց արտաքին գործոնների ազդեցության, դուրս գալ չի կարող։

Հավասարակշռության փոփոխությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավասարակշռության վիճակում համակարգում մակրոսկոպական փոփոխություններ տեղի ունենալ չեն կարող։ Օրինակ՝ բացառվում են մակրոսկոպական տեղափոխությունները (ծավալի փոփոխություն), զանգվածի տեղափոխությունը (դիֆուզիա) և այլն։ Սակայն ջերմային հավասարակշռության վիճակում միկրոսկոպական պրոցեսները երբեք չեն դադարում. մոլեկուլների կոորդինատները և արագություններն անընդհատ փոփոխվում են։ Ժամանակի ընթացքում հաստատուն են մնում մակրոսկոպական բնութագրերի հավասարակշիռ արժեքները։ Ջերմային հավասարակշռության հաստատվելը և նրա գոյությունը հնարավոր են հենց անընդհատ մոլեկուլային շարժման շնորհիվ։ Սրանով էլ ջերմային հավասարակշռության վիճակը տարբերվում է համակարգի մեխանիկական հավասարակշռության վիճակից, երբ որևէ հաշվարկման համակարգում մարմինը մնում է դադարի վիճակում։

Այսպիսով՝ ջերմադինամիկական հավասարակշռությունը ջերմային շարժման հատուկ ձև է, երբ համակարգը նկարագրող մակրոսկոպական պարամետրերը ժամանակի ընթացքում չեն փոփոխվում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 180
  1. Ֆիզիկայի 11-րդ դասարանի դասագիրք