Jump to content

Սերենա Լեդերեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերենա Լեդերեր
գերմ.՝ Serena Lederer
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1867(1867-05-20)[1]
ԾննդավայրՊեշտ, Պեշտ, Հունգարիա[1]
Մահացել էմարտի 27, 1943(1943-03-27)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[1]
Քաղաքացիություն Հունգարիա և  Ավստրիա
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ
ԱմուսինAugust Lederer?[1]
ԵրեխաներElisabeth Bachofen-Echt?[1]
 Serena Lederer Վիքիպահեստում
Էլիզաբեթ Լիդերերի դիմանկարը, 1914—1916

Սերենա Լեդերեր (գերմ.՝ Serena Lederer, հունգ.՝ Szeréna Lederer, ի ծնե՝ Պուլիցեր (Pulitzer), մայիսի 20, 1867(1867-05-20)[1], Պեշտ, Պեշտ, Հունգարիա[1] - մարտի 27, 1943(1943-03-27)[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[1]), ավստրիացի արդյունաբերող Ավգուստ Լեդերերի կինը, Գուստավ Կլիմտի մոտ ընկերուհին, որը քաջալերել է իր ամուսնուն ստեղծել նկարչի ստեղծագործությունների հավաքածու։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերենան արմատներով հրեական հարուստ ընտանիքից է, ամերիկացի լրագրող և հրատարակիչ Ժոզեֆ Պուլիցերի ազգակիցն է և երիտասարդ տարիքում գեղեցկուհի է ճանաչվել։ Ավստրիայի մայրաքաղաքում Սերենան համարվել է ամենանրբաճաշակ հագնված վիեննուհին[2]։ Գուստավ Կլիմտը լուսանկարել է երիտասարդ գեղեցկուհի Սերենա Պուլիտցերին իր քեռու՝ Զիգմունդի կողքին Վիեննայի ընտրյալ հասարակության ներկայացուցիչների շրջանում, իր հին «Բուրգթատրոնում գտնվող դահլիճ» գուաշով արված նկարում[3]։ Սերենան ողջ կյանքի ընթացքում պահպանել է մեծ տիկնոջ իր իմիջն ու ոճը։ 1892 թվականի հունիսի 5-ին Սերերնան Պեշտում ամուսնացել է արդյունաբերող Ավգուստ Լեդերերի հետ։ Նրանց ընտանիքում ծնվել է երեք երեխա՝ Ֆրիցը, Էրիխը և Էլիզաբեթը։ Լեդերերները ապրել են Դյորում, Վեննայում, Վայդլինգաուում։ Վիեննայի նրանց բնակարանում Կլիմտի ստեղծագործությունների համար առանձնացվել է առանձին սենյակ։ 1899 թվականին Կլիմտը նկարել է Սերենայի դիմանկարը՝ սկիզբ դնելով մտերմիկ ընկերական հարաբերությունների, ավելի ուշ նկարել է ևս երկու դիմանկար՝ Լեդերերների աղջկա՝ Էլիզաբեթ Բահոֆեն ֆոն Էխթի և Սերենայի մոր՝ Շարլոտա Պուլիցերի, նաև զարմուհի Ռիա Մունկի։ Դիմանկարում Սերենան պատկերված է նրբաոճ սպիտակ զգեստով։ Նկարի վրա աշխատանքը տևել է երեք տարի, մինչև մի անգամ 1916 թվականին Սերենան կամայական որոշմամբ նկարը արհեստանոցից տուն է տարել։ Նա արդեն վարժվել էր նկարչի՝ իր աշխատանքների նկատմամբ դժգոհությամբ վերաբերվելուն[4]։ Սերենա Լեդերերը մի քանի տարի Կլիմտից նկարչական դասեր է վերցրել։ Նա թույլ է տվել Կլիմտին իր զգեստապահարանից ընտրել հագուստ իր նկարների մոդելների համար, օրինակ «Շուբերտը կլավիրի մոտ» նկարի համար։ Կլիմտի հանձնարարականով 1912 թվականին Լեդերերի տանը սկսել է հայտնվել նյութական աջակցության հատուկ կարիք ունեցող էգոն Շիլեն, որը չնայած դուր չէր գալիս Սերենային, բայց ընկերացել էր նրա կրտսեր որդու՝ Էրիխի հետ[5]։

Ենթադրվում է, որ հենց Սերենա Լեդերերն է ամեն կերպ նպաստել Լեդերերների գեղարվեստական հավաքածուի ստեղծմանը։ Նա շարունակել է հավաքել Կլիմտի աշխատանքները նաև վերջինիս մահից հետո՝ գնելով Կլիմտի՝ 200 նկարից բաղկացած գրաֆիկների ցուցահանդեսն ամբողջությամբ, որը 1918 թվականին նախապատրաստել էր Գուստավ Նեբեհեյը[5]։ Ավստրիայի անշլյուսից հետո Լեդերերների հավաքածուն «անօրինական տեղափոխումից խուսափելու համար» առգրավվել է և ավելի ուշ՝ ազգայնացվել։ Հավաքածուի մեծ մասը 1945 թվականին ոչնչացել է Իմենդորֆ ամրոցի հրդեհի ժամանակ։

1940 թվականին այրիացած Սերենա Լեդերերին ստիպել են հեռանալ Վիեննայի իր տնից։ Նրա կյանքի վերջին տարիների մասին ոչինչ հայտնի չէ։ Նացիոնալ-սոցիալիստների օրոք Լեդերերի դուստրը՝ Էլիզաբեթ Բահոֆեն ֆոն Էխտը՝ իր մոր կողմից արված երդման հայտարարության և ընտանիքի ընկերների վկայությունների շնորհիվ կարողացել է պաշտոնապես ապացուցել իր արտամուսնական ծագումը և Գուստավ Կլիմտի հայրությունը՝ դրանով իսկ խուսափելով արտաքսումից և ապահովել իր գոյատևումը, ի տարբերություն կիսահրեա եղբայրների։ Սերենայի որդիներին՝ Ֆրիցին և Էրիխի հաջողվել է արտագաղթել։ 1948 թվականին աճուրդի ժամանակ հանկարծ ի հայտ են եկել Սերենա Լեդերերի և նրա դստեր դիմանկարները, որոնք ռեստիտուցիայով հանձնվել են Էրիխ Լեդերերին և այժմ պահվում են Նյու Յորքում[2][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Gaugusch G. (unspecified title) (գերմ.)Wien: Amalthea Signum Verlag, 2016. — S. 1786. — ISBN 978-3-85002-773-1
  2. 2,0 2,1 Horncastle/Weidinger, 2018, Kunst und Antisemitismus
  3. Natter, 2019, Frauendarstellungen
  4. Sternthal, 2005, Die Arbeiten der letzten Jahre
  5. 5,0 5,1 5,2 Sternthal, 2005, Mäzene

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Mona Horncastle, Alfred Weidinger Gustav Klimt. Die Biografie. — 1. Aufl. — Christian Brandstätter Verlag, 2018. — 320 S. — ISBN 9783710602528
  • Barbara Sternthal Diesen Kuss der ganzen Welt. — Wien: Styria Verlag, 2005. — 238 S. — ISBN 978-3222131653
  • Tobias G. Natter Gustav Klimt. Zeichnungen und Gemälde. — Köln: Taschen, 2019. — 663 S. — ISBN 978-3-8365-6287-4
  • Tobias Natter, Gerbert Frodl (Hrsg.): Klimt und die Frauen (Ausstellungskatalog), Dumont Köln 2000 ISBN 3-8321-7271-8
  • Anne-Marie O’Connor: The Lady in Gold, The Extraordinary Tale of Gustav Klimt’s Masterpiece, Portrait of Adele Bloch-Bauer. Alfred A. Knopf, New York, ISBN 0-307-26564-1, 2012
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերենա Լեդերեր» հոդվածին։