Ստեփան Մարկոսյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարկոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Եղիազարի Մարկոսյան | |
---|---|
Ծնվել է | 1937, մայիսի 31 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | 2015, դեկտեմբերի 22 |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | ԵՊՀ-ի ոսկե մեդալ, Անանիա Շիրակացու մեդալ |
Ստեփան Եղիազարի Մարկոսյան (1937, մայիսի 31, Երևան - 2015, դեկտեմբերի 22, Երևան), հայ մաթեմատիկոս, պրոֆեսոր և մանկավարժ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1989)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1937 թվականին Երևանում` 1918 թվականին Մուշից գաղթած ծնողների ընտանիքում։ Երևանի Միքայել Նալբանդյանի անվան դպրոցը արծաթե մեդալով ավարտելուց հետո Ս. Մարկոսյանը շարունակել է ուսումը Երևանի Պետական Համալսարանի Մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում, որն ավարտել է 1961 թվականին։
1961-1969 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ-ի Հաշվողական Կենտրոնում որպես գիտաշխատող։
1968 թ.–ին պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի կոչում։
1969-1970 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես դոցենտ։
1970-1976 թթ. աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (ԵրՄՄԳՀԻ) որպես բաժնի վարիչ։
1963 թ.-ից դասավանդել է Երևանի Պետական Համալսարանում, համատեղելով իր հիմնական աշխատանքը դասավանդման հետ, իսկ 1976 թ. դարձել է ԵՊՀ-ի հիմնական աշխատող։
1989 թ. պաշտպանել է դոկտորական թեզը ՍՍՀՄ ԳԱ-ի Հաշվողական կենտրոնում և նույն տարում ստացել պրոֆեսորի կոչում։
1986-2004 թթ. ղեկավարել է ԵՊՀ-ի Դիսկրետ մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ամբիոնը։
2012 թ.-ից անցել է թոշակի։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ս. Ե. Մարկոսյանը գրաֆների տեսության և մեծ ինտեգրալային սխեմաների (ՄԻՍ) տոպոլոգիայի ավտոմատ նախագծման բնագավառում ՀՀ ճանաչված մասնագետներից է։ Նրա ստացած արդյունքները ընդհանուր ճանաչում են գտել և բարձր գնահատվել տարբեր երկրների մասնագետների կողմից, մասնավորապես ՍՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Ռուսաստանի մաթեմատիկոսների կողմից։ Ստեփան Մարկոսյանի կողմից մշակված և առաջարկված մեթոդներն ու խնդիրները գրաֆների տեսության, հատկապես կատարյալ գրաֆների բնագավառում, հետաքրքրել են հայտնի մասնագետներին, որոնք ուսումնասիրել և հետագայում զարգացրել են այդ արդյունքներից մի քանիսը։ Պրոֆեսոր Մարկոսյանի կողմից սահմանված կրիտիկական ոչ կատարյալ գրաֆների ուսումնասիրությամբ զբաղվել են Գրենոբլի համալսարանի «ԱՐՏԵՄԻՍ» լաբորատորիայի մի խումբ մաթեմատիկոսներ, որոնք Մարկոսյանի և նրա աշակերտների ստացած «սիմետրիկ թեորեմը» անվանել են «Հայկական», ընդունելով նրա առաջնային դերը, ուժեղացրել և ընդլայնել են այն նաև ոչ սիմետրիկ դեպքի համար (A. Sebo, Laboratori ARTEMIS,RR 924, M, Nov. 1993)։ Գրաֆների տեսության բնագավառի մասնագետներին հայտնի են Մարկոսյանի կողմից սահմանված պրոբլեմները կատարյալ գրաֆների վերաբերյալ, որոնք տեղ են գտել գրաֆների ներկման վերաբերյալ մենագրություններում (8.2. Markosyan՝s Perfekt Graph Problems T.Jensen, B.Toft, Graphs coloring problems. 1994)։ Մարկոսյանի կողմից սահմանվել և ուսումնասիրվել է ß-կատարյալ գրաֆների դասը, որն առնչվում է Բերժի կատարյալ գրաֆների հետ։ Հետագայում ß-կատարյալ գրաֆներով զբաղվել են կանադացի, իտալացի և բրազիլացի մաթեմատիկոսները (M.Conforti, G.Cornuejols, A.Kapoor. B.Reed, K.Vaskavic)։ Ստեփան Մարկոսյանը ստացել է հիմնարար արդյունքներ բազիսային գրաֆների, ինտերվալային գրաֆների, օպտիմալ ճյուղավորումների վերաբերյալ։
Մարկոսյանի գիտական հետազոտությունների հիմնական բնագավառներից մյուսը մեծ ինտեգրալային սխեմաների տոպոլոգիայի ավտոմատոմատ նախագծումն է։ Նա առաջիններից մեկն էր, որ 1970-ական թվականներին առաջարկեց «ինտերվալների մեթոդը»։ Այն հետագայում դարձավ ՄԻՍ-երի ֆիզիկական նախագծման հիմնական մեթոդներից մեկը։ Այդ մեթոդի շրջանակներում Ս. Ե. Մարկոսյանի կողմից մշակվել են մի շարք օպտիմալ ալգորիթմներ, որոնք հնարավորություն տվեցին բարձրացնել նախագծման որակը (Вычислительная техника. Каунас, IV, 1973, V, 1974, VI, 1975, ж. «Вопросы радиоэлектроники», сер. ЭВТ, 4, 1972, ж. «Кибернетика», 1, 1974)։ Հայտնի են մի քանի խնդիրների լուծման ալգորիթմներ, որոնց մշակման հարցում Ս. Ե. Մարկոսյանը առաջ էր անցել արտասահմանյան մասնագետներից։ Նրանք տարիներ անց կրկնել են Մարկոսյանի կողմից ստացված արդյունքները (ինտերվալային գրաֆների ներկման, տարբեր տիպի ուղեգծման ալգորիթմներ և այլն)։
Ս. Ե. Մարկոսյանի կողմից կատարվել են նաև պրակտիկ աշխատանքներ։ Նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ մշակվել են ավտոմատ նախագծման համակարգեր, որոնք ներ են դրվել ԵրՄՄԳՀԻ-ում և НИИ «Квант»-ում (Մոսկվա), իսկ նրա մշակված ալգորիթմները կիրառվել են НИЦЭВТ, ЭЛВРО (Լեհաստան) հիմնարկներում։
1990–ականների վերջում Հայաստանում ստեղծվեց ինտեգրալ սխեմաների ավտոմատ նախագծման «ԱՐՍԵԹ» ընկերությունը, որի հիմնադիրներից էր Ս. Ե. Մարկոսյանը։ Հետագայում այդ ընկերությունը դարձավ Սինոփսիս Արմենիա-ի մասը։ Սինոփսիս-ի հետ մեկտեղ Հայաստանում սկսել են գործել նաև Մենթոր Գրաֆիքս, Ինստիգեյթ հայտնի ընկերությունները, որոնք ևս զբաղվում են ինտեգրալ սխեմաների ավտոմատ նախագծմամբ։ Շնորհիվ նաև Ս. Ե. Մարկոսյանի ներդրման, այժմ վերը նշված ոլորտը բավականին զարգացած է Հայաստանում և կազմում է աշխարհի արտադրանքի 5%-ը։
Պրոֆ. Մարկոսյանը հանդիսացել է մի շարք թեկնածուական թեզերի ղեկավար։ Նա ունի մեկ մենագրություն և 60-ից ավելի հրատարակված աշխատանքներ, որոնց մի մասը տպագրվել է միջազգային հեղինակավոր ամսագրերում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Петросян А.В., Маркосян С.Е., Шукурян Ю.Г. Математические вопросы автоматизации проектирования ЭВМ. Е., 1977.