Սևանի ավազան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)
Սևանի գոգավորություն, ֆիզիկա-աշխարհագրական շրջան Հայաստանի արևելյան մասում։ Արևելքից եզրավորվում է Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, հարավից՝ Վարդենիսի, արևմուտքից՝ Գեղամա և Փամբակի լեռնաշղթաներով։ Երկարությունը 120 կմ է, լայնությունը՝ 30-80 կմ, տարածությունը՝ 4891 կմ2[1][2]։
Սևանի գոգավորությունը նեոգեն-չորրորդականի տեկտոնական իջվածք է, որը եռանկյունաձև ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-աարևելք։ Տարածությունը 4891 կմ² է, երկարությունը՝ 120 կմ է, առավելագույն լայնությունը՝ 70 կմ։ Ամենացածրադիր մասը զբաղեցնում է Սևան լիճը։ Արևմուտքում և հարավում մակերևույթը բլրաթմբային։
Լեռնագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզրավորված է Արեգունու, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի, Գեղամա ու Փամբակի լեռնաշղթաներով։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք (երկարությունը՝ 120 կմ, լայնությունը՝ 30-70 կմ)։ Այստեղ տիրապետում են լավասարավանդներն ու հրաբխային կոները։ Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաներից արտավիժած լավաները գոյացրել են քարքարոտ բլուրներ։ Գոգավորության արևելքի մասը կտրտված մակերևույթով ծալքաբեկորավոր լեռների շրջան է՝ կազմված նստվածքային և հրաբխանստվածքային ապարներից։ Այստեղ լեռնաշղթաները լճահայաց կողմում ունեն զառիթափ լանջեր, ջրբաժանը լճափից հեռու է 1-2 կմ։
Հովիտները կարճ են, ոչ խորը և ունեն ձագարաձև ջրհավաք ավազաններ։ Գոգավորությունում կան կուտակումային հարթավայրեր (Ձկնագետի, Գավառագետի, Արգիճիի, Մասրիկի և այլ գետերի հովիտներ), առավել խոշորը Մասրիկի դաշտն է։ Օգտակար հանածոներից կան պեռլիտ, օբսիդիան, հրաբխային խարամ, բազալտ, անդեզիտ, հրակայուն ապարներ, քրոմիտներ, սնդիկ, տորֆ։ Սևանի գոգովորությունը ունի լեռնացամաքային կլիմա։ Զգալի է լճի մեղմացնող ազդեցությունը։
Գրաբենային կառուցվածքը ձևավորվել է խզումնային տեկտոնական շարժումների, կամարածալքային բարձրացումների ու գոգածալքային իջեցումների հետևանքով։ Առավել ճկված մասում առաջացել է Սևանա լիճը, որը Արտանիշ-Նորատուս ստորջրյա լայնական արգելապատով բաժանվում է Մեծ և Փոքր Սևանների։ Ճկվածքով ձգվում է երկրաշարժաակտիվ խախտում, որը միանում է Բազում-Սևանի և Զանգեզուրի խորքային բեկվածքներին։ Փոքր Սևանի ճկվածքը երիտասարդ (միջին-վերին անթրոպոգեն) գրաբեն է, որը ուղղաձիգ տեկտոնական շարժումների հետևանքով մի քանի անգամ ավելի արագ է ճկվել, քան Մեծ Սևանի ճկվածքը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվարի միջին ջերմաստիճանը լճամերձ գոտում -10°С է, ջրբաժաններում՝ - 12°С, հուլիսինը համապատասխանաբար՝ 16°С, 8°С։ Տարեկան տեղումները լճափին 450 մմ են, բարձրադիր վայրերում 850 մմ։ Ձմռանը գոյանում է կայուն ձնածածկույթ։ Անսառնամանիք օրերի թիվը լճափին 150 է, բարձրադիր վայրերում՝ 80-90 օր։ Ձմռանը տիրապետում են արմ․ և հարավ-արևմուտյան ցուրտ հոսանքները։ Լճափնյա գոտուն բնորոշ են բրիզ քամիներ (հատկապես ամռանը)։ Արևափայլքի տևողությունը այնքան է, որքան Թերմեզում և Ալեքսանդրիայում (տարեկան մոտ 2600 ժամ)։ Սևանի գոգավորությունում կա 28 գետ ու գետակ, որոնցից առավել խոշոր են Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Մասրիկը, Դրախտիկը, Ձկնագետը։ Մակերևութային հոսքը սակավ է հրաբխային վայրերում։ Կան բազմաթիվ աղբյուրներ (հատկապես Գեղամա լեռների արևելյան լանջերին) Գավառ, Լիճք բնակավայրերի մոտ, Ձկնագետի, Արգիճի հովիտներում, Արտանիշ թերակղզում ու Մասրիկի դաշտում՝ հանքային ջրերի ելքէր։ Սևանի գոգավորության մինչև 2400 մ բարձրություններում, հրաբխային ապարների վրա (Գեդա և Վարդենիսի լեռներ) տարածված են լեռնային սևահողերը, ծալքավոր լեռնաշղթաներում՝ լեռնաշագանակագույն, գետահովիտներում՝ ալյուվիալ հողերը։ Մասրիկի դաշտում, Մարտունու և Գավառի շրջաններում հանդիպում են ճահճային հողեր։ Հյուսիս-արևմտյան մասին բնորոշ են նաև հողազուրկ քարակարկառները։
Բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոգավորությունում բուսածածկույթի տարածված տիպը լեռնային տափաստանն է (շյողախոտ, փետրախոտ, սեզ, կծմախոտ են)։ Արեգունու լեռնաշղթայում տարածված են տրագանտային տափաստանները։ Լեռների բարձրադիր մասերում տիրապետում են լեռնային մարգագետինները, 2800 մ-ից բարձր՝ ալպյան գորգերը։ Արեգունի և Սևանի լեռնաշղթաներում տեղ-տեղ հանդիպում են թփուտային նոսր անտառներ՝ գիհու, կաղնու, թխկու մասնակցությամբ։ Սևանի լեռնաշղթայում կան փռվող գիհու պուրակներ։ Անտառածածկ է Արտանիշ թերակղզին։ Ձկնագետի հովտում պահպանվել են խոնավ անտառների մնացորդներ։ Սևանի գոգավորության լճից ազատված տարածությունը անտառապատված է սոճու, փշարմավի, բարդու և ուռենու տնկարկներով։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սևանի գոգավորությունում տարածված կենդանիներն են՝ կրծողները, գայլը, աղվեսը, նապաստակը, թռչուններից՝ լեռնային կաքավը, լորը, արտույտը, բադը, սագը, ձկնկուլը են։ Կան սողուններ։ Ափամերձ գոտում ստեղծվել է «Սևան» ազգային պարկը՝ արգելոցներով ու արգելավայրերով։ Սևանի գոգավորությունը հանրապետության խիտ բնակեցված և գյուղատնտեսական նպատակներով ինտենսիվ օգտագործվող շրջաններից է։ Լճափերին գործում են հանգստյան տներ, պիոներական ճամբարներ, տուրիստական բազաներ և հանգստի այլ օբյեկտներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 108 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 578 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |