Jump to content

Վելինգտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վելինգտոն
Wellington / Te Whanganui-a-Tara
Զինանշան

ԵրկիրՆոր Զելանդիա Նոր Զելանդիա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքՎելինգտոն Սիթի
Հիմնադրված է1839 թ.
Մակերես290 կմ²
ԲԾՄ0±1 մետր
Բնակչություն431 400 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+12
Հեռախոսային կոդ+64 4
Փոստային դասիչ5010, 5011, 5012, 5013, 5014, 5016, 5018, 5019, 5022, 5024, 5026, 5028, 6011, 6012, 6021, 6022, 6023, 6035 և 6037
Պաշտոնական կայքwellingtonnz.com
Վելինգտոն (Նոր Զելանդիա)##
Վելինգտոն (Նոր Զելանդիա)

Վելինգտոն (անգլ.՝ Wellington), Նոր Զելանդիայի մայրաքաղաքն է, բնակչության թվով երկրորդ քաղաքն է երկրում, Օվկիանիայի երկրների թվում խոշորագույն և աշխարհի ամենահարավային մայրաքաղաքն է[1]։ Քաղաքը գտնվում է Վելինգտոնի շրջանում, Հյուսիսային կղզու հարավային մասում։ Վելինգտոնի մաորիական անվանումն է՝ Տե Ֆանաուի-ա-Տարա (մաորի՝ Te Whanganui-a-Tara)։

Վելինգտոն քաղաքը իր անունը ստացել է Վելինգտոնի 1-ին դուքս Արթուր Ուելսլիի պատվին, ով հայտնի բրիտանական զորահրամանատար էր, Վաթեռլոոյի ճակատամարտի հաղթող, Մեծ Բրիտանիայի վարչապետ, ով աջակցել է քաղաքի հիմնադիր Ուիլյամ Ուեյքֆիլդի գաղութացման ծրագրի սկզբունքներին[2]։

Նոր Զելանդիայի բուն բնակիչների՝ պոլինեզիական մաորի ժողովրդի շրջանում քաղաքը հայտնի է երեք անուններով։ Դրանցից մեկը՝ Տե Ֆանգա-նուի-ա-Տարա (մաորի՝ Te Whanga-nui-a-Tara, թարգմանվում է որպես «մեծ ծովախորշ Տարա»)[3]։ Երկրորդը՝ Պոնեկե (մաորի՝ Pōneke), երրորդը՝ Տե Ուպոկո-օ-տե-Իկա-ա-Մաուի (մաորի՝ Te Upoko-o-te-Ika-a-Māui, թարգմանաբար նշանակում է «Մաուի ձկան գլուխ»)[4]։ Բացի այդ, Վելինգտոնը ունի մի քանի մականուններ՝ Մայրաքաղաք-ծովախորշ (անգլ.՝ The Harbour Capital), Վելիվուդ (անգլ.՝ Wellywood)[5] և Քամիների քաղաք (անգլ.՝ Windy City

2012 թվականի նոյեմբերին Վելինգտոնը մեկ շաբաթով պաշտոնապես անվանափոխվել էր Միդլ-օֆ-Միդլ-էրս (անգլ.՝ Middle of Middle-earth, այսինքն՝ «Միջերկրյա կենտրոնը»)[6]։

Բնական պայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելինգտոնը գտնվում է Հյուսիսային կղզու հարավարևմտյան հատվածում, հրաբխային ծագում ունեցող Վելինգտոն ծովախորշի ափին, որը համարվում է Հյուսիսային և Հարավային կղզիները իրարից բաժանող Կուկի նեղուցի մի մասը։ Պարզ եղանակին քաղաքից երևում են Կաիկոուրա լեռները, որոնք գտնվում են Հարավային կղզում։ Քաղաքից դեպի հյուսիս գտնվում են առափնյայի Կապիտի ծովափերը, արևելքում՝ Ռիմուտակա լեռները։

Վելինգտոնում շատ հաճախ են լինում ուժեղ փոթորիկները։ Կլիման ծովային մերձարևադարձային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը +16 է, իսկ հուլիսին՝ մոտ +8 աստիճան։ Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 1445 մմ է, հիմնականում անձրևների տեսքով։ Ձյուն տեղում է միայն լեռներում։ Քաղաքը սեյսմավտանգ է համարվում։ Բնական բուսականությունը ներկայացված է ծառերով և թփուտներով, որոնց թվում շատ են մշտադալար տեսակները։

Քաղաքում են տեղակայված 102 պարկ, ինչպես նաև հանգստի և ժամանցի վայրերը։ Վելինգտոնի մակերեսը կազմում է 289,9 կմ²[7]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի տվյալներով Վելինգտոնի քաղաքային գոտու բնակչության թիվը կազմում էր մոտ 460 հազար մարդ, իսկ գործնական կենտրոնի բնակչության թիվը (անգլ.՝ Wellington City)՝190 500 մարդ[7]։ Քաղաքին հարող բնակավայրերում, որոնք տարածաշրջանային մակարդակով պատկանում են «մեծ Վելինգտոնին» բնակվում է ևս 182 000 մարդ։ Բնակչության տարեկան աճը կազմում է միջինը 3,5 %։

Բնակչության թվի մոտ 19 %-ը կազմում են 15 տարեկանից ցածր երեխաները և 9 %՝ 65 տարեկանից բարձր մարդիկ։ Էթնիկ խմբերի թվում գերակշռում են եվրոպացիները (70,2 %)։ Հաջորդ խոշոր էթնիկ խումբն են համարվում մաորիները՝ քաղաքի բնակչության մոտ 7,8 %-ը[8]։ Բնակչության մնացյալ մասը հիմնականում կազմում են տարբեր ասիական ժողովուրդների և Պոլինեզիայի երկրների ներկայացուցիչները։

Հաղորդակցության հիմնական լեզուն անգլերենն է։ Այլ առավել հաճախ կիրառվող լեզուներն են համարվում ֆրանսերենը, մաորին, սամոան, գերմաներենը և չինարենը։

Վելինգտոնի բնակիչների մեծ մասը քրիստոնեություն են դավանում։ Կան նաև իսլամի, հուդայականության և բուդդիզմի հետևորդներ։

Զարգացման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի սկզբին սկսվեց եվրոպացիների կողմից մաորիների արմատական բնակիչների տարածքների գրավման գործընթացը։ 1839 թվականին գնդապետ Ուիլյամ Ուեյքվիլդը, ով ծառայում էր Նորզելանդական ընկերությունում, քաղաք է հիմնել դրա այժմյան գտնվելու վայրից քիչ հյուսիս։ Սակայն 1840 թվականին Հաթ գետի ուժեղ հոսքի պատճառով բնակիչները ստիպված էին վերաբնակեցվել քիչ հարավ։ Առաջին վերաբնակիչները քաղաքը անվանել են Վելինգտոն՝ ֆելդմարշալ դուքս Արթուր Ուելսլի Վելինգտոնի պատվին, ով գլխավորում էր միացյալ անգլա-հոլանդական զորքերը, որպես շնորհակալություն այն օգնության համար, որը նա ցուցաբերել է առաջին վերաբնակիչներին։ Ուժեղ երկրաշարժը 1848 թվականին խոշոր ավերածություններ է պատճառել քաղաքին, իսկ 1854 թվականին նույն պատճառով զոհվել են բազմաթիվ մարդիկ։ 1865 թվականին Վելինգտոնը դարձել է Նոր Զելանդիայի մայրաքաղաքը, որն էլ մնում է մինչ օրս։

Մշակութային նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելինգտոնը գեղեցիկ և հարմարավետ քաղաք է, կամուրջների, ուղեկամուրջների, թունելների, զբոսայգիների և զբոսապուրակների մեծ թվով։ Բազմազան է նրա ճարտարապետական կերպարը՝ էկլեկտիկական կառույցները, որոնք վերաբերում են XIX դարին և XX դարի առաջին կեսին, քաղաքի փողոցներում համակցվում են ժամանակակից ոճի շինությունների և զանգվածային փայտե կառույցների հետ։ Մայրաքաղաքի հետաքրքիր շինություններից է համարվում խորհրդարանի կլոր շենքը, որը քաղաքաբնակները անվանում են փեթակ։ Խորհրդարանի դիմաց գտնվում է կառավարության նախկին պալատը, որն իր մեծությամբ աշխարհի երկրորդ փայտե շինությունն է։ Մեծ ուշադրություն է գրավում նաև Պողոս առաքյալի տաճարը։ Տպավորիչ է մայրաքաղաքի բուսաբանական այգին, որը գտնվում է բարձր լեռան լանջին։ Քաղաքի առանձնահատուկ հպարտությունն է համարվում նաև կենդանաբանական այգին, որտեղ կենդանիները բնակվում են ոչ թե վանդակներում, այլ ընդարձակ բաց տարածքներում։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «New Zealand». CIA. World Factbook. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 17 ноября 2008-ին.
  2. «WELLINGTON CITY. Settlement and Growth». An Encyclopaedia of New Zealand. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 17 ноября 2008-ին.
  3. «Wellington Region» (PDF). Lonely Planet. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 17 ноября 2008-ին.
  4. «Te Ara o nga Tupuna». Wellington City Libraries. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 17 ноября 2008-ին.
  5. «Story Leads». Positively Wellington Tourism. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 17 ноября 2008-ին.
  6. Столица Новой Зеландии превратится в Середину Средиземья
  7. 7,0 7,1 «Overview». Wellington City Council. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 18 ноября 2008-ին.
  8. «Population». Positively Wellington Tourism. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 18 ноября 2008-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վելինգտոն» հոդվածին։