Վուդրո Վիլսոնի 14 կետեր
Վուդրո Վիլսոնի 14 կետեր (14 Points of Woodrow Wilson) կամ «Ուղերձ Կոնգրեսին, որը հայտարարում է Միացյալ Նահանգների պատերազմի նպատակներն ու խաղաղության պայմանները» (Address to Congress, Stating the War Aims and Peace Terms of the United States), 1918 թվականի հունվարի 8-ին Կոնգրեսի համատեղ նիստին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ներկայացրած ուղերձ, որտեղ շարադրված էին ԱՄՆ բարձրագույն իշխանավորի և արտաքին քաղաքականության համար անմիջական պատասխանատուի հայացքները հետպատերազմյան (Առաջին համաշխարհային պատերազմ) աշխարհակարգի վերաբերյալ։ Այն մինչ օրս ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնարար փաստաթղթերից է[1]։
Իր «14 կետեր» ծրագրով Վիլսոնը էապես պայմանավորեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ի համաշխարհային տերություն դառնալու իրողությունը։ 14 սկզբունքներից բաղկացած այս «խաղաղության ծրագիրը» իր պարզությամբ և մեծահոգությամբ գրավեց եվրոպական հասարակական կարծիքի աջակցությունը։ Այստեղ նոր աշխարհակարգի կառուցման համապատկերում ժողովրդավարության անվտանգությունն ապահովելու համար Վուդրո Վիլսոնը առաջադրում էր «կոլեկտիվ անվտանգության» սկզբունքը։ Դրա իրականացմանն էլ պետք է միտված լիներ «Ազգերի Լիգա» համաշխարհային կազմակերպության գործունեությունը։ Ըստ էության Վիլսոնի գաղափարները պետք է վերածվեին ինստիտուտների՝ համարժեք համաշխարհային կառավարության, որին ամերիկյան ժողովուրդը, հասարակական և քաղաքական միտքը դեռևս պատրաստ չէր[2]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ը, դառնալով հաղթող պետություններից մեկը, մասնակցել է Վերսալի հաշտության պայմանագրի կնքմանը, որտեղ Վիլսոնը հանդես է եկել իր խաղաղության ծրագրով՝ «14 կետեր»-ով.
- բաց դիվանագիտություն
- ծովերում նավագնացության բացարձակ ազատություն
- առևտրի ազատություն, մաքսային արգելքների վերացում
- ազգային զինված ուժերի կրճատում
- գաղութային հարցերի անկանխակալ կարգավորում
- ռուսական տարածքների ազատագրում
- Բելգիայի ազատագրում և պետության վերականգնում
- Գերմանիայի կողմից բռնազավթված ֆրանսիական տարածքների վերադարձ՝ ներառյալ Էլզաս-Լոթարինգիան
- Իտալիայի սահմանների ճշգրտում
- Ավստրո-Հունգարիայի ժողովուրդներին ինքնիշխանության տրամադրում
- Գերմանիայի կողմից բռնազավթված Ռումինիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի տարածքների ազատագրում
- Օսմանյան կայսրության ներկայիս թուրքական մասի համար պետք է հավաստել անվտանգ ինքնիշխանություն, սակայն մյուս ազգերի համար, որոնք ներկայումս գտնվում են թուրքական իշխանության տակ, պետք է ապահովել կյանքի աներկբա անվտանգություն և ինքնավար զարգացման կատարելապես անխափան հնարավորություն։ Դարդանելը պետք է մշտապես բաց լինի նավերի ազատ անցումի և բոլոր ազգերի առևտրի համար’ միջազգային երաշխիքներով
- Լեհաստանի անկախ պետության ստեղծում
- Ազգերի համընդհանուր միության (Ազգերի Լիգա) ստեղծում[2]։
Վիլսոնի 14 կետերն ու Հայաստանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սույն փաստաթղթի 12-րդ կետն անմիջականորեն վերաբերում էր հայ ժողովրդի ապագային և ստեղծվելիք Հայաստանի Հանրապետությանը։ Այն միանշանակորեն շեշտում էր Օսմանյան կայսրության ոչ թուրք ազգերի, մասնավորապես հայության, ազատորեն ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը։
Ներկայիս Օսմանյան կայսրության թուրքական մասի համար պետք է հավաստել անվտանգ ինքնիշխանություն, սակայն մյուս ազգերի համար, որոնք ներկայումս գտնվում են թուրքական իշխանության տակ, պետք է ապահովել կյանքի աներկբա անվտանգություն և ինքնավար զարգացման կատարելապես անխափան հնարավո-րություն, Դարդանելը, որպես ազատ ջրուղի, միջազ-գային երաշխիքների ներքո, մշտապես պետք է բաց լինի բոլոր երկրների նավերի և առևտրի համար[3] - Ուղերձի 12-րդ կետ
|
Թեև Վիլսոնի ուղերձում առանձնանշված չէ որևէ երկիր, այսուհանդերձ, անտարակույս, ԱՄՆ նախագահի ուղերձը վերաբերում էր նաև Հայաստանին։ Վիլսոնը սույն ուղերձի վրա, իր խորհրդական, գնդապետ Էդվարդ Հաուզի (Edward House) հետ միասին, աշխատել է 1918 թվականի հունվարի 4-ին, 5-ին և 7-ին։ Այդ մասին վկայված է նախագահի խորհրդականի օրագրի մեջ։ Ահա թե ինչ է արձանագրում Հաուզը 1918 թվականի հունվարի 7-ին՝
Երբ գրվել էր Թուրքիային վերաբերող պարբերությունը, նախագահը մտածեց, որ այն պետք է դարձնել ավելի հստակ, որ Հայաստանը, Միջագետքը, Սիրիան և այլ մասերը պետք է նշվեն անուններով։ Ես չհամաձայնեցի սրա հետ, հավատացած լինելով, որ այն ինչ ասված է բավարար է ցույց տալու համար դա, և ի վերջո ամեն ինչ մնաց այնպես, ինչպես ձևակերպված էր սկզբում[4]։ |
Ի լրումն և ի հաստատումն այս վկայության, վերոհիշյալ ուղերձի պաշտոնական մեկնաբանության մեջ (Official American Commentary on the Fourteen Points), հղված Փարիզի խաղաղության վեհաժողովում ԱՄՆ պաշտոնական պատվիրակությանը (հոկտեմբերի 30, 1918), նախագահ Վիլսոնը, անդրադառնալով իր ծրագրային ուղերձի 12-րդ կետին, տալիս է իր պատկերացումները Թուրքիայի ապագայի և նախնական դիրքորոշումը՝ Հայաստանի սահմանների վերաբերյալ՝
Հայաստանին պետք է տրվի նավահանգիստ Միջերկրականի ծովափում, և հաստատվի հովանավորող ուժ։ Ֆրանսիան կարող է հավակնել դրան, սակայն հայերը կնախընտրեն Մեծ Բրիտանիան[5]։ |
Իր հերթին, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հանձնարարականը, գնդապետ Հաուզը, ով նաև Փարիզի Խաղաղության վեհաժողովում ԱՄՆ պաշտոնական պատվիրակության ղեկավարն էր, գրում է. «Մերձավոր արևելքում նախագահ Վիլսոնի նպատակն էր Կոստանդնուպոլսի համար ապահովել միջազգային վերահսկողություն, Անատոլիան տալ թուրքերին և ստեղծել անկախ Հայաստան»[6]։
Հայերին թուրքական լծից ազատագրված տեսնելու իր այս ձգտումը նախագահ Վիլսոնը վերահաստատել է Հռոմի Բենեդիկտոս XV պապին 1918 թվականի դեկտեմբերի 24-ին գրած նամակում. «Վստահեցնում եմ Ձեզ, որ խոսում եմ ոչ միայն իմ, այլև ողջ ամերիկյան ժողովրդի անունից, երբ ասում եմ, որ ոչ մի այլ ժողովրդի տառապանք այդքան խորապես չի խռովել ամերիկացիներին, որքան հայերինը։ Վստահաբար, իմ ամենանվիրական ձգտումներից է լինելու կարողությանս չափով մասնակցություն ունենալ, ապահովելու համար այդ անիրավված և տարաբախտ ժողովրդի օրինավոր և ամբողջական ազատագրումը անարդար լծից»[7]։
ԱՄՆ նախագահ Վիլսոնն իր մեկ այլ ուղերձում (սեպտեմբերի 23, 1919) հստակորեն նշում է. «Հայաստանը մեկն է այն շրջաններից, որը պետք է լինի Ազգերի լիգայի խնամակալության ներքո։ Հայաստանը պետք է ազատվի։ Թուրքին պետք է արգելվի իշխանություն բանեցնել այնտեղ, և քրիստոնյա ժողովուրդներին ոչ միայն պետք է թույլ տրվի օգնել Հայաստանին, այլև նրանց պետք է թույլ տրվի պաշտպանել Հայաստանը»[8]։ Ավելին, նույն ուղերձի մեջ նախագահ Վիլսոնը, վկայակոչելով հայոց ջարդերը Թուրքիայում, միանշանակորեն մեղադրում է Թուրքիայի կառավարությանը. «Թուրքական կառավարությունը պետք է ասի, որ ի վիճակի չի եղել կանխելու ահավոր ջարդերը, որոնք այդ երկիրը դարձրել են գերեզմանոց»[8]։
Թուրքիան Վուդրո Վիլսոնի առաջադրած սկզբունքները միանշանակորեն ճանաչել է որպես խաղաղության բանակցությունների հիմք։ Օսմանյան կառավարությունը զինադադարի իր պաշտոնական գրության մեջ (14.10.1918 թ) հայտարարել է. «Ինքը (Օսմանյան կայսերական կառավարությունը) որպես բանակցությունների հիմք է ընդունում այն ծրագիրը, որն առաջադրվել է ԱՄՆ նախագահի կողմից Կոնգրեսին հղված 1918 թվականի հունվարի 8-ի ուղերձում»[9]։ Միմիայն այս պարտավորությունն ի նկատի ունենալով է, որ ամերիկացիները միջնորդել են դադարացնել ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ և կնքել Մուդրոսի զինադադարը (30.10.1918 թ.)[10]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Basic Documents in the United States Foreign Policy (by Brockway T.), NJ, 1968, p. 71-4
- ↑ 2,0 2,1 «Վուդրո Վիլսոնի 14 կետեր». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ President Woodrow Wilson. Address to Congress, Stating War Aims and Peace Terms (Delivered in Joint Session, 8 January 1918), p. 470. (In: The Messages and Papers of Woodrow Wilson, Vol. I, NY, 1924, p. 464-72)
- ↑ The Diary of Colonel House, 7 Jan 1918, p. 332. (In: The Intimate Papers of Colonel House, (by Seymour C.), Boston-New York, 1928, Vol. III)
- ↑ Official American Commentary on the Fourteen Points, p. 199-200. (In: The Intimate Papers of Colonel House, (by Seymour C.), Boston-New York, 1928, Vol. IV)
- ↑ Commentary on Fourteen Points, Colonel House to the President [cablegram], p. 157. (In: The Intimate Papers of Colonel House, (by Seymour C.), Boston-New York, 1928, Vol. IV)
- ↑ Quoted in: Somakian M.J. Empires in Conflict: Armenia and the Great Powers, 1895-1920. London, 1995, p. 256
- ↑ 8,0 8,1 Addresses Delivered on Western Tour, at Tabernacle, Salt Lake City, Utah, 23 Sep 1919, p. 358-9. (In: War and Peace, Presidential Messages, Addresses, and Public Papers (1917-1924) by Woodrow Wilson. Vol. II (ed. Baker R.S., Dodd W.E.), NY, 1927, p. 346-65
- ↑ Scott J.B. Official Statements of War and Peace Proposals, December 1916 to November 1918. Washington, 1921, p. 419
- ↑ The Time, London, 2 Nov 1918, p. 7
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արա Պապյան - Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու), Ասողիկ, Երևան, 2012 (ISBN 978-9939-50-190-1, ՀՏԴ՝ 941(479.25)։341(045), ԳՄԴ՝ 63.3(2Հ) + 67.91ց1, Պ234։ Համակարգչային շարվածքը և ձևավորումը՝ Դավիթ Օ. Աբրահամյանի)
- Всемирная история։ люди, события, даты / Иллюстрир. энцикл. для всей семьи։ Пер. с англ. // Copyright © 2001 ЗАО «Издательский Дом Ридерз Дайджест» // ISBN 5-89355-035-8