Jump to content

Տեսողական պատրանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեսողական պատրանք (օպտիկական պատրանք), բնութագրվում է ընկալվող տեսողական պատկերներով, որոնք տարբերվում են օբյեկտիվ իրականությունից։ Տեսողական պատրանքները իրականության աղճատված ընկալումների հայտնի ձևերից են։

Օպտիկական խաբկանքը հատուկ է ողջ տեսողական ապարատին և չի վերանում բազմակի դիտումների դեպքում։

Տեսողական պատրանքներն առաջ են գալիս ոչ թե աչքերում, այլ տեսողական անալիզատորի ուղեղային կենտրոններում։

Նկարի տեսողական շրջման օրինակ։ Մեկ տեսնում ենք սկահակ, մեկ՝ իրար նայող դեմքեր

Տեսողական (օպտիկական) պատրանքների պատճառները ուսումնասիրվում են ինչպես տեսողության ֆիզիոլոգիայում, այնպես էլ տեսողական ընկալման հոգեբանության ուսումնասիրությունների շրջանակում։

Արվեստի պատկերներում կանխամտածված հեռանկարային խեղաթյուրումն առաջացնում է հատուկ էֆեկտներ, իր աշխատանքներով հայտնի է Մորիս Էշերը (տես, օրինակ, նրա վիմագրություն «Վեր ու վար» (1947 թ․), «Ուռուցիկ և գոգավոր» (1955 թ․), «Ամառանոց» (1958 թ.) և այլն)[1]։

Տեսողական պատրանքների ստեղծումը հաճախ եղել է Սալվադոր Դալիի աշխատանքների թեման (տես, օրինակ, նրա նկարները «Ստրուկների շուկա՝ Վոլտերի անտեսանելի կիսանդրիի ֆենոմենով » (1938 թ.), «Կարապներ՝ արտացոլված փղերի մեջ» (1937 թ․) և այլն)։

Որոշ օպտիկական պատրանքներ ուսումնասիրվել են գեշտալտ հոգեբանության շրջանակներում։

Գոյություն ունեն երեք հիմնական տիպի տեսողական պատրանքներ.

  • բուն տեսողական (օպտիկական) պատրանքներ,
  • ֆիզիոլոգիական պատրանքներ (պայծառություն, գույն, չափ, տեղադրություն, շարժում),
  • իմացական, ճանաչողական (կոգնիտիվ) պատրանքներ, որոնք անգիտակից վիճակում արված հետևությունների արդյունք են։
Բադ–նապաստակ պատրանք

Ախտաբանական տեսողական պատրանքները առաջանում են տեսողական ընկալման հոգեբանական մեխանիզմների պաթոլոգիական չափազանցության հետևանքով՝ առաջ բերելով վերոհիշյալ տեսակի պատրանքներ։

Օպտիկական խաբկանքների ճնշող մասի համար պատասխանատու է ողջ տեսողական ապարատը, ներառյալ նաև ուղեղային հատվածները։ Առաջին փուլը ազդանշանի առանձնացումն է ֆոնից, այդ փուլով պայմանավորված ընկալման սխալները կազմում են օպտիկական խաբկանքների առանձին խումբ, որոնց գոյության վրա է հիմնված պաշտպանական գունավորման կիրառումը քողարկման նպատակով (այս երևույթը լայնորեն տարածված է նաև կենդանական աշխարհում, տես միմիկրիա)։ Երկրորդ փուլի՝ տեսողական ազդանշանների դասակարգման հետ են կապված այն օպտիկական խաբկանքները, որոնցում կառուցվածքային կամ հոծ ֆոնը հանգեցնում է պատկերների ջոկման կամ դրանց պարամետրերի (պայծառության, ձևի, փոխդասավորության և այլն) գնահատման սխալների։ Վերջապես, տարածված են նաև այնպիսի օպտիկական խաբկանքներ, որոնք կապված են տեսողական ինֆորմացիայի մշակման երրորդ՝ վերջին փուլի սխալների հետ, այսինքն՝ դիտարկվող օբյեկտների բնութագրերի (մակերես, երկարություն, անկյուններ) գնահատման սխալների, ինչպես նաև հեռանկարային աղավաղումների հետ։ Դիտվող օբյեկտի շարժման կամ ժամանակի ընթացքում փոփոխման դեպքում տեսողական ընկալման պրոցեսը բարդանում է․ առաջ են գալիս, այսպես կոչված, դինամիկ օպտիկական խաբկանքներ, ի տարբերություն վերը թվարկված ստատիկ օպտիկական խաբկանքների։ Օրինակ, եթե շարժվող առարկային երկար նայելուց հետո հանկարծակի ընդհատվի դիտումը, ապա առաջ կգա այդ առարկայի հակառակ շարժման խաբկանք։ Այս խմբին են դասվում նաև տեսողության իներցիայի հետ կապված օպտիկական խաբկանքները, որոնց օգտագործման վրա են հիմնված կինոն և հեռուստատեսությունը։

Պատրանքային եռանկյունիներ

Պատրանքները հալյուցինացիաներից (զգայապատրանքներից, զգայախաբկանքներից) տարբերվում են նրանով, որ այս դեպքում ընկալվող օբյեկտները իսկապես կան և գտնվում են մարդու առջև։

Պատրանքն ունի իրական հիմք, հալյուցինացիան լիովին հնարված է, հոգեկան պաթոլոգիայի արդյունք է։ Պատրանքներն ամենից առաջ լինում են ընկալման գործընթացներում։

Էյմսի սենյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Ալբերտ Էյմս-կրտսերի մտածած սենյակը եռաչափ տեսողական պատրանքի օրինակ է։ Սենյակը այնպես է պատրաստված, որ դիմացից դիտելիս կարծես թե նորմալ է. ուղղահայաց պատեր և առաստաղ։ Իրականում սենյակի ձևը սեղան է, որի ավելի երկար պատը շատ սուր անկյան տակ է գտնվում մյուս պատի հետ և, համապատասխանաբար, բութ անկյան տակ՝ մյուս պատի հետ։ Աջ անկյունն այս ձևով զգալիորեն ավելի մոտ է դիտորդին, քան ձախը։ Համապատասխան աղավաղված շախմատի տախտակի պատկերով պատկերազարդված հատակին և պատերին, տեսողական պատրանքի շնորհիվ, առջևի անկյունում կանգնած մարդը կարծես մի հսկա է՝ համեմատած ավելի հեռվում կանգնած մարդու հետ։ Երբ մարդը մի անկյունից մյուս անկյուն է շարժվում, դիտորդին թվում է, թե նա կտրուկ մեծանում կամ փոքրանում է[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. M.C.Escher Graphic und Zeichnungen. TASCEN GmbH/ 2002 ISBN 3-8228-1307-9
  2. Пример: https://www.youtube.com/watch?v=o06AfoXfO-Q
  3. Bangio Pinna, Gavin Brelstaff, Lothar Spillman (2001). «Surface color from boundaries: a new watercolor illusion». Vision Research. 41 (20): 2669–2676. doi:10.1016/s0042-6989(01)00105-5. PMID 11520512.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Hoffmann, Donald D. (1998). Visual Intelligence. How we create what we see. Norton., p.174
  5. Stephen Grossberg, Baingio Pinna (2012). «Neural Dynamics of Gestalt Principles of Perceptual Organization: From Grouping to Shape and Meaning» (PDF). Gestalt Theory. 34 (3+4): 399–482. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-10-04-ին. Վերցված է 2014-12-07-ին. {{cite journal}}: Cite has empty unknown parameter: |month= (օգնություն); Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Pinna, B., Gregory, R.L. (2002). «Shifts of Edges and Deformations of Patterns». Perception. 31 (12): 1503–1508. PMID 12916675.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Նալչաջյան Ա․ Ա․ (1991). Ընդհանուր հոգեբանության հիմունքներ («Լույս» ed.). Երևան. էջ 512էջ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) ISBN 5-545-00785-7
  • С. Толанский (1967). Оптические иллюзии («Мир» ed.). М․. էջ 128 с.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • О. Рутерсвард (1990). Невозможные фигуры («Стройиздат» ed.). М․. էջ 128.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)ISBN 5-274-01323-6

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Օպտիկական խաբկանք» հոդվածից (հ․ 12, էջ 558 )։