Օժիտ
Միջանձնային հարաբերություններ |
---|
Օժիտ, ամուսնության համար նախատեսված, հարսնացուի ծնողների կողմից հատկացվող ունեցվածք։ Նախկինում հաճախ նրանից էր կախված հարսնացուի հեղինակությունը։ Այսօր շատ երկրներում հարսնացուին օժիտ տալը որոշակի փոփոխություններ է կրել, սակայն լիովին չի անհետացել։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդաբար օժիտը հավաքվել է փեսացուներին գրավելու նպատակով։ Առանձնակի հետաքրքրված են եղել փեսացուի ծնողները, ում մոտ պետք է տեղափոխվեր ապագա հարսնացուն։ Միջնադարում, կապված վաղ ամուսնությունների հետ (14—16 տարեկան), քիչ թե շատ ունևոր ընտանիքները օժիտ սկսում էին հավաքել աղջկա ծնվելուց անմիջապես հետո։ Եթե աղջիկը մահանում էր (մանկական մահացությունը բարձր մակարդակ ուներ), այն բաժանվում էր այլ աղջիկների։ Օժիտ հավաքելով զբաղված էր հատկապես աղջկա մայրը։ Հետագայում գործընթացին ներգրավվեց նաև հարսնացուն։ Օժիտի ստանդարտ հավաքածուն իր մեջ հիմնականում ներառում էր վերմակ֊ներքնակներ, բարձեր, ծածկոցներ, վարագույրներ, ձեռագործ անկողնային սավաններ, բարձի երեսներ, բազմապիսի ամանների հավաքածուներ, ոսկեղեն, զարդեր, գորգեր, բյուրեղապակի և այլն։ Օժիտը պահվում էր մեկ կամ մի քանի սնդուկների կամ զարդատուփերի մեջ, որոնք նույնպես իրենցից ներկայացնում էին գործնական կամ գեղարվեստական արժեք և տարվում էին հարսի կողմից։ Ավելի ուշ սրանց ավելացվեցին զգալի գումարներ, արժեթղթեր[1]։
Տարածաշրջանային առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում ինչպես նաև այժմ օժիտ հավաքելու առանձնահատկությունները տարբեր են՝ կախված յուրաքանչյուր երկրի մշակույթից։ Հունաստանում մինչև 20֊րդ դարի կեսերը անօժիտ հարսնացուի համար գործնականում հնարավոր չէր ամուսնանալ նույնիսկ լիովին սնանկացած տղամարդու հետ։ Հնդկաստանում շատ աղքատ ընտանիքներում օժիտ տալու հնարավորություն չունենալու պատճառով սպանում էին իգական սեռի երեխաներին, ինչն էլ հանգեցրել է սեռային անհավասարության[2][3][4]։
Օժիտ տալու ավանդույթը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օժիտ տալու ավանդույթը Հայաստանում նույնպես դարերի ավանդույթ ունի։ Տարբեր ժամանակներում այն կոչվել է հարսնօժիտ, բաժինք, հարսնաբաժինք, թախանձք, կտիր, կտիրք, պռույգ, հարսնափայ, ջհեզՃոխ և այլն։ Տարբեր տարածաշրջաններում օժիտ տալու սովորույթները նույնպես տարբեր են։
Օժիտը Լոռիում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարսի օժիտը, որը տեղական բարբառով կոչվել է բաժինք, փեսայի տուն է տարվել հարսանիքի ժամանակ։ Արկղի մեջ դարսված, բերել դրել են հանդիսականների առաջ։ Մեկ֊մեկ ցուցադրելուց հետո նշվել է նաև հարսի բարեկամների կողմից նվիրաբերված ընծաները։ Այնուհետև հարսի կողմից մի երեխա նստել է օժիտի վրա մինչև փեսայի հայրը գումար չի տվել, որից հետո միայն օժիտը տեղափոխել են փեսայի տուն[5]։
Օժիտը Գավառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օժիտը գավառցիների հարսանիքների պարտադիր մասն է։ Օժիտի մեջ առաջնահերթը «քյավառա ավանդական փախլավան է», որ հարսի ծնողները տանում են փեսայի տուն։ Սակայն ամուսնացող աղջիկն իր օժիտում քաղցրահամ փախլավայից բացի, պարտադիր պետք է ունենար կահույք, անկողնային պարագաներ, հագուստ, կոշկեղեն, պայուսակներ (պարտադիր մի քանի զույգ), սպասք, լվացքի մեքենա, մազերի հարդարման պարագաներ, փոշեկուլ, խոհանոցային պարագաներ, արդուկ, անգամ թել ու ասեղ[6]։
Օժիտի հանձնումն էլ հատուկ արարողություն էր, որը որոշակի կանոնների էր ենթարկվում։
Հարսի մայրը, քույրերը և այլ մերձավոր ու ազգական կանայք հավաքվում էին՝ հարսի օժիտը հանդիսավոր կերպով տանելու։ Խնամու տանը օժիտ բերող կանանց հյուրասիրում էին և հետո միայն բացում օժիտի կապոցը։ Բացող կինը, ով հարսի բարեկամներից պետք է լիներ, տղայի մորից նվեր ստանալով, մեկ-մեկ ցույց էր տալիս և գովաբանում օժիտի պարունակությունը, այլ կերպ ասած՝ ծաղկացնում էր այն։
Հարսի օժիտը պետք է կազմված լիներ երկու մասից` նորապսակների համար նախատեսված իրերից և տղայի հարազատների համար նախատեսված նվերներից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Многие некогда обязательные свадебные обряды сегодня или преданы забвению или получили более современное звучание. Одна из таких древних традиций – приданое невесты. Как выглядит обряд приданого на современный лад.
- ↑ Teays, Wanda (1991). «The Burning Bride: The Dowry Problem in India». Journal of Feminist Studies in Religion. 7 (2): 29–52.
- ↑ Srinivasan, Padma; Gary R. Lee (2004). «The Dowry System in Northern India: Women's Attitudes and Social Change». Journal of Marriage and Family. 66 (5): 1108–1117. doi:10.1111/j.0022-2445.2004.00081.x.
- ↑ Bloch, Francis; Vijayendra Rao (2002). «Terror as a Bargaining Instrument: A Case Study of Dowry Violence in Rural India». The American Economic Review. 92 (4): 1029–1043. doi:10.1257/00028280260344588.
- ↑ Լալայեան, Երուանդ (1904). Ընտանեկան բարք. Ամուսնութիւն և հարսանիքի սովորութիւններ. Ազգագրական հանդէս.
- ↑ http://mynews.am/hy/content/%C2%AB%D6%84%D5%B5%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BC%D5%A1-%D6%85%D5%AA%D5%AB%D5%BF%C2%BB
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օժիտ» հոդվածին։ |
|