Jump to content

Արղանա-Մադեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Արղանա-Մադեն
թուրքերեն՝ Maden
Վարչական տարածքԹուրքիա
ԵրկրամասԱրևմտյան Հայաստան
ԳավառԱրղանամադենի գավառակ
Մակերես937 կմ2 կմ²
ԲԾՄ10 մ մ
Պաշտոնական լեզուԹուրքերեն
ԲնակչությունԸնդհանուր՝ 12․360
Քաղաք՝ 5,016
Գյուղեր՝ 7,344 մարդ (2012)
Ազգային կազմքրդեր, թուրքեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ(+90) 424
Փոստային ինդեքս23400
Փոստային ինդեքսներ23400
Ավտոմոբիլային կոդ23
Պաշտոնական կայքmaden.gov.tr (թուրքերեն)
Արղանա-Մադեն (Թուրքիա)##
Արղանա-Մադեն (Թուրքիա)

Արղանա–Մադեն (թուրքերեն՝ Maden), քաղաք և շրջան Թուրքիայի Խարբերդի նահանգում, Արևմտյան Հայաստանի տարածաշրջանում։ Հին հայկական աղբյուրներում կոչվել է Արկնի, Արղնի, Արղանա, իսկ այժմ՝ Մադեն, Հին Արղանա։ Համարվել է բերդ, ավանաբերդ, գյուղաքաղաք, քաղաք[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Արևմտյան Տիգրիսի ակունքներից մեկի՝ Արղանա գետի (Աղանա-սու) աջ ափին, Խարբերդ–Դիարբեքիր ճանապարհին, Դիարբեքիրից մոտ 55 կմ հյուսիս–արևմուտք, ծովի մակարդակից 1235 մ բարձրությամբ սարավանդի վրա։ Նախկինում շրջակայքն ամբողջովին պատած էր խիտ անտառներով, որոնք շարունակ կտրտվել են պղինձ ձուլելու համար փայտածուխ ստանալու նպատակով։ Քաղաքի հարավարևմտյան կողմում կան պղնձի հարուստ հանքավայրեր, որոնք հայտնի են և շահագործման են ենթարկվել տակավին ուրարտական ժամանակներից։ Այժմ էլ դրանց պաշարները չեն սպառվել և արդյունահանումը շարունակվում է։ Պղնձից բացի նույն հանքավայրերում կան նաև ոսկի և արծաթ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1800–1830-ական թվականներին Արղանա–Մադենն ուներ մոտ 8000 բնակիչ, որից 6000–ը հայեր, 1830–50-ական թթ. նրա բնակչության քանակը նվազելով հասել էր 3000 մարդու, որի կեսը կազմում էին հայերը։ Որոշ աղբյուրներում մոտ 3000 բնակիչ է նշված նաև XX դարի սկզբների Արղանա–Մադենում, բայց այլ աղբյուրների համաձայն, այդ ժամանակ գյուղաքաղաքն ունեցել է մոտ 1500 տուն, կամ շուրջ 7000 – 8000 բնակիչ։ Հայերից բացի այստեղ բնակվում էին նաև քրդեր, հույներ և հրեաներ։ 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ տեղի քրիստոնյա (հայեր և հույներ) բնակչությունը բռնությամբ տեղահանվել է, մի մասն էլ սպանվել։ 2012 թ. տվյալներով քաղաքում բնակվում են 5000 մարդ[2], մեծ մասամբ քրդեր։

Մեծ Հայքի ժամանակ Ծոփք նահանգի Պաղնատուն գավառի մեջ։ Օսմանյան կայսրության տիրապետության օրոք Արղանա–Մադենը Դիարբեքիրի նահանգի համանուն գավառի կենտրոնն էր։ Արղանա–Մադենը բաժանված էր երեք մեծ թաղամասերի՝ Վերին, Միջին և Ստորին։ Քաղաքում հայերը, հույները, քրդերը և հրեաներն ապրում էին առանձին թաղերում։ Տները ցրված էին սարահարթի և լեռնալանջի վրա՝ լեռան գագաթից մինչև ստորոտը կազմելով անկանոն մի քանի շարքեր։ Հայերն ունեին իրենց եկեղեցին՝ Սբ. Աստվածածին անունով, և մի վարժարան, որ գործում էր անցյալ դարի կեսերից։

Քաղաքի հայ բնակիչները աշխատում էին պղնձի հանքերում, զբաղվում երկրագործությամբ, արհեստներով ու առևտրով։ Գ. Սրվանձտյանի վկայությամբ 1840–1860-ական թթ. ծաղկում ապրող Արղանա–Մադենի հանքարդյունաբերությունը հետագա տասնամյակներում անկման էր հասել և դատապարտվել անուշադրության։ Այստեղ պղնձի հանույթն ու ձուլումը կատարվում էին բացառապես ձեռքի աշխատանքով և իբրև վառելիք օգտագործվում էր փայտածուխը։ Նրա պղնձարդյունաբերությունը որոշ աշխուժացում է ապրել XIX դարի վերջերին և ХХ-ի սկզբներին։ Մեր դարի սկզբներին այստեղ տարեկան արտադրվում էր մոտ 3000 տոննա սև պղինձ, որը հիմնականում առաքվում էր Դիարբեքիր, Էրզրում և Տրապիզոն։

Արղանա–Մադենի պղնձի հանույթը և նախնական մշակումը խիստ կրճատվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ նրա հայ բնակչության մի մասը տարագրվեց օտար երկրներ, որի հետևանքով այստեղի պղնձարդյունաբերությունը զրկվեց հարյուրավոր որակյալ աշխատողներից։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ուներ Ս․ Աստվածածին և Ս․ Սարգիս անուներով եկեղեցիներ։

Արղանա֊Մադենից հարավ, հին Արկնի բերդաքաղաքի մոտ գտնվում են Արնկիի անմատույց բերդի և Բարձրահայաց Ս․ Աստվածածին վանքի ավերակները[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀՍՀ, հ. 2–րդ, էջ 86։
  2. Population of province/district centers and towns/villages by districts - 2012 Արխիվացված 2014-05-17 Wayback Machine(անգլ.)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 459-460
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 86