Jump to content

Մակու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակու (այլ կիրառումներ)
Քաղաք
Մակու
պարս.՝ ماکو
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևմտյան Ադրբեջան
Շահրեստան Մակու
ՀամայնքCentral District?
ԲԾՄ1304 մետր
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն46 581 մարդ (2016)[1]
Պաշտոնական կայքmaku.ir(պարս.)
Մակու (Իրան)##
Մակու (Իրան)

Մակու (պարս.՝ ماکو, քրդ.՝ Mako), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևմտյան Ադրբեջան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 46 581 մարդ (2016)[1]։

Գտնվում է Թուրքիայի սահմանից 13 կմ հեռավորության վրա, Փոքր Մասիս լեռնագագաթից մոտ 40 կմ հարավ, երկու լեռնաշղթայի արանքում, զառիթափ լեռնալանջի վրա` կիրճի մեջ, Մակու գետի ափերին։ Տարբեր ժամանակներում եղել է տարբեր կարգի բնակավայր՝ գյուղ, բերդավան, բերդաքաղաք, գյուղաքաղաք։

Անվան ստուգաբանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներում կոչվել է Շավարշան կամ Շավարշական՝ ինչպես կոչվել է նաև գավառը, իսկ հետագայում, Մովսես Խորենացու վկայությամբ, գավառը կոչվել են Արտազ՝ Ալանքի համանուն գավառի անունից, որտեղից բավական թվով բնակիչներ էին եկել ու հաստատվել Վասպուրականի այդ գավառում, վերջինս էլ կոչել իրենց հին գավառի անունով՝ Արտազ (երբեմն գործածվել է նաև Արտաժ ձևով)։ Ենթադրվում է, որ Մակուն մանքու բառի աղավաղված ձևն է, իսկ վերջինս պարսկերեն նշանակում է երկու ժայռի արանք։ Կոչվել է նաև Մանքու կամ Կապան-կալեսի։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 46 581 մարդ, որոնք կազմում էին 13 940 տնտեսություն[2]։ Մակուն Արևմտյան Ադրբեջան օսթանի բնակչությամբ տասներորդ քաղաքն է[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 5 306[4] 7 000[5] 29 754[6] 33 406[6] 41 865[7] 42 751[8] 46 581[2]

Բնակիչները մեծամասամբ իրանական ադրբեջանցիներ են, բնակվում են նաև քրդեր։

Մակուն միշտ վարչական կենտրոն է եղել։ Հնում այն Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Արտազ գավառի կենտրոնն էր, իսկ XVI դարից համանուն խանության կենտրոնը։ Ենթադրվում է, որ հնում Ամատունի նախարարների ոստանն էր և դժվար է ասել, թե երբ է դադարել այդպիսին լինելուց։ Ավելի վաղ ժամանակներում (մ.թ.ա. VIII-VII դարեր) Մակուի շրջակայքում տարածվում էր Ռուսայի քաղաքի երկրամասը և բացառված չէ, որ ուրարտական այդ քաղաքն էլ համապատասխանում է հետագայի Մակուին։

Մակուի բերդը հիշատակում են Սեբեոսը, Ղևոնդ Երեցը, Թովմա Արծրունին, Թովմա Մեծոփեցին, Գրիգոր Դարանաղցին և այլ մատենագիրներ։ Ենթադրվում է, որ այդ բերդը հիմնադրվել է VII-VIII դարերում, Առաքել Դավրիժեցին (XVII դար) վկայում է, որ Մակուի բերդը գրավել ու ավերել է Շահ-Աբաս 1-ինը XVII դարի սկզբին։

Մակուում վիմագիր կոթողի վրա հայտնաբերված է ուրարտական Ռուսա Բի մի սեպագիր արձանագրությունը։

Միջին դարերում, ընդհուպ մինչև XVII դարը ներառյալ, Մակուն ուներ միատարր հայ բնակչություն։ 1829-1830 թվականներին նրա հայ բնակչության մի մասը 1826-1828 թվականներին ռուս-պարսկական պատերազմից հետո կազմակերպված ընդհանուր գաղթի ժամանակ ապաստան է գտել Ռուսաստանին միացված Արևելյան Հայաստանում։ Նոր ժամանակներում Մակուն ընդհանրապես սակավամարդ բնակավայր է։ XIX դարի վերջերին քաղաքն ուներ 400 տուն, իսկ XX դարի սկզբին ընդամենը 300 տուն բնակիչ, որոնց մեծ մասը կազմում էին պարսիկներն ու թուրքերը։ Հայերը, որ մոտավորապես 80 տուն էին, բնակվում էին Էրմենիստան կոչված առանձին թաղամասում։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակուի հայ բնակչությունը հիմնականում զբաղվում էր արհեստագործությամբ։ Առանձնապես տարածված արհեստ էր զինագործությունը։ Նրանք զբաղվում էին նաև մանրածախ առևտրով։ Քաղաքը գտնվում է Կարին-Խոյ-Թավրիզ ճանապարհի վրա և համարվում էր տարանցիկ կետ այդ ճանապարհով կատարվող միջազգային առևտրի համար։ Մակուի բնակչության զգալի մասի հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր երկրագործությունը, այգեգործությունը և անասնապահությունը։

Ականավոր մակվեցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թ. Ավդալբեկյան - պատմաբան, բանասեր, թարգմանիչ, բառարանագիր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. «IRAN: West Azerbaijan» (անգլերեն). City Populations.
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. 6,0 6,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  • Թ.Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան։ «Հայաստան», էջ 183-186։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակու» հոդվածին։