Jump to content

Արոսենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արոսենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Խնձորայիններ (Maloideae)
Ցեղ Արոսենի (Sorbus)
L., 1753

Արոսենի (լատին․՝ Sorbus), սնձնի, սրահացի, սին, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է 50 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 10 տեսակ՝ արոսենի ծտիխնձոր (S. aucuparia), արոսենի Թախտաջյանի (S. takhtadzianii), արոսենի հունական (S. graeca) կամ արոսենի ասպաբ, արոսենի երկակի (S. dualis), արոսենի Կուզնեցովի (S. kuznetzowii), արոսենի Թամամշյանի (S. tamamschianae), արոսենի հայկական (S. armeniaca), արոսենի մշակովի (S. domestica) և այլն։

Ձևաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառերի բարձրությունը մինչև 15 մ է։ Տերևները հերթադիր են, կենտփետրաձևից մինչև բլթակավոր և ամբողջական, ատամնա- կամ սղոցաեզր։ Ծաղկաբույլը վահանիկանման է, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ։ Ծաղկում է մայիսին։ Պտուղները հատապտղանման խնձորիկներ են՝ կլոր, օվալ, հազվադեպ՝ տանձաձև, կարմիր, դեղին, նարնջագույն, դարչնագույն, թավոտ կամ մերկ, թթու-դառնավուն կամ քաղցր։ Սերմերը հաճախ եռակող են, երկարավուն, օվալաձև կամ հակադիր ձվաձև։

Կիրառական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում են շաքարներ, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), օրգանական թթուներ, եթերայուղեր, աղաղանյութեր, միկրոտարրեր և այլն։ Պտուղներն օգտագործում են սննդի (թարմ և վերամշակված՝ թուրմ, մուրաբա, օղի, լիկյոր և այլն) և բժշկության մեջ։ Դրանցով սնվում են թռչունները, մի շարք անտառային կենդանիներ։ Սերմերը պարունակում են ճարպեր։ Փայտանյութն օգտագործվում է կահույք և երաժշտական գործիքներ պատրաստելու համար։

Տարածվածություն Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի վերին անտառային և ենթալպյան գոտիներում։ Աճում է ժայռոտ, քարքարոտ վայրերում, կիրճերում, թփուտներում, կաղնու նոսրանտառներում (1000 - 2500 մ բարձրություններում)։

Արոսենի Հայաստանին (լատին․՝ Sorbus hajastana) շատ հազվադեպ էնդեմիկ է, հանդիպում է միայն Սևանի ավազանում և Արայի լեռան վրա։ Աճում է ժայռերի զառիկող լանջերին, մնացորդային անտառներում, անտառների վերին սահմանի և ենթալպյան գոտու բարձրախոտերում (1600 - 2400 մ բարձրություններում)։ Արոսենի լուրիստանյանը (S. luristanica) հանդիպում է Սևանի հարավարևելյան ափին, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է կաղնու անտառներում, ժայռոտ լանջերին, անտառեզրերին և բացատներում (1600 - 2400 մ բարձրություններում)։ Նշված տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոսենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոսենի» հոդվածին։