Նախնական կրթությունն ստացել է մորեղբոր՝ Գրիգոր Սկևռացու, ապա՝ Բջնիի Գրիգոր արքեպիսկոպոսի մոտ։ Քերականության մեջ խորանալու համար մեկնել է Վիրապ միաբանություն և աշակերտել Վարդան Արևելցուն։ Վերադառնալով Սկևռա վանքը՝ զբաղվել է գրչության արվեստով։ Նրա ընդօրինակած մատյաններն օժտված են գրչության արվեստի բարձր կուլտուրայով։ Գրել է բանաստեղծություններ («Գեորգ պատանին է գրեաց», աքրոստիկոս), մեկնություններ («Համառօտ մեկնութիւնն Գործոց Առաքելոց», «Մեկնութիւն Եսայեայ» և այլն)։ Լեզվաբանության պատմության համար կարևոր նշանակություն ունեն Գևորգ Սկևռացու լեզվաբանական երեք աշխատությունները («Խրատ վասն հանգամանաց հեգից․․․», «Խրատք վասն առոգանութեանցն», «Խրատք յաղագս գրչութեան արուեստի»), ուր նա քննել է հայերենի վանկատության, ուղղագրության, կետադրության, հնչյունակազմի հարցերը, սահմանել կանոններ։ Գևորգ Սկևռացին հորինել է գանձեր, որոնցից մի քանիսը ձեռագրերում հանդիպում են որպես տաղեր։ Հավանաբար XIII դարի վերջին քառորդում հատուկ զբաղվել է Գրիգոր Խուլի խմբագրած Շարակնոցով։ Գործնականում մշակելով առոգանության խազանշանների երաժշտական կիրառության կատարելագործված սկզբունքներ՝ նոր մակարդակի է բարձրացրել միջնադարյան երաժշտա-ծիսական երգարանների արվեստը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 20)։
¹ Միջնադարյան, նոր և նորագույն շրջանի միայն առավել հայտնիների անունները ² 5-14-րդ դարերը համարվում են Հայկական վերածննդի դարաշրջան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։