Jump to content

Էլիզաբետա Սիրանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբետա Սիրանի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 8, 1638(1638-01-08)[1][2][3][…]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ[4]
Մահացել էօգոստոսի 28, 1665(1665-08-28)[5][4] (27 տարեկան)
Մահվան վայրԲոլոնիա, Պապական մարզ[4]
ԳերեզմանՍուրբ Դոմինիկ տաճար
ՔաղաքացիությունԻտալիա
Ազգությունիտալացի
ԵրկերPortrait of Vincenzo Ferdinando Ranuzzi as Amor?
Մասնագիտություննկարչուհի և նկարիչ-փորագրող
Ծնողներհայր՝ Giovanni Andrea Sirani?
 Elisabetta Sirani Վիքիպահեստում

Էլիզաբետա Սիրանի (իտալ.՝ Elisabetta Sirani, հունվարի 8, 1638(1638-01-08)[1][2][3][…], Բոլոնիա, Պապական մարզ[4] - օգոստոսի 28, 1665(1665-08-28)[5][4], Բոլոնիա, Պապական մարզ[4]), բարոկկո ոճի իտալացի նկարչուհի, հաջողության հասած առաջին նկարչուհիներից մեկը մի դարաշրջանում, երբ աղջիկներին, կանանց արգելում էին ուսանել կերպարվեստի ակադեմիայում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիրամայրը՝ վարդով /Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան/

Էլիզաբետան դուստրն է կերպարվեստի բոլոնյան դպրոցի ներկայացուցիչ Ջովանի Անդրեա Սիրանիի, ով, նկարչությունից զատ, զբաղվում էր նաև արվեստի գործերի առևտրով և Գվիդո Ռենիի լավագույն աշակերտնրից ու մերձավոր գործընկերներից էր։ Աղջիկը նկարչությամբ սկսել է զբաղվել տասներկու տարեկան հասակից, արվեստի երկրպագու և պատմաբան Կառլո Չեզարե Մալվազիայի (Carlo Cesare Malvasia) ազդեցությամբ (ի դեպ, վերջինս հետագայում Էլիզաբետայի կենսագրությունն ընդգրկել է Բոլոնյայի նկարիչների մասին պատմող իր հայտնի աշխատության մեջ, և դա միակ կնոջ կենսագրությունն է 1678 թվականին լույս տեսած այդ գրքում[6]): Հայրը, որ սկզբում թերահավատորեն էր նայում դստեր «վարժանքներին», նկատելով աղջկա մեծ ձգտումն ու ձիրքը՝ մեկ տարի անց նրան ընդունել է իր արվեստանոցը[7]։ Եվ տասնյոթ տարեկանում Էլիզաբետան արդեն միանգամայն ձևավորված գեղանկարիչ ու փորագրանկարիչ էր։ Այդ տարիքից նա սկսել է նոթատետր պահել, որտեղ նշումներ է կատարել իր գործերի և դրանց ստեղծման պատմության մասին։ Նկարելու նրա ոճը մոտ է Գվիդո Ռենիի ոճին, և այդ պատճառով էլ նրանց աշխատանքները հաճախ շփոթել են (օրինակ՝ Բեատրիչե Չենչիի դիմանկարը, որ Էլիզաբետայի գործերից է, երկար ժամանակ վերագրվել է Ռենիին)։

Նկարչուհին շատ է տքնել՝ ջանք չխնայելով ընտանիքն ապահովելու համար։ Բանն այն է, որ արթրոզից ու հոդատապից տառապող հայրն այլևս ի վիճակի չէր նկարելու, և կամա, թե ակամա՝ դստեր ուսերին էր ընկել արվեստանոցը ղեկավարելու, աշխատանքները կազմակերպելու, բնականոն հունով առաջ տանելու գործը[8]։ Նրան օգնում էին Բարբարա և Աննա Մարիա քույրերը։

Էլիզաբետա Սիրանիի՝ որպես շնորհալի նկարչուհու համբավը տարածվել է ոչ միայն հայրենի բնօրրանում (որտեղ հանդուրժողական, մինչև իսկ բարեհաճ մթնոլորտ էր ձևավորվել կին արվեստագետների նկատմամբ[9]), այլև նրա սահմաններից դուրս, հասել է նաև Ֆլորենցիա, Հռոմ... Նրա տաղանդի երկրպագուների թվում էր Կոզիմո Մեդիչին։ Նկարչուհին 1660 թվականին գեղարվեստի դպրոց է բացել աղջիկների ու կանանց համար[10], այդ նույն տարում ընդունվել է Հռոմի Սուրբ Ղուկասի ակադեմիան ([11]): Էլիզաբետայի հետաքրքրությունները չէին սահմանափակվում նկարչությամբ. նա սիրում էր երաժշտություն, քնար էր նվագում, երգում, բանաստեղծություններ գրում...

Մահացել է շատ երիտասարդ՝ 27 տարեկան հասակում[12], ստամոքսի խոցի ծայրահեղ բորբոքումից[13], թեև քաղաքում լուրեր էին տարածվել, որ նրան թունավորել է իր սպասուհին՝ Լյուչիա Տոլոմելլին (այդ կապակցությամբ նույնիսկ հետաքննություն է անցկացվել[14]): Անժամանակ վախճանված կին արվեստագետին հուղարկավորել են Բոլոնյայի Սուրբ Դոմինիկ բազիլիկի Գվիդոտտի մատուռում՝ Գվիդո Ռենիի շիրմի կողքին։ Նրա թողած գեղարվեստական ժառանգությունը կազմում են շուրջ երկու հարյուր գեղանկարներ ու գծանկարներ, որոնք ներկայումս գտնվում են Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների զանազան թանգարաններում։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բռնացած երիտասարդին ջրհորը նետող Տիմոկլեան 1659, Նեապոլ

Էլիզաբետա Սիրանին ստեղծել է աստվածաշնչյան և առասպելաբանական թեմաներով գեղանկարներ ու գծանկարներ, ինչպես նաև ինքնանկարներ ու իր ժամանակակիցների դիմանկարներ։ Նրա ստեղծագործություններում Աստվածամոր կերպարի կողքին ընդգծված կերպով արտահայտվել է հեղինակի հետաքրքրվածությունը վրիժառու կնոջ (Կիրկեա/Ցիրցեա, Հուդիթ և այլն) կերպարի նկատմամբ։ Օգտակար դասեր քաղելով վարպետներից՝ շնորհալի նկարչուհին մշակել է իր ինքնատիպ ոճը։ Հայրը նրան սեր է ներարկել մուգ, հագեցած գույների ու ներկերի նկատմամբ, իսկ Գվիդո Ռենիի ազդեցությունը նկատվում է կոմպոզիցիայի որոշ տարրերում։

Ուշագրավ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1664 թվականին Կոզիմո Մեդիչին Սիրանիի արվեստանոց է այցելել այն պահին, երբ վերջինս աշխատելիս է եղել իր՝ Մեդիչիի քեռու դիմանկարի վրա։ Տոսկանայի մեծ հերցոգը տեղնուտեղը «Մադոննա» է պատվիրել իր հավաքածուի համար։ Նկարչուհին այնքան արագ է աշխատել, որ ներկերը հասցրել են չորանալ, և պատվիրատուն ստեղծագործությունը տարել է հետը։
  • Նկարչուհու անժամանակ մահից երկուսուկես ամիս անց՝ 1665 թվականի նոյեմբերին, նրա հիշատակին հանդիսավոր պատարագ է մատուցվել Բոլոնյայի Սուրբ Դոմինիկ բազիլիկում, որտեղ դրվել է սգակառք՝ անտիկ Փառքի տաճարի նմանությամբ, և նկարչուհու արձանը՝ քանդակված նրա աշխատելու պահին։ Ջովանի Լուիջի Պիչինարդին հանդես է եկել սգո ճառով, որը խորագրել էր «Արցունքներով ողողված վրձին» (այդ մասին տե՛ս[15]՝):

Կերպարը գրական երկերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 19-րդ դարում հատկապես նկարչուհու հայրենի քաղաքում՝ Բոլոնյայում, գրվել ու լույս են ընծայվել նրա կյանքի վիպականացված պատմություններ։ Վերջերս Էլիզաբետա Սիրանիին նվիրված չափածո դրամա է հրատարակել նաև մեր օրերի իտալացի բանաստեղծ Դավիդե Ռոնդոնին։ «Արվեստը՝ թույն» վերնագիրը կրող այդ թատերգությունը (2004 թվական[16]) 2005 թվականին բեմադրել է ռեժիսոր և դերասանուհի Յայա Ֆորտեն։

Ստեղծագործությունների ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլեոպատրա

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Picinardi G.L. Il pennello lagrimato. Orazione funebre… con varie poesie in morte della signora Elisabetta Sirani. Bologna: Giacomo Monti, 1665
  • Manaresi A. Il processo di avvelenamento fatto nel 1665-66 in Bologna contro Lucia Tolomelli per la morte di Elisabetta Sirani. Bologna: Zanichelli, 1904 (վերահրատ.: Bologna: A. Forni, 1975)
  • Ragg L.M.R. The Women Artists of Bologna. London: Methuen&Co, 1907
  • Modesti A. Elisabetta Sirani: una virtuosa del Seicento bolognese. Bologna: Compositori, 2004
  • Elisabetta Sirani: pittrice eroina (1638—1665)/ Jadranka Bentini, Vera Fortunati, eds. Bologna: Compositori, 2004 (նկարչուհու աշխատանքների՝ Բոլոնյայի հնագիտական թանգարանում կազմակերպված մեծ ցուցահանդեսի կատալոգը, 2004—2005 թթ.)
  • Life stories of women artists, 1550—1800: an anthology/Julia K. Dabbs, ed. Farnham; Burlington: Ashgate, 2009

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Elisabetta Sirani (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Elisabetta Sirani — 2008.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 https://artsandculture.google.com/entity/elisabetta-sirani/m093fz1?hl=en
  6. An English translation of the 1841 edition is provided in Dabbs, 121-32.
  7. Marter, Joan; Barlow, Margaret (2012 թ․ հունվարի 1). «PARALLEL PERSPECTIVES». Woman's Art Journal. 33 (2): 2. JSTOR 24395282.
  8. Modesti, 1.
  9. Artist Profile: Elisabetta Sirani.
  10. Modesti, 1-2
  11. [1]
  12. Malvasia 1678, Vol II, 453–467.
  13. Moedsti, 1
  14. Malvasia 1678, Vol II, 479 and Dabbs, 131.
  15. [Phillippy P. B. Painting women: cosmetics, canvases, and early modern culture. Baltimore: Johns Hopkins UP, 2006, p.26-30]
  16. Il veleno, l'arte : storia vera e teatrale di Elisabetta Sirani pittrice (Book, 2004) [WorldCat.org]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբետա Սիրանի» հոդվածին։