Թոքեր
Թոքեր (լատին․՝ pulmo, հին հունարեն՝ πνεύμων), մարդու, բոլոր կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների մեծ մասի և որոշ ձկների շնչառության օրգան։ Հիմնական ֆունկցիան գազափոխանակությունն է թոքաբշտիկներում պարունակվող օդի և թոքային զարկերակով հոսող արյան միջև։
Մարդու թոքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու թոքերը շնչառության զույգ օրգաններ են, որ տեղակայված են կրծքի խոռոչում՝ ստոծանու համապատասխան գմբեթների վրա՝ սրտից, արյան խոշոր անոթներից և միջնորմի օրգաններից աջ ու ձախ՝ պարփակված կրծքամզային պարկերի մեջ։ Թոքերը կիսակոնաձև են, գագաթով՝ ուղղված վեր, իսկ հիմքով՝ վար, ունեն 3 մակերևույթ. առաջինը կողերին հպվող ուռուցիկ մակերևույթն է, դարձած է դեպի միջնորմը, երկրորդը ստորին գոգն է, որը կիպ հպվում է ստոծանուն, երրորդը միջային մակերևույթն է, որի վրա կա ռոմբաձև կամ օվալաձև մի փոս՝ թոքի դրունքը, որով անցնում են թոքի արմատը կազմող գլխավոր բրոնխը, թոքային զարկերակը, թոքային երկու երակները, ավշային անոթները և նյարդերը։ Թոքերի միջև գտնվող բոլոր օրգանները (սիրտ, աորտա և մի շարք այլ արյունատար անոթներ, շնչափողը և գլխավոր բրոնխները, կերակրափողը, ուրցագեղձը, նյարդեր, ավշային հանգույցներ և ծորաններ), կազմում են միջնաորմը (mediastinum)։
Աջ թոքն ավելի լայն է ու կարճ և 2 ակոսներով բաժանվում է վերին, միջին ու ստորին, իսկ ձախը՝ 1 ակոսով՝ վերին և ստորին բլթերի։ Գլխավոր բրոնխը թոքի դրունքում բաժանվում է բլթային բրոնխների, որոնք, թոքանյութի մեջ ծառանման ճյուղավորվելով, հաջորդաբար բաժանվում են հատվածային, բլթակային, ապա՝ ավելի փոքր տրամաչափերի սահմանային և շնչառական բրոնխիոլների։ Վերջիններս առաջացնում են 2 կամ 3 թոքաբշտիկային պարկիկներ, որոնց նուրբ պատերի արտափքումները կոչվում են թոքաբշտիկներ։ Թոքային զարկերակի և երակների ճյուղերն իրենց ընթացքով ուղեկցում են բրոնխներին և բրոնխիոլներին։ Թոքերը նյարդավորվում են թափառող նյարդի և սիմպաթիկ ցողունի ճյուղերից կազմված թոքային հյուսակով։
Բլթի ներսում թոքը կազմված է 25 մմ երկարությամբ և 15 մմ լայնությամբ բրգաձև մասերից, որոնց հիմքը ուղղված է դեպի մակերևույթ։ Բլթի գագաթում գտնվում է բրոնխը, որը շարունակական բաժանումով ստեղծում է նրա մեջ 18-20 եզրային բրոնխիոզ։ Դրանցից յուրաքանչյուրը վերջանում է թոքերի ֆունկցիոնալ կառուցվածքի մասերով՝ ացինուսներով։ Ացինուսը կազմված է 20-50 փոքրիկ բրոնխիոլներից, որոնք բաժանվում են թոքաբշտերի ծորանների, որոնց պատերը խիտ պատված են թոքաբշտերով։ Ամեն մի թոքաբշտային ծորան անցնում է վերջնաբաժիններ՝ երկու թոքաբշտային պարկերի։
Թոքաբշտերը կիսագնդաձև ուռուցիկ գոյացություններ են և կազմված են շարակցական թելային հյուսվածքից ու էլաստիկ թելերից։ Ծածկված են նրբագույն թոքաբշտային էպիթելով և պարուրված արյունատար մազանոթների խիտ ցանցով։ Թոքաբշտերում կատարվում է գազափոխանակություն արյան և մթնոլորտային օդի միջև։ Ընդ որում, թթվածինը և ածխաթթու գազը դիֆուզիայի ընթացքում անցնում են էրիթրոցիտների միջոցով մինչև թոքաբշտեր՝ հաղթահարելով թոքաբշտային էպիթելի, հիմնային թաղանթները և արյունատար մազանոթների պատերի ընդհանուր դիֆուզ սահմանը, որոնց հաստությունը 0,5 մկմ-ից մինչև 0,3 սմ է։ Թոքաբշտի տրամագիծը նորածնի մոտ 150 մկմ է, հասուն տարիքում հասնում է 208 միկրոմետրի, իսկ տարեցների մոտ՝ 300-350 միկրոմետրի։ Մեծահասակների մոտ թոքաբշտերի քանակը 600-700 միլիոն է, նորածին երեխայի մոտ՝ 30-ից մինչև 100 միլիոն։ Թոքաբշտերի ներքին մակերևույթի ընդհանուր մակերեսը արտաշնչման ու ներշնչման միջև ընկած ժամանակահատվածում տատանվում է 40 մ2 մինչև 120 մ2 սահմաններում (համեմատության համար, մարդու մաշկի մակերեսը 1,5-2,3 մ2 է)։
Այսպիսով, ավեոլներին օդը հասնում է շնչափողաբրոնխեալ ծառի միջոցով, որն սկսվում է գլխավոր շնչափողից և ճյուղավորվում գլխավոր բրոնխների, բլթային բրոնխների, բրոնխային ճյուղավորումների, միջբլթային, բլթային, ներբլթային բրոնխների։ Բրոնխներով անցնելով օդը մտնում է թոքերի շնչառական բաժին։
Տղամարդկանց աջ թոքի միջին բարձրությունը 27,1 սմ է, կանանց մոտ՝ 21,6 սմ, իսկ ձախինը՝ համապատասխանաբար 29,8 և 23 սմ։ Ըստ որոշ տվյալների՝ թոքի միջին զանգվածը կազմում է 374±14գ, իսկ առավելագույն զանգվածը՝ 470 գ[1]։ Ավելի մեծաքանակ մարդկանց մոտ կատարված այլ չափումների համաձայն՝ տղամարդու աջ թոքի միջին զանգվածը կազմում է 455 գ, կանանցը՝ 401 գ, տղամարդկանց ձախ թոքի միջին զանգվածը՝ 402 գ, կանանցը՝ 342 գ[2]։ Ընդհանուր տարողությունը տատանվում է 1290-4080 մլ և միջինը կազմում է 2680 մլ[3]։
Երեխաների թոքերի հյուսվածքը բաց վարդագույն է։ Մեծահասակների մոտ թոքերի հյուսվածքի գույնը գնալով մգանում է ներշնչվող ածխի ու փոշու մասնիկների պատճառով, որոնք կուտակվում են թոքերի հիմքի շարակցական հյուսվածքի վրա։
Թոքերն առատորեն հագեցած են զգայական, վեգետատիվ նյարդերով և ավշային անոթներոց։
Օնտոգենեզ և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու թոքերը ձևավորվում են ներարգանդային զարգացման երրորդ շաբաթվա ընթացքում։ Չորրորդ շաբաթում հայտնվում են երկու բրոնխաթոքային բողբոջները, որոնք համապատասխանաբար վերածվում են բրոնխների և թոքերի։ Բրոնխիալ ծառը ձևավորվում է հինգերորդ շաբաթից մինջև չորրորդ ամիսը։ Չորրորդից հինգերորդ ամիսներում ձևավորվում են շնչառական բրոնխիոլները, հայտնվում են առաջին թոքաբշտերը և ձևավորվում են ացինուսները։ Ծննդյան պահին բլթերի, բաժինների քանակը նույնն է, ինչ հասուն մարդու մոտ։
Այնուամենայնիվ, թոքերի զարգացումը շարունակվում է նաև ծնվելուց հետո։ Կյանքի առաջին տարվա ընթացքում բրոնխիալ ծառը մեծանում է մեկուկեսից երկու անգամ։ Ինտենսիվ աճի հաջորդ ժամանակահատվածը համապատասղանում է սեռական հասունացման ժամանակահատվածին։ Թոքաբշտային նոր ճյուղավորումների ձևավորումը ավարտվում է յոթից ինը տարեկանում, իսկ թոքաբշտերինը՝ տասնհիգից քսանհինգ տարեկանում։ Քսան տարեկան հասակում թոքերի ծավալը գերազանցում է նորածնի թոքերի ծավալը քսան անգամ։ Հիսուն տարեկանից հետո սկսում է թոքերի աստիճանական ինվոլյուցիան՝ ռեդուկցիան, որը ավելի է արագանում յոթանասուն տարեկանից հետո։
Ֆունկցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոքերի հիմնական ֆունկցիան գազափոխանակությունն է։ Թոքերի միջոցով օրգանիզմը ստանում է թթվածին, իսկ արյունը մաքրվում է ածխաթթու գազից Գազափոխանակությունից բացի, թոքերը կատարում են նաև արտաթորման գործառույթ. արտաշնչման փուլում արտազատում են ջրի գոլորշիներ և նյութափոխանակության այլ արգասիքներ։ Թոքերը մասնակցում են մարմնի հաստատուն ջերմաստիճանի պահպանմանը, արյան մակարդման կարգավորմանը, իմունային հակամարմինների մշակմանը, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի փոխանակությանը։
Թոքերի գազափոխանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներշնչման ժամանակ թոքերում ճնշումը ցածր է մթնոլորտայինից, իսկ արտաշնչման ժամանակ՝ բարձր, ինչը հնարավորություն է տալիս օդին շարժվելու մթնոլորտից դեպի թոքեր և հակառակը։ Սովորական հանգիստ ներշնչումը կապված է ստոծանու մկանների և միջկողային մկանների ներքին շերտի կծկման հետ։ Եթե ներշնչումը հաճախակի է, ապա մասնակցում են նաև մի շարք այլ մկաններ՝ իրանի և պարանոցի, մեջքի լայնածավալ մկաններ, կրծքա-անրակա-պտկային մկանները և այլն։ Ներշնչման ժամանակ ստոծանին իջնում է, կողերը բարձրանում են, նրանց միջև տարածությունը մեծանում է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ D. E. Niewoehner, J. Kleinerman Morphologic basis of pulmonary resistance in the human lung and effects of aging(անգլ.) // Journal of Applied Physiology : journal. — 1974. — Т. 36. — № 4. — С. 412—418.
- ↑ William F. Whimster, Alison J. Macfarlane Normal Lung Weights in a White Population(անգլ.) // American Review of Respiratory Disease : journal. — 1974. — Т. 110. — № 4. — С. 478—483.
- ↑ Лёгкие // Большая медицинская энциклопедия / гл. ред. Б. В. Петровский. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1980. — Т. 12 : Криохирургия — Ленегр. — С. 369—426. — 150 300 экз.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- История исследований; актуально на начало XX века (1890–1907). «Лёгкие». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Пятин В. Ф. Глава 8. Дыхание // Физиология человека / В. М. Покровский, Г. Ф.Коротько. — М.: Медицина, 1998. — Т. 1. — С. 401—442. — 448 с. — 10 000 экз. — ISBN 5-225-009-603
- Шмальгаузен И. И., Основы сравнительной анатомии позвоночных животных, 4 изд., М., 1947.
- Руководство по клинической физиологии дыхания, под ред. Л. Л. Шика и Н. Н. Канаева, Л., 1980.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոքեր» հոդվածին։ |
|
Ընթերցե՛ք «թոք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 213)։ |
|