Լոնդոնի կոնֆերանս
Լոնդոնի կոնֆերանս, տեղի է ունեցել 1921 թ․ փետրվարի 21-ից մարտի 14-ը։ Կոնֆերանսին մասնակցել են Անտանտի մի շարք պետություններ (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Ճապոնիա, Հունաստան) և առաջին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիան ու Թուրքիան, այլև արդեն գոյություն չունեցող Հայաստանի ներկայացուցչությունը՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ։
Լոնդոնի կոնֆերանսում Ֆրանսիայի և Իտալիայի առաջարկով քննարկվեց նաև 1920 թ․ Սևրի հաշտության պայմանագրի վերանայման հարցը։ Սակայն, օգտվելով Անտանտի տերությունների միջև սրված իմպերիալիստական հակասություններից՝ թուրքական միացյալ պատվիրակությունը՝ սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչ Ռեշիդ փաշան և քեմալական Թուրքիայի ներկայացուցիչ Բեքեցի բեյը, պահանջում են վերականգնել նախապատերազմյան սահմանները (առանց արաբական երկրների, բայց ներառյալ 1920 թ․ Ալեքսանդրապոլի պայմանագրով զավթած Կարսի մարզն ու հայկական մյուս տարածքները)։ Անտեսելով Սևրի պայմանագրի ստորագրումից հետո Մերձավոր Արևելքում տեղի ունեցած ռազմաքաղաքական փոփոխությունները (քեմալականների հաջող պատերազմները Հունաստանի ու Հայաստանի դեմ, խորհրդա-թուրքական մերձեցումը, Անկարայի հետ Անտանտի առանձին երկրների անջատ բանակցությունները և այլն)՝ հայկական զույգ պատվիրակությունները Ավետիս Ահարոնյանի և Պողոս Նուբարի գլխավորությամբ ապարդյուն փորձում էին Անտանտի տերություններին համոզել՝ իրագործելմ.պայմանագրի՝ Արևմտյան Հայաստանին վերաբերող հոդվածները և «վարչական ինքնավարություն» ստանալ ֆրանսիական ազդեցության ոլորտում գտնվող հայկական Կիլիկիայի համար։
Անգլո-ֆրանսիական ներկայացուցիչների հետ գաղտնի գործարքի մեջ մտած (1921-ի մարտի 9-ի ֆրանս-թուրքական համաձայնագիր, համատեղ կոնցեսիաներ և այլն) թուրքական պատվիրակությունը մերժեց հայերի բոլոր պահանջները. իսկ Լոնդոնի կոնֆերանսում բավարարվեց սոսկ Արևելյան նահանգների սահմաններում «Հայկական ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը նույնպես չընդունեց թուրքական պատվիրակությունը։ Այդպիսով, Սևրի պայմա-նագրում նախատեսված հայկական «ազատ և անկախ» պետության գաղափարը փոխարինվեց «ազգային օջախով», որը շուտով ամենևին պետք է ջնջվեր Լոզանի պայմանագրում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 661)։ |