Հակառեֆորմացիա (լատին․՝ Contrareformatio), եկեղեցական-քաղաքական շարժում Եվրոպայում16-րդ դարի կես (Տրիդենտի եկեղեցական ժողով (1545–1563 թթ.))-17-րդ դարում (Երեսնամյա պատերազմի ավարտ, 1648 թ.), որն ուղղված էր Ռեֆորմացիայի դեմ և որի նպատակն էր վերականգնել եվրոպական մի շարք երկրներում կաթոլիկության խարխլված դիրքերը։ Շարժումը գլխավորել է պապականությունը։ Հակառեֆորմացիայի պայքարի միջոցներն էին ինկվիզիցիան, վանական միաբանությունները (օրինակ՝ ճիզվիտները), հռոմեական կուրիան (պապական հիմնարկները)։ Հակառեֆորմացիան դաժանորեն հալածել է ազատամտության որևէ արտահայտություն։
Շնորհիվ Հակառեֆորմացիայի ընթացքում իրականացված բարեփոխումների, կաթոլիկ եկեղեցին դարձավ ավելի համախմբված պապի գլխավորության ներքո, հիմնադրվեցին նոր վանական միաբանություններ, որոնք դարձան նոր տիպի կրոնականության օրինակներ, արգելվեց ինդուլգենցիաների վաճառքը, ստեղծվեցին կաթոլիկ հոգևոր վարժարաններ, միասնականացվեց կաթոլիկ պատարագի անցկացման ծեսը և այլն։ Կաթոլիկ եկեղեցու կոնսոլիդացումը և վերականգնումը թույլ տվեց ուժեղացնել մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսայում և Լեհաստանում նրա դիրքերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 62)։