Մեծն Մուրադ
Համբարձում Բոյաջյան | |
---|---|
1860 - 1915 | |
Ծննդավայր | Կիլիկիա Հաճըն |
Մահվան վայր | Կեսարիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Զորատեսակ | Հայ ֆիդայիներ |
Մարտեր/ պատերազմներ | Սասունի ինքնապաշտպանություն (1891-1894) |
Մեծն Մուրադ (Համբարձում Բոյաջյան) (մայիսի 12, 1867, Հաճն, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 2 (15), 1915[1], Կեսարիա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հնչակյան կուսակցության ղեկավարներից։ Ժիրայրի եղբայրը։ Սասունի ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարը Միհրան Տամատյանի ձերբակալությունից հետո։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Միացյալ ընկերության վարժարանում, 1885 թվականին մեկնել է Կ. Պոլիս և շարունակել կրթությունը տեղի բժշկական ուսումնարանում,
Գործունեության սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կ. Պոլսում ընդգրկվել է զեյթունցի Հարություն Չաքըրյանի ստեղծած «Հայոց հայրենյաց միություն» գաղտնի խմբակի մեջ։ 1888 թվականին անդամագրվել է Հնչակյան կուսակցությանը[2]։ Քիչ անց դառնում է Հնչակյան կուսակցության Կ. Պոլսի ղեկավարը[3]։
1890 թվականի հուլիսի 15-ի Գում Գափուի ցույցի գլխավոր կազմակերպիչներից էր. նա է ստանձնել սուլթանին հայոց պահանջները ներկայացնելու անձնազոհ գործը։ Իր եռանդուն գործունեության պատճառով Մուրադը հետապնդվում է օսմանյան ոստիկանության կողմից։ Մուրադի նկարը փակցրված էր թուրքական ոստիկանության պետ Նազըմի ընդունարանում։ Բացի այդ բոլոր ոստիկաններին բաժանել էին մեծն հայորդու նկարները[3]։ Թուրքական կառավարությունը Մուրադի գլխի համար խոստացել էր 2000 ոսկի պարգև։
Մուրադին հաջողվում է ձերբակալությունից խուսափել և փախչել Հունաստան։ 1892 թվականին հասնում է Ալեքսանդրեթի նավահանգիստ, իսկ այդտեղից էլ ոտքով հասնում է Սասուն[2]։
Սասունի ապստամբություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1892 թվականին Սասունում համագործակցում է Միհրան Տամատյանի հետ։ 1893 թվականին եղել է Կովկասում, որտեղից զինված փոքրաթիվ խմբով վերադարձել է Սասուն։ 1893 թվականին թուրք կառավարության կողմից Տամատյանին ձերբակալելուց հետո Մուրադն ինքն է ստանձնում Սասունի ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարությունը։
Մեծն Մուրադը ղեկավարել է 1894-ի Սասունի ապստամբությունը, որի ընթացքում Մեծն Մուրադի զինակիցներն են եղել և իրենց մարտական մկրտությունը ստացել Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Հրայր Դժոխքը։
Բանտարկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1894 թվականի օգոստոսի վերջին Մեծն Մուրադը փոքրաթիվ խմբով պաշարվել է, երեք օր տևող կռվից հետո ձերբակալվել է։ Նրա հետ կռվում էին Գասպարը, Գևորգ Չաուշը և Ադամը։ Գասպարն առաջարկել է իր վրա վերցնել թշնամու հարվածը, սակայն Մուրադն ու Գևորգը դա կտրականապես մերժեցին։ Արդյունքում հայդուկները գերի են ընկնում։ Թուրքերից մեկն Մեծն Մուրադին տեսնելով բացականչում է. «Մուրադ, հա Մուրադ։ Սա՞ է Մուրադը, այս պստիկ մարդը»[4]։
Մուրադի հարցաքննությունը կայացել է սուլթանական «Յըլդըզ» պալատում, որտեղ վարագույրի հետևից հարցազրույցին հետևել է սուլթան Աբդուլ Համիդը։ Մուրադին դատապարտել են 101 տարվա բանտարկության[2]։
Հայդուկներին տանում են Մուշ, որտեղ նրանց 4 օր տանջանքների են ենթարկում։ Տղաներից մեկն անգամ մահանում է։ Դրանից հետո հայդուկներին տեղափոխում են Բաղեշի բանտ[4]։
Գևորգ Չաուշը սակայն փախուստ է կազմակերպում և համոզում է Մուրադին իր հետ փախչել։ Սակայն Մուրադը մերժում է առաջարկը։ Գևորգը 1896 թվականի ապրիլի 20-ի գիշերը փախչում է բանտից[5]։
Մուրադին այնուհետև Բաղեշի բանտից տեղափոխում են Կ. Պոլիս, ապա աքսորում Տրիպոլի։
1904 թվականին իր եղբորը բանտից ազատելու փորձ է անում Հայկանուշ Պոյաճյանը, բայց ապարդյուն[2]։
Գործունեությունն արտասահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1905 թվականին փախել է բանտից, անցել Եվրոպա, հաստատվել Փարիզում։ Հայ հեղափոխական ուժերին համագործակցության կոչ է արել։ Վերակազմյալ հնչակյանների հետ համերաշխություն ստեղծելու նպատակով 1907 թվականին այցելել է Եգիպտոս, տեսակցել Միհրան Տամատյանի հետ, ապա մեկնել է ԱՄՆ. ամենուրեք արժանացել է ժողովրդի խանդավառ ընդունելության։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Թուրքիա, ընտրվել ազգային երեսփոխան և օսմանյան խորհրդարանի անդամ։
Մուրադը պառլամենտում խիստ քննադատության էր ենթարկում երիտթուրքերի քաղաքականությունը։ Նա ջանում էր ձախողել ոչ մուսուլմաններին բանակ զորակոչելու օրենքի նախագիծը[2]։
1915 թվականին Մեծն Մուրադը ևս ձերբակալվել է հայ մտավորականների հետ, աքսորվել Կեսարիա։ 1915 թվականի հուլիսի 30-ին նրան կախաղան են բարձրացնում[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիրվարդ «Մեծն Մուրատ (Համբարձում Պոյաճեան. կեանքն ու գործունէութիւնը)», Փրովիտէնս, 1955, 134 էջ, 2-րդ հրտ., Երեւան, 1991, 56 էջ։
- Կարօ Սասունի «Պատմութիւն Տարօնի աշխարհի», Պէյրութ, 1957, 1252 էջ։
- Հայկազ Պողոսյան «Սասունի պատմություն (1750-1918)», Երևան, 1985, 360 էջ։
- Չելեպեան Անդրանիկ «Յեղափոխական դէմքեր», Միշիկըն, 1991, 464 էջ, 2-րդ հրտ., Սաութֆիլդ, 1994, էջ 79–124:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 376.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Մեծն Մուրադ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 Մարտի 6-ին.
- ↑ 3,0 3,1 Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 108
- ↑ 4,0 4,1 Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 109
- ↑ Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 175
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Մայիսի 12 ծնունդներ
- 1867 ծնունդներ
- Հաճըն քաղաքում ծնվածներ
- Հունիսի 15 մահեր
- 1915 մահեր
- Հայ ֆիդայիներ
- Հուլիսի 30 մահեր
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Օսմանյան կայսրության բանտարկյալներ և կալանավորներ
- Անձինք Ադանայից
- Օսմանյան կայսրության քաղաքական անձինք
- Օսմանյան կայսրության քաղաքական գործիչներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ