Jump to content

Հայերն Արգենտինայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայերը Արգենտինայումից)
Հայ-արգենտինական հարաբերություններ

Արգենտինա

Հայաստան

Հայերն Արգենտինայում (իսպ.՝ Armenios en Argentina), խոշոր հայկական համայնք Արգենտինայի Հանրապետությունում։

Բուենոս Այրեսից ժամանած հայերը ներգաղթողների ազգային XXVI փառատոնի բացման շքերթին Օբերայում։

Արգենտինահայ համայնքը սկսել է ձևավորվել դեռևս XIX դարի 80-ական թվականներին և ավելի ստվարացել հատկապես Առաջին (1914–18) և Երկրորդ (1939–45) համաշխարհային պատերազմներից հետո, երբ վտանգվեց մեր հայրենակիցների կյանքը Թուրքիայում, ապա նաև Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում։ Արգենտինայում ապաստան գտած հայերը հիմնականում այնթապցիներ, հաճնցիներ ու մարաշցիներ են. մեծ մասամբ բնակվում էին Բուենոս Այրեսում, Կորդովայում, Ռոսարիոյում, Մար դել Պլատայում։ Ներկայումս Արգենտինայում բնակվում է 150,000

հզ. հայ։ Մեծ մասը (123 հզ.) կենտրոնացած է Բուենոս Այրեսում և Կորդովայում (7 հզ)։ Հայկական համայնքներ կան նաև Արգենտինայի շատ քաղաքներում։ Նրանք զբաղվում են արհեստներով, առևտրով, քիչ չեն մտավորականները, ուսանողները, ձեռնարկատերերը։

Արգենտինայի շատ քաղաքներում կան հայկական տեղանուններով, նշանավոր հայերի անուններով փողոցներ, հրապարակներ։ Բուենոս Այրեսի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստան, մեկ ուրիշը՝ Արարատ, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի նահատակներին նվիրված հուշակոթող, Պալերմո թաղամասի Արմենիա փողոցում տեղադրված է Սարդարապատի հերոսամարտի հուշարձան-կոթողը։ Կորդովայի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստանի Հանրապետության, կան նաև Արմենիա, Զորավար Անդրանիկ փողոցներ։ Արգենտինահայ գաղութն ապրում է աշխույժ հասարակական կյանքով։ Այստեղ գործում են բազմաթիվ հայրենակցական, մշակութային, երիտասարդական և այլ միություններ ու ընկերություններ, երգչախմբեր («Կոմիտաս», «Արաքս»), պարախմբեր («Գայանե», «Նաիրի»), «Թաթուլ Ալթունյան» նվագախումբը։ Ճանաչված են հայ մշակույթի գործիչներ Լևոն Վարդապետյանը, Ժան Ալմուխյանը, Մարթա Վարդանյանը, Ալիսիա Թերզյանը, երգչուհիներ Վիկտորյա Սևանը, Էլիզ Տիգրանյանը, դաշնակահարուհի Անթառամ Ահարոնյանը, քանդակագործ Հակոբ Յարումյանը, գեղանկարիչներ Խորխե Դեմիրճյանը, Սարգիս Աշքյանը և շատ ուրիշներ։ Մեծ ճանաչում ունի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը (վերջին տարիներին ապրում է ԱՄՆ-ում)։ Արգենտինայի Ազգային կոնգրեսի պատգամավորների զբոսաշրջության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն է հայազգի միակ պատգամավոր Ալեխանդրո Բալյանը, իսկ զինվորական ակադեմիայի հիմնադիր տնօրենը՝ հայազգի Յանոշ Ցեցը։

Բուենոս Այրեսում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Վարագա Սուրբ Խաչ, Սուրբ Պողոս-Պետրոս, Կորդովայում՝ Սուրբ Գևորգ եկեղեցիները։ Արգենտինայի հայ համայնքի ձևավորմանը զուգընթաց՝ եկեղեցիներին կից ստեղծվել են մեկօրյա, ապա նաև ամենօրյա դպրոցներ։ Ներկայումս գործում են 10 ամենօրյա դպրոցներ, որոնցից 6-ը՝ միջնակարգ, 3-ը՝ նախակրթարան։

Այստեղ հրատարակվում են «Սարդարապատ», «Նոր Սևան», «Արմենիա», «Նոր Հաճըն», «Հայ» պարբերականները, գործում են հայկական ռադիոժամեր։ 2001 թ-ի դեկտեմբերին արգենտինահայ հայտնի գործարար, երկրի 33 օդանավակայանների հիմնական բաժնետեր, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանի և ՀՀ Կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր, որով Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները 30 տարի ժամկետով կառավարման են հանձնվել Էռնեկյանի ընկերությանը։

Հայության մեծ մասը հարում է հայ առաքելական եկեղեցուն, ձևավորվել է Արգենտինայի հայոց թեմը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին)։ Երկրում կան նաև հայ կաթոլիկ և ավետարանական համայնքներ։ Բուենոս Այրեսում գործում են Նարեկա Սուրբ Տիրամոր հայ կաթողիկե եկեղեցին, որի բակում 2015 թվականին կանգնեցվել է հայոց ցեղասպանության հուշարձան։ և երկու հայ ավետարանական եկեղեցիներ։ Չորս ավետարանական ժողովարաններ կան Բուենոս Այրեսի արվարձանում, մեկ ժողովարան էլ՝ Կորդովայում։

Արգենտինյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի և Արգենտինայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 17-ին։ 1993 թվականից Բուենոս Այրեսում գործում է Հայաստանի դեսպանությունը։ 2011 թվականի սեպտեմբերի 6-ին Արգենտինայի Սենատում, իսկ հոկտեմբերի 6-ին Պատգամավորների Պալատում ստեղծվել են ՀՀ-ԱՀ բարեկամության խորհրդարանական խմբեր[1]։

Արգենտինան Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով 2007 թվականին։

Արտակարգ և լիազոր դեսպան.՝ Ն.Գ. Տկն. Էսթերա Մկրտումյան
Նստավայրը՝ Բուենոս Այրես
Աշխատանքային ժամեր՝ Երկուշաբթի-ուրբաթ 09.00-18.00
Հասցե՝ Խ. Ա. Պաչեկո դե Մելո 1922, C1126, Բուենոս Այրես, Արգենտինյան Հանրապետություն
Հյուպատոսական բաժին՝ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի 10.00-12.30

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]