Հարություն Հարությունյան (բժիշկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Հարությունյան (այլ կիրառումներ)
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Հարություն Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | 1940 փետրվարի 20 |
Ծննդավայր | գյուղ Ուջան, ԽՍՀՄ |
Մահացել է | 1999 թվական, հունվարի 30 |
Մահվան վայր | գյուղ Ուջան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Հարություն Սիմոնի Հարությունյան (փետրվարի 20, 1940, Ուջան (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) - հունվարի 30, 1999, գ. Ուջան), բժիշկ), ազատամարտիկ, Ղարաբաղյան շարժման մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1977)։ 1977-1984 թվականներին աշխատել է Աշտարակի կենտրոնական շրջանային հիվանդանոցում՝ ախտաբան-անատոմ, 1984 թվականից՝ Բյուրականի (ՀՀ Արագածոտնի մարզ) «Արագած» մանկական առողջարանի գլխավոր բժիշկ։ 1965 թվականին ղեկավարել է «Վրիժառուներ» ընդհատակյա խումբը, որը 1967 թվականին Ուջան գյուղում կանգնեցրել է զորավար Անդրանիկի հուշարձանը։ 1990թ․ին տպագրված "Միջնադարյան Հայկական Բժշկարանների Դեղաբույսեր" գրքի հեղինակ։
1988 թվականին Սպիտակի երկրաշարժի ժամանակ մասնակցել է փրկարարական, բուժսպասարկման աշխատանքներին, 1989-1993 թվականներին՝ Շուշիի (Ջանհասան-Քյոսալար հատվածում), «Արծիվ» մահապարտների կազմում (դասակի հրամանատար)՝ Մարտակերտի (Չլդրան, Դրմբոն, Վաղահաս Հարությունագոմեր, Պողոսագոմեր) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական գործողությունների ժամանակ նաև բուժօգնություն է ցույց տվել վիրավոր ազատամարտիկներին, կազմակերպել վիրավոր և զոհված ազատամարտիկների տարհանումը, զինադադարից հետո «Արագած» մանկական առողջարանում՝ նրանց ընտանիքների և ծնողազուրկ (նաև աղետի գոտու) երեխաների բուժսպասարկումը։
Պարգևատրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։
Մարտական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964թ․- Որդեգրվել է Հայ Ազգային Ազատագրական շարժմանը։
- 1965թ․ - Եղեռնի հիսնամյակի ցույցի ակտիվ մասնակիցներից։
- 1965թ․ - Ուջան գյուղում գաղտնի գործող "Վրիժառուներ" խմբի ղեկավար։
- 1966թ․ - Ղեկավարել է Հայաստանում առաջին անգամ Անդրանիկ Զորավարի հուշարձանը կանգնեցնելու աշխատանքները։
- 1967թ․ - Խորհրդային Իշխանության ՊԱԿ-ի հետապնդումների եւ արգելքների պայմաններում հունիսի 4-ին, գիշերով, Ուջան գյուղի կենտրոնում կանգնեցնում է Զորավար Անդրանիկի հուշարձանը, ինչի համար եւ ենթարկվում է ժամանակավոր տնային կալանքի։
- 1968թ․ - կազմակերպիչներից էր մինչ օրս Ապրիլ 24-ին Ուջանի սարերում եղեռնի նահատակների հիշատակին վառվող խարույկների, որի համար թուրքիան բազմիցս նոտա է հղել Խորհրդային իշխանությանը։
- 1988թ․ - Ղարաբաղյան շարժմանը միացավ անմիջապես։ Խիստ գաղտնիության պայմաններում ղեկավարում է Հայոց Ազգային Ճակատ /ՀԱՃ/ միությունը։ Իր անձնական տունն ու Բյուրականում իր Ղեկավարության նեքո գտնվող "Արագած" մանկական առողջարանը դարձրել էր ռազմական բազա, որտեղ պահվում էր զենք ու զինամթերք։ Այդ տարիներին վտանգելով սեփական անձը՝ բազմիցս մեկնել է Խորհրդային միության տարբեր քաղաքներ՝ զենք ու զինամթերք հայթայթելու նպատակով։ Ամեն անգամ Հայաստան վերադառնալիս բախվում էր ներքին գործերի աշխատակիցների հետ։ նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ կարկտահար հարյուրավոր ալազաններ վերածվում էին մարտական զենքի եւ հանձնվում շարժման ռազմական ղեկավարությանը։ Այդ տարիներին ղեկավարել և բռնագրավել է խորհրդային բանակի զորամիավորումներից հազարավոր զենք ու զինամթերք։
- 1988թ․ - Դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի առաջին իսկ օրվանից մասնակցել է փրկարար աշխատանքներին եւ սատար կանգնել աղետյալներին։ Աշտարակի թիվ 2 միջնակարգ դպրոցում բացել է 200 մահճակալանոց առաջին բուժօգնության հիվանդանոց։ "Արագած" մանկական առողջարանում ընդունել է աղետի գոտու շուրջ հարյուր հիսուն ընտանիք։
- 1989թ․ - Սեպտեմբերյան ծանր օրերին կազմակերպել է Արցախի Մարտակերտի շրջան է հասցրել դեղորայք, սննդամթերք, սպիտակեղեն եւ այլ անհրաժեշտ պարագաներ։
- 1983-93 թթ․ - Ամռան բոլոր ամիսներին առողջարանում ընդունել եւ անվճար բուժել է աղետի գոտու եւ արցախի ազգային-ազատագրական շարժման հետևանքով որբ մնացած շուրջ հազար հինգ հարյուր երեխա։
- 1990թ․ - առաջին անգամ Բյուրականի բարձունքներում իր մարտական ընկերների հետ կատարեցին փորձարկումներ եւ հիմք դրեցին հրթիռային զենքի արտադրությանը։
- 1990-1991թթ․ - "Վահագնածին" ջոկատի իր տղաների հետ Վանաձորում խորհրդային բանակի զորամասից բռնագրավել եւ Վ․ Սարգսյանին ու Ա․ Մանուչարյանին է հանձնել գրադի մարտական սարքերով բեռնավորված մի ամբողջ գնացք։
- 1992թ․ - Մայիսի 4-ին իր մարտական ընկերների հետ մեկնում է Արցախ Շուշիի ազատագրական գործողություններին մասնակցելու։ Իր հետ տանում է սեփական միջոցներով ձեռք բերված մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, սնունդ, հագուստ ու վառելիք։ Մայիսի 8-ին մասնակցել է Շուշիի ազատագրմանը՝ Ջանհասան-Քյոսալար հատվածի թշնամու կրակակետերի ոչնչացմանը, եւ պատվով կատարել հրամանատարության կողմից իր վրա դրված պարտականությունները։ Կռվի դաշտից հասցրել է հանել վիրավորներին, վերջում ինքն էլ վիրավորվել է եւ տեղափոխվել թիկունք։ Դեռ լիովին չապաքինված հունիսի 27-ին իր "Վահագնածին" ջոկատի հետ վերադարձել է Արցախ՝ իր հետ տանելով բավական զենք ու զինամթերք, սնունդ։ Այդ ամենը հանձնել Ռոլես Աղաջանյանի եւ Մայիսի խմբին։ Այստեղ 25 օր հերթափոխում են Ասկերանի մարտիկներին։
- 1992թ․ - Առաջինն արձագանքեց Վազգեն Սարգսյանի մահապարտների գունդ ստեղծելու կոչին։ Իր հետ տարավ 4 կոմպլեկտ կրականետ (огнемет), 20 ֆագոտ, ПКТ գնդացիր, 25 կոմպլեկտ զինվորական համազգեստ եւ թուրքից խլված երկու ավտոմատ։ Եղել է "Արծիվ-1" գնդի հինգերորդ դասակի հրամանատար։ մասնակցել է Չլդրանի, Դրմբոյի, Վաղուհասի, Հարությունագոմերի, Պողոսագոմերի ինքնապաշտպանական մարտերին։ Այնուհետև ետ է կանչվել հրամանատարության կողմից եւ ուղարկվել շրջափակման մեջ ընկած զոհված մարտիկներին հանելու։ Նա այդ հանձնարարությունն էլ պատվով է կատարել եւ կրկին վիրավորված՝ կոնտուզիայով, վերադարձել է տուն։
- 1993-1998թթ․ - Լինելով վատառողջ, արդեն առաջին կարգի հաշմանդամ դարձած, ակտիվ մարտական գործողություններից անցնում է կազմակերպչական աշխատանքների։ Արպես գլխավոր բժիշկ շարունակում է իր գործունեությունը "Արագած" մանկական առողջարանում եւ մինչև կյանքի վերջին տարիներն այն ծառայեցրել է Արցախի հերոսամարտում զոհված եւ վիրավորված ազատամարտիկների երեխաներին, Արցախի մանուկների առողջության պահպանմանն ու բուժմանը։ Մինչև կյանքի վերջին շունչը նա եղել է իր հայրենիքի աննկուն մարտիկը, պայքարել Հայաստանի անկախության համար։ Նրա նպատակն էր Հայաստան աշխարհը տեսնել որպես մեկ Հայրենիք, մեկ ազգ, մեկ նպատակ, որով և ոգեկոչել է իր մարտական ընկերներին, շրջապատին, գալիք սերունդներին։ (Գեղամ Սմբաթյան, ԵԿՄ Աշտարակի տարածքային բաժանմունքի նախագահ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |