Ռայնլանդ-Պֆալց (գերմ.՝ Rheinland-Pfalz), երկրամաս ԳՖՀ-ում, Հռենոսի, նրա Մոզել և Լան վտակների ավազանում։ Տարածությունը 19,8 հզ․ կմ2 է, բնակչություն՝ 3,6 միլիոն (1976), վարչական կենտրոնը՝ Մայնց։ Ռայնլանդ Պֆալցը ինդուստրիալ-ագրարային երկրամաս է։ Արդյունահանվում է ոչ մեծ քանակությամբ նավթ և գազ։ Զարգացած է ընդհանուր մեքենաշինությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը կաթնամսատու անասնապահությունն է։ Մշակում են հացահատիկ (հիմնականում ցորեն), կարտոֆիլ, տեխ․ կուլտուրաներ (շաքարի ճակնդեղ, ծխախոտ)։ Ռայնլանդ Պֆալցը ԳՖՀ այգեգործության և գինեգործության կարևոր շրջանն է։ Տարածքի 37,9% անտառածածկ է։ Հռենոս և Մոզել գետերը նավարկելի են։ Կարևոր նավահանգիստներն են Լյուդվիգսհաֆենը, Նոյվիդը, Անդերնախը, Մայնցը, Կոբլենցը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։