Jump to content

Ղարաքիլիսայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղարաքիլիսայի ճակատամարտ
Թվական1918մայիսի 25-մայիսի 30
Մասն էԱռաջին համաշխարհային պատերազմի կովկասյան թատերաբեմ
ՎայրՂարաքիլիսա (ներկայիս Վանաձոր)
ԱրդյունքՀայկական կողմի հաղթանակ[փա՞ստ]
Հակառակորդներ
Հայոց ազգային խորհուրդ (1917-1918)Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Թովմաս Նազարբեկյան
Գարեգին Նժդեհ
Մեհմեդ Վեհիբ փաշա
Կողմերի ուժեր
600010000
Ռազմական կորուստներ
Համեմատաբար թեթև5000 ու ավելի զոհ
Ընդհանուր կորուստներ

Ղարաքիլիսայի ճակատամարտ, տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 25-30-ին հայկական և թուրքական զորքերի միջև, Ղարաքիլիսայի մոտ։ Ռուսաստանում 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը հեռացել էին Արևմտյան Հայաստանի տարածքից, և գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորած հայկական կորպուսը մնացել էր թուրքական գերազանց ուժերի դեմ։ Թուրքերը, խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ Երզնկայում 1917 թվականի դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թվականի սկզբին ներխուժեցին Արևմտյան Հայաստան, վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը։ Թուրքական գերակշիռ ուժերի ճնշման տակ անկազմակերպ հայկական կորպուսը նահանջեց, նրա հետ արտագաղթեցին նաև տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովում էր Անդրանիկի ջոկատը։ Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Երևանի մյուս մասը՝ Ղարաքիլիսայի ուղղությամբ։

Մայիսի 20-ին թուրքերը գրավեցին Ջաջուռը, Աղբուլաղը, Ղալթախչին, մայիսի 21-ին՝ Վորոնցովկան։ Ջալալօղլիի մոտ, երկօրյա մարտերից հետո (մայիսի 21-22-ին), Անդրանիկի ջոկատը կենտրոնացավ Դսեղ գյուղում, ապա շարժվեց դեպի Դիլիջան։ Գեներալ Նազարբեկովի հրամանով 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Բեյ-Մամիկոնյան) և երկու լեռնային մարտկոցներ քաշվեցին դեպի Շահալի, մնացածները կենտրոնացան Դիլիջանի մոտ։ Մայիսի 24-ին գրավեցին Համամլուն։ Ղարաքիլիսայի մոտ կենտրոնացած հայկական զորքը (հրամանատար՝ Թ. Նազարբեկով) ուներ 6 հազար զինվոր, 70 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրք, զորքը (հրամանատար Ջավադ բեյ)՝ 10 հազար ասկյար, 70 հրանոթ և 40 գնդացիր։ Մարտերին մասնակցել են Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները։

Հայկական ուժերը թուրքերին հիմնական հարվածներ հասցրին Ղշլաղ գյուղի (այժմ՝ Վանաձորի Տարոն թաղամաս) մոտ, Բզովդալի մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին ու թուրքական գերակշիռ ուժերին հարկաղրեցին նահանջել դեպի Համամլու։ Մարտերի ընթացքում հայերը տվեցին մեծ կորուստներ (շուրջ 2500 մարդ սպանված, վիրավոր և գերի)։ Մեծ կորուստներ տվեցին նաև թուրքերը, սակայն, համալրում ստանալով, նրանք անցան հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջեցին Դիլիջան։ Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորեցին հայ բնակչությանը, ավերեցին գյուղերը։

Ճակատամարտին տրված գնահատականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասում թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան հետագայում, Բաթումի բանակցությունների ժամանակ, խոստովանեց, որ Ղարաքիլիսայի ճակատամարտը «...բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ։ Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»։ Ղարաքիլիսայի ճակատամարտի, Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերի (1918) շնորհիվ թուրքերը չկարողացան մտնել Երևան, Արարատյան դաշտ և Սևանի ավազան։ Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո թուրքական զորքերը արշավեցին Ղազախ, Գանձակ և Բաքու։

Ավետիս Ահարոնյանի կողմից «20-րդ դարի Ավարայր» բնորոշումը ստացած այս պատմական իրադարձությունը 1918-ի մայիսին Արևելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք հիմնական ռազմաբախումներից, անկասկած, ամենախոշորն էր, որի արդյունքում թուրքական բանակն ունեցավ մեծ կորուստներ։ Եթե Սարդարապատում ձեռք բերված և Բաշ Ապարանում ամրապնդված առաջին հաղթանակներից հետո Հայկական կորպուսի հիմնական ուժերը Ղարաքիլիսայի մատույցներում ուժասպառության եզրին չհասցնեին հակառակորդի խոշորագույն խմբավորմանը, ապա թերևս անհնարին կլիներ խափանել Թիֆլիսը գրավելու՝ թուրքական հրամանատարության նախնական մտահղացումը։ Ավելին, նման պայմաններում հնարավոր չէր լինի կանխել նաև Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատներում կուտակված հայկական զինուժի թևանցումը՝ Ղարաքիլիսա-Դիլիջան գծով, որն անհնարին կդարձներ մայիսի 28-ին հռչակված Հայաստանի անկախության հռչակագրում մատնանշված «հայաբնակ տարածքների» վերահսկողությունը՝ հայկական զինուժի կողմից։ Ղարաքիլիսայի հերոսամարտի շնորհիվ ապահովվեց նաև շուրջ 20 000 գաղթականների անվտանգությունը։

Մարտերում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ բեյ Մամիկոնյանի զորամասերը, կապիտան Գարեգին Նժդեհը, շտաբի կապիտան, հերոսաբար զոհված Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները։ Այդ պատերազմին չմասնակցեց Անդրանիկ Օզանյանը, նույն ինքը՝ Զորավար Անդրանիկը։ Ղարաքիլիսայի ճակատամարտին իր մեծ դերն ունեցավ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ.Թումանյանը։ Նա ասել է. «Եթե պատերազմում մեր լոզունգը լիներ թալանը, գուցե ավելի հաջողութիւն ունենայինք»։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սարգսյան Երվանդ, Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 1914-1918 թթ, Երևան, 1964։
  • Հարությունյան Աշոտ, Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները, Երևան, 1984։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։