Հայկական հարց
|
Հայկական հարց, Օսմանյան կայսրության տիրապետությունից Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու ամբողջ Պատմական Հայաստանում սեփական պետականության վերականգնման, իր Հայրենիքում, սեփական պետականության սահմաններում հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։ Ըստ խորհրդահայ պատմագրութեան՝ Հայկական հարցը ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։ Ըստ հայկական ազգային պատմագիտական թևի ներկայացուցիչների՝ Հայկական հարցն առաջացել է այն ժամանակ, երբ Հայ ժողովուրդը զրկվել է իր Հայրենիք Հայաստանում սեփական ազգային, անկախ, միացեալ և ամբողջական պետականություն ունենալու հնարաւորությունից։ Այդ տեսակետի կողմնակիցներ են մասնավորապես պատմաբաններ Լեոն, Լենդրուշ Խուրշուդյանը, Մնացական Խաչատրյանը և շատ ուրիշներ։
Եզրույթի ի հայտ գալը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեռլինի կոնգրես
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական հարցն Արևելյան հարցին առնչվում էր Օսմանյան կայսրության հետ Ռուսական կայսրության փոխհարաբերությունների միջոցով։ Արևելյան և Հայկական հարցերը XIX դարի ընթացքում և XX դարի առաջին տասնամյակներին գտնվում էին միջազգային քաղաքականության կիզակետում։ 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմը ոտքի հանեց հայ ժողովրդին, որը մեծ հույսեր էր կապում ռուսական զենքի հաղթանակի հետ, և ինչը օբյեկտիվորեն համընկնում էր թուրքական լծից հայ ժողովրդի ազատագրության կենսական շահերին։ Պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ 1878 թ.-ի փետրվարի 19-ին Սան–Ստեֆանո բնակավայրում կնքվեց հաշտության նախնական պայմանագիր, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ վայրերում։ 16-րդ հոդվածի առավելությունն այն էր, որ Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր, իսկ Արևմտյան Հայաստանի զգալի մասի միացումը Ռուսաստանին հայերին ազգային համախմբության, տնտեսական և մշակութային զարգացման հնարավորություն էր տալիս։ Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված պայմաններում, Ռուսաստանին հակադրվեց անգլո-ավստրիական ուժեղ դաշինքը։ Մեծ Բրիտանիան և Ավստրո-Հունգարիան նախաձեռնեցին հրավիրել միջազգային նոր համաժողով, որի նպատակն էր խոչընդոտել Ռուսաստանին օգտվելու իր հաղթանակի պտուղներից։ Բեռլինի կոնգրեսի (1878 թ.) հրավիրման նախօրեին Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Եվրոպա ուղարկվեց հայ ազգային պատվիրակությունը՝ եվրոպական պետությունների կառավարությունների աջակցությունը հայցելու կոնգրեսում հօգուտ հայերի որոշումներ ընդունելիս։
Չստանալով իրական երաշխիքներ՝ հայ ազգային պատվիրակությունը, այնուամենայնիվ մեկնեց Բեռլին, սակայն նրան չթույլատրվեց նույնիսկ մասնակցել կոնգրեսի նիստերին։ Բեռլինի կոնգրեսում, Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման հետևանքով, արևմտա-եվրոպական դիվանագիտությանը հաջողվեց Ռուսաստանին զրկել հայկական գործերը տնօրինելու մենաշնորհից։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի համապատասխանաբար 16-րդ և 61-րդ հոդվածներով սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը, ինչպես նաև հասարա-քաղաքական կյանքում եվրոպական դիվանագիտության օգնությամբ թուրքական լուծը թոթափելու, հայերի անկախությունն ու ինքնավարությունը ձեռք բերելու մտայնությունն ու գործելակերպը, որը շարունակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու նրանից հետո։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոտորածների առաջին փուլը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական հարցի ստեղծման և հայ ազատագրական պայքարի վերելքի շրջանում (XIX դարի վերջին քառորդ) ավելի խստացան սուլթանական կառավարության ճնշումներն ու հալածանքները, սկսվեցին հայերի զանգվածային ջարդեր (Համիդյան կոտորածներ), որոնց զոհ գնաց ավելի քան 300 հզ. հայ։ Եվրոպական տերությունները, որոնց համար Հայկական հարցը սոսկ միջոց էր միջամտելու Օսմանյան կայսրության ներքին գործերին, փորձեցին ճնշում գործադրել նրա վրա՝ նոր զիջումներ և շահույթներ կորզելու համար։ Սակայն հայկական ջարդերը մեծ արձագանք գտան Եվրոպայում, եվրոպացի մարդասեր հասարակայնությունը պահանջում էր բավարարել հայերի պահանջները բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ 1895 թ.-ի մայիսի 11-ին Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Կոստանդնուպոլսի դեսպանները մշակեցին և թուրքական կառավարությանը ներկայացրին հայկական նահանգներում (Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Սվասի, Խարբերդի վիլայեթները) բարենորոգումներ անցկացնելու ծրագիր։ Սուլթանական կառավարությունը երկար ձգձգումներից հետո ընդունեց մայիսյան բարենորոգումների ծրագիրը, բայց այս անգամ ևս, օգտվելով մեծ տերությունների միջև եղած հակասություններից, չիրագործեց։ Դեռ ավելին, կատաղի հարձակում սկսեց հայերի դեմ՝ կազմակերպելով նոր զանգվածային ջարդեր Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում։
Երիտթուրքական հեղաշրջում
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թ.-ի երիտթուրքական հեղաշրջումով Հայկական հարցը թևակոխեց զարգացման նոր փուլ։ Հայ հասարա-քաղաքական որոշ գործիչներ Հայկական հարցի լուծումը կապեցին թուրք պետականության բարենորոգման հետ։ Սակայն հայերի վիճակը չբարելավվեց, իսկ 1909 թ.-ի ապրիլին երիտթուրքերն իրագործեցին Ադանայի կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հզ. հայ։
1912-1914 թթ.-ին, երբ բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի հետևանքով նոր հարված հասցվեց թուրք բռնատիրությանը, Հայկական հարցը վերստին դարձավ մեծ տերությունների և Օսմանյան կայսրության միջև բանակցությունների առարկա։ Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հարցի շուրջ սկսվեց բարդ պայքար, որը շարունակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) սկիզբը։
Առաջին համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմի մեջ մտնելով Գերմանիայի կողմում՝ Օսմանյան կայսրության կառավարող շրջանները հույս ունեին իրականացնել Կովկասից Ռուսաստանին հեռացնելու, Մերձավոր Արևելքի, Կովկասի, Ռուսաստանի, Միջին Ասիայի մուսուլմաններին միավորելով «մեծ Թուրան» ստեղծելու վաղեմի գաղափարը։ Այդ նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտ էր հանդիսանում ոչ միայն Ռուսաստանը, այլև հայ ժողովուրդը։ Երիտթուրքական կառավարությունը գտնում էր, որ ամենից առաջ պետք է ոչնչացնել Արևմտյան Հայաստանի հայ բնակչությանը, որի ռուսական կողմնորոշումը հանրահայտ էր։
Մեծ Եղեռն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտթուրքերը, Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության մյուս մասերում ապրող հայերին ոչնչացնելու և այդ ձևով Հայկական հարցը լուծելու նպատակով և օգտվելով պատերազմի ընձեռած հնարավորությունից, մերձճակատային շրջաններից հայերին տեղահանելու անվան տակ կազմակերպեցին և իրականացրին ավելի քան 1, 5 միլիոն հայերի տեղահանությունն ու կոտորածը (Հայոց Ցեղասպանություն)։ Արևմտյան Հայաստանը և Կիլիկիան զրկվեցին բնիկ՝ հայ բնակչությունից։
Արևմտյան Հայաստանի գրավումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կովկասյան ճակատում հաջող գործողությունների շնորհիվ ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների հետ մինչև 1916 թ.-ը գրավեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը։ Գրավված տարածքներում 1916 թ.-ի հունիսին Ռուսական կայսրությունը ստեղծեց «Պատերազմի իրավունքով Թուրքիայից գրաված մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն»։ Եթե պատերազմի նախօրեին և սկզբնական շրջանում ցարիզմը ներկայանում էր իբրև Օսմանյան կայսրությունում ապրող քրիստոնյաների, մասնավորապես՝ հայերի պաշտպան, կամավորական ջոկատներ էր ստեղծում, ապա այժմ ձգտում էր Հայկական հարցը հանել ռուսական դիվանագիտության գործունեության ոլորտից և զրոյի հավասարեցնել հայերի քաղաքական նշանակությունը։ Պատերազմի իրավունքով գրավված հայկական նահանգները պետք է վերածվեին Ռուսաստանի սովորական ծայրամասային նահանգների՝ գործնականում զրկված բնիկ՝ հայ բնակչությունից։
Ցարական իշխանության անկումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում 1917 թ.-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ստեղծված Ժամանակավոր կառավարությունը 1917 թ.-ի ապրիլի 25-ի որոշումով իր իրավասության տակ վերցրեց Արևմտյան Հայաստանի գրավված մասերի կառավարումը։ Տեղահանված և աքսորված հայերին թույլատրվեց վերադառնալ հայրենի տները։ 1917 թ.-ի մայիսից ռուս-թուրքական ճակատում ստեղծվեց ոչ պաշտոնական զինադադարի իրադրություն։ Ճակատում գտնվող ռուս զինվորներին համակել էր ճակատը լքելու և տուն վերադառնալու ձգտումը։ Այդ տրամադրություններն առավել զգալի դարձան 1917 թ.-ի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո։ Կովկասյան ճակատը մերկանում էր, և բարենպաստ պայմաններ էին ստեղծվում թուրքական արշավանքի համար։
Մայիսյան հերոսամարտեր և Հայաստանի անկախացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում իշխանության գլուխ անցած խորհրդային կառավարությունը 1917 թ.-ի դեկտեմբերի 29-ին ընդունեց Դեկրետ «Թուրքահայաստանի մասին» փաստաթուղթը, որը ճանաչում էր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, վաղուց կորցրած պետականության վերականգնումը։ Խորհրդային կառավարությունը պաշտոնապես հայտարարում էր, որ պաշտպանում է «Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն»։ Սակայն դեկրետը չիրագործվեց. կնքելով Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ անջատ հաշտության պայմանագիր, Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը փաստորեն հրաժարվեց այդ դեկրետից։ Խախտելով 1917 թ.-ի դեկտեմբերի 18-ին Երզնկայում կնքված ռուս-թուրքական զինադադարը՝ 1918 թ.-ի փետրվարին թուրքական զորքերը հարձակման անցան ամբողջ ճակատով և դարձյալ նվաճեցին Արևմտյան Հայաստանը։ Իր նպատակներին ծառայեցնելով Բրեստի հաշտության (1918 թ.) ընձեռած հնարավորությունները՝ թուրքական կառավարությունը շարունակեց ճնշում գործադրել Անդրկովկասի վրա՝ պահանջելով նրա անջատվելը Ռուսաստանից՝ հետագա խնդիր ունենալով Անդրկովկասը բաժանել մասերի և այնտեղ հաստատել իր գերիշխանությունը։ 1918 թ.-ին վերսկսելով հարձակումը, մայիսի կեսին թուրքական զորքերը գրավեցին Ալեքսանդրապոլը՝ ստեղծելով Երևանը գրավելու իրական վտանգ։ Հայ ժողովուրդը հայտնվեց օրհասական վիճակում։ Սակայն Սարդարապատի ճակատամարտում, Ղարաքիլիսայի ճակատամարտում և Բաշ Ապարանի ճակատամարտում հայկական զորքերն ու աշխարհազորը կանգնեցրին թշնամուն և վերացրին հայ ժողովրդի ֆիզիզկական բնաջնջման վտանգը։ Միաժամանակ վերսկսվեցին բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասյան սեյմի միջև։ 1918 թ. -ի մայիսի 26-ին հռչակվեց Վրաստանի Հանրապետության, 27-ին՝ Ադրբեջանի Հանրապետության (Անդրկովկասի արևելքում), մայիսի 28-ին՝ Հայաստանի Հանրապետության ստեղծումը։ Իր ստեղծման պահին Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում էր 9 հզ. կմ2-ից մի փոքր ավելի, բնակչությունը 326 հզ.։ Թուրքիային, բացի բուն Արևմտյան Հայաստանից, անցան նաև Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Շարուրը, Նախիջևանի գավառը, Ալեքսանդրապոլի և Էջմիածնի գավառների զգալի մասը։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից և Մուդրոսի զինադադարի (1918 թ.) կնքումից հետո թուրքական զորքերը հեռացան Հայաստանի Հանրապետության և Կարսի մարզի տարածքից, վերականգնվեց 1914-ի սահմանը, Հայաստանի Հանրապետության տարածքը կազմեց 56 հզ. կմ2։
Փարիզի խաղաղութեան կոնֆերանս և Սևրի պայմանագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1919-1920 թթ.-ին Հայաստանի Առաջին Հանրապետությունը մեծ ջանքեր գործադրեց Հայկական հարցը լուծել արևմտյան տերությունների աջակցությամբ, մեկ միասնական, անկախ պետության մեջ միավորել Հայաստանի արևելյան և արևմտյան մասերը։ Հայկական հարցը քննարկվեց Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-1920 թթ.), որտեղ որոշում ընդունվեց ԱՄՆ-ին տրամադրել Հայաստանի մանդատը։ Այդ որոշումը հաստատեց Ազգերի լիգան։ Սակայն ԱՄՆ-ի Սենատը մերժեց նախագահ Վուդրո Վիլսոնի առաջարկը Հայաստանի մանդատը վերցնելու վերաբերյալ։ 1920 թ.-ի օգոստոսի 10-ին Անտանտը հաշտություն կնքեց պարտված Թուրքիայի հետ (Սևրի հաշտության պայմանագիր), համաձայն որի, Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էր Հայաստանը իբրև ազատ և անկախ պետություն։ ԱՄՆ-ի նախագահին հանձնարարվում էր որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ Հայաստանի համար ելքով դեպի Սև ծով։
Հայաստանը՝ միայնակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայում իշխանության գլուխ անցած ազգայնամոլ կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սևրի պայմանագիրը։ Խորհրդային կառավարությունը, ձգտելով Թուրքիայում սկսված ազգայնամոլ շարժումն ուղղել Անտանտի դեմ, փորձեց իր միջնորդությամբ կայունացնել վիճակը տարածաշրջանում։ Սակայն խորհրդա-հայկական և խորհրդա-թուրքական բանակցությունները բազմիցս ընդհատվեցին և ձգձգվեցին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակ էր շահում մինչև Սևրի հաշտության կնքումը, իսկ թուրքական կողմը չէր ուզում հրաժարվել արևմտահայկական հողերից։ 1920 թ.-ի ամռանը Խորհրդային Ռուսաստանը Թուրքիային տրամադրեց ռազմական և դրամական զգալի օգնություն, որը նա օգտագործեց արևմուտքում՝ Հունաստանի, արևելքում՝ Հայաստանի Հանրապետության դեմ։ 1920 թ.-ի սեպտեմբերին թուրքական բանակն անցավ հարձակման։ Անկարայի կառավարությունը, նորանոր հողեր զավթելով, հայ ժողովրդի արևելյան հատվածը կոտորելով, ձգտում էր զրկել հայերին սեփական պետություն վերստեղծելու հնարավորությունից։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ենթադրում էր, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Իտալիան, իրականացնելով Սևրի հաշտության պայմանները, անմիջապես հանդես կգան հօգուտ հայերի և հակահարված կտան Թուրքիային։ Հայկական կառավարությունը դիմեց Ազգերի լիգային՝ խնդրելով միջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ համաձայն Սևրի պայմանագրի։ Սակայն դիմումներն արդյունք չտվեցին։ Թուրքական զորքերը շարունակեցին հարձակումը։ Թուրքիայի անհաշտ ու ռազմատենչ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ պայմանավորված էր ստեղծված միջազգային բարենպաստ իրադրությամբ, որից հաջողությամբ օգտվեց քեմալական կառավարությունը, ինչպես և Անտանտի ու Խորհրդային Ռուսաստանի միջև ռազմական առճակատումով։
Կարսի և Մոսկվայի պայմանագրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղափոխական քարոզչությամբ բարոյալքված, հարևանների ոտնձգությունների դեմ անընդհատ պատերազմելու հետևանքով թուլացած հայկական բանակը պարտվեց։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1920 թ.-ի դեկտեմբերի 2-ին ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով հանրապետությանն էին մնում միայն Երևանի և Սևանի շրջակա տարածքները, հայկական կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից, Թուրքիան իր հսկողությունն էր սահմանում հաղորդակցության ճանապարհների վրա ևն։ Նույն օրը, Խորհրդային Ռուսաստանի ճնշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրաժարվեց իշխանությունից։ 1921 թ.-ի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց բարեկամության և եղբայրության մասին պայմանագիր, որը թալանչիական էր Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Այդ պայմանագրի համաձայն որոշված էր Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Արևմտյան Հայաստանը՝ Կարսի մարզի հետ, այլև Սուրմալուի գավառը։ Պայմանագրում մտցվեց հատուկ հոդված, որի համաձայն Նախիջևանի մարզում կազմվում էր «ինքնավար տարածք՝ Ադրբեջանի հովանավորության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն հովանավորությունը չի զիջի մի երրորդ պետության»։ Մոսկվայի պայմանագիրը խորապես հակասում էր հայ ժողովրդի շահերին։ 1921 թ.-ի հոկտեմբերի 13-ին Կարսում ՌԽՖՍՀ մասնակցությամբ կնքվեց պայմանագիր մի կողմից Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի, Խորհրդային Ադրբեջանի, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև, որն աննշան տարբերությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագիրը և ձեռնտու էր բոլորին, բացի Խորհրդային Հայաստանից։
Լոզանի կոնֆերանս
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կառավարությունները փորձում էին Հայկական հարցը ծառայեցնել իրենց ծրագրերին և երբեք լրջորեն չմտահոգվեցին հայ ժողովրդի ճակատագրով։ 1920 թ.-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Լոնդոնի կոնֆերանսում, իսկ 1921 թ.-ի հունվարին Փարիզում Անտանտի գլխավոր նիստում Ֆրանսիան հանդես եկավ Սևրի պայմանագիրը վերանայելու պահանջով։ Մինչև Լոզանի կոնֆերանսը (1922-1923 թթ.) Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան նահանջել էին Սևրի հաշտության դրույթները պաշտպանելու և Հայկական հարցը լուծելու դիրքերից։ 1921 թ.-ի Լոնդոնի կոնֆերանսի որոշումներում «Հայկական անկախ պետություն» արտահայտությունը փոխարինվեց Թուրքիայի տարածքում «Հայկական ազգային օջախ» ստեղծելու մասին վերացական ձևակերպումով, ինչը Լոզանի կոնֆերանսում ջնջվեց այդ նույն դիվանագետների ձեռքով։ Ազգերի լիգան նույնպես անկարող եղավ ինչ-որ կերպ թեթևացնել ցեղասպանության ենթարկված և տեղահանված ժողովրդի վիճակը։
Լեռնային Ղարաբաղի հարցը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական հարցի անկապտելի մասն է կազմում Լեռնային Ղարաբաղի հարցը։ 1918-1920 թթ.-ին Ադրբեջանի Հանրապետության մուսավաթական կառավարությունը բազմիցս փորձեց զավթել Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանն ու Զանգեզուրը։ Սակայն Հայաստանի այդ շրջանների բնակչությունը զենքով պաշտպանեց իր հողն ու իրավունքներն այդ ոտնձգություններից։ 1921 թ.-ի հուլիսի 5-ին ՌԿ (բ) կ Կովկասյան բյուրոյի նիստում որոշվեց Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին։ Այդ ոչ սահմանադրական, կուսակցական, այսինքն՝ անիրավական որոշմամբ բուն հայկական հողերը՝ հայ բնակչությամբ, արհեստականորեն անջատվեցին Հայաստանից, իսկ 1923 թ.-ի սահմանազատման հետևանքով մարզը զրկվեց Խորհրդային Հայաստանի հետ ընդհանուր սահման ունենալուց և անջատվեց «ադրբեջանական» տարածքի բարակ շերտով։
Հետպատերազմյան շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թթ.) ավարտին նկատելիորեն ուժեղացավ սփյուռքահայերի շարժումը՝ Թուրքիային անցած Արևմտյան Հայաստանի տարածքը Խորհրդային Հայաստանին միացնելու համար։ Սփյուռքահայ կազմակերպություններն ու գործիչներն այդ պահանջով դիմեցին հաղթող տերությունների ղեկավարներին, ՄԱԿ-ի Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսին (1945 թ.-ի ապրիլ), երեք դաշնակից տերությունների ղեկավարների Բեռլինի կոնֆերանսին (1945 թ.-ի օգոստոս), արտաքին գործերի նախարարների խորհրդի Լոնդոնի նստաշրջանին (1945-ի սեպտեմբեր), երեք տերությունների արտաքին գործերի նախարարների Մոսկվայի խորհրդակցությանը (1945 թ.-ի դեկտեմբեր), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Լոնդոնի 1-ին նստաշրջանին (1946 թ.-ի հունվար) ևն։ 1945 թ.-ի նոյեմբեր 29-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ դիմեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարներին՝ պահանջելով Խորհրդային Հայաստանին միացնել Արևմտյան Հայաստանը։ 1945 թ.-ի մարտին խորհրդային կառավարությունը, ելնելով երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային նոր իրադրությունից, հայտարարեց 1925 թ.-ի խորհրդա-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին։ 1945 թ.-ի հունիսին Մոսկվայում տեղի ունեցան խորհրդա-թուրքական բանակցություններ՝ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու շուրջ, որը պայմանավորված էր խորհրդային կառավարության կողմից իբրև ժամանակի ոգուն չհամապատասխանող և արմատական բարելավման կարիք ունեցող 1925 թ.-ի պայմանագիրը չեղյալ հայտարարելու հետ։ Թուրքական կողմն առաջարկեց կնքել դաշնակցային պայմանագիր։ Դրան խորհրդային կողմը պատասխանեց, որ դեմ չէ որոշակի պայմաններով այդպիսի պայմանագիր կնքելուն, մասնավորապես, եթե Թուրքիան վերադարձնի 1921 թ.-ին Խորհրդային Հայաստանից խլված Կարսը և Արդահանը։ Սակայն դաշնակցային պայմանագիրը Թուրքիայի հետ չկնքվեց։ Երեք դաշնակից տերությունների (ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) ղեկավարների 1945 թ.-ի Բեռլինի (Պոտսդամի) կոնֆերանսում, ի թիվս այլ հարցերի, լսվեց նաև Հայկական հարցը։
1953 թ.-ի մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը, անտեսելով հայ ժողովրդի ակնկալիքներն ու ձգտումները, Թուրքիայի կառավարությանը հայտարարեց, որ
Այդպիսով, խորհրդային կառավարությունը հայտարարում է, որ Խորհրդային Միությունը տարածքային ոչ մի պահանջ չունի Թուրքիայից։ ԽՍՀՄ-ի նման հակահայական դիրքը հաստատվել է հետագայում ևս՝ միջազգային մի շարք փաստաթղթերում։
1960-ական թթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական հարցը լուծելու, համաշխարհային համագործակցության կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչել տալու համար սփյուռքահայերի պայքարը առավել գործուն դարձավ 1960-ական թթ. կեսից՝ Հայոց Ցեղասպանության 50-ամյակի նախօրեին։ 1965 թ.-ին Մեծ Եղեռնի տարելիցն առաջին անգամ պաշտոնապես նշվեց Խորհրդային Հայաստանում։ Վերսկսվեց Հայկական հարցը և Հայոց Ցեղասպանության հիմնախնդրի ուսումնասիրությունը։
1960-80-ական թթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-1980-ական թթ. նկատելիորեն ուժեղացավ համաշխարհային հասարակայնության հետաքրքրությունը Հայկական հարցի նկատմամբ, և այն քննարկվեց միջազգային տարբեր կազմակերպություններում, գիտական և հասարակական համաժողովներում, կոնֆերանսներում և գիտաժողովներում։ 1960-ական թթ. վերջից Հայկական հարցը դարձավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության կանխման ենթահանձնաժողովի քննարկման առարկա։ Հայկական հարցին հատուկ նվիրվեց Փարիզի ժողովուրդների մշտական ատյանի նիստը 1984 թ.-ի ապրիլին, եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարը (ԱՄՆ, 1989 թ.-ի մայիս) ևն, որոնց որոշումներում նշվեց հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրագործած ցեղասպանության վնասների փոխհատուցման անհրաժեշտությունը, սփյուռքահայերին իրենց հայրենիքը վերադառնալու իրավունքի ապահովումը։ Հայոց Ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման և դատապարտման հարցին 1970-1980-ական թթ. գործուն աջակցություն ցույց տվեցին մի շարք երկրներ (Հունաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Ուրուգվայ ևն)։ ԱՄՆ-ի Սենատում և Ներկայացուցիչների պալատում բազմիցս քննարկվեցին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևեր, որոնք, սակայն, Թուրքիայի ճնշմամբ մերժվեցին։ Թուրքիան վարում է Հայոց Ցեղասպանության փաստը չճանաչելու և մերժելու քաղաքականություն։ 1983 թ.-ից Հայկական հարցը քննարկվել է Եվրոպական խորհրդարանում։ 1987 թ.-ի հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»։ 1988 թ.-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ ԳԽ ընդունեց, Օրենք օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» փաստաթուղթը։
Ներկայումս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից պայմաններում Հայկական հարցը ընկալվում է որպես ամբողջ աշխարհի հայության ձգտումը՝ վերականգնել պատմական արդարությունը, ստեղծել իրական պայմաններ հայ ազգի համախմբման, սփյուռքահայերի ազգային ինքնության պահպանման, Պատմական Հայաստանի միավորման համար։
Ըստ ռազմական պատմաբան, ռազմաքաղաքական վերլուծաբան գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեանի՝ Հայկական հարցն ունի հետևեալ հստակ ձևակերպումը․
«Հայկական հարցը Հայկական Ազատ, Անկախ, Ազգային պետականութեան վերստեղծումն է Հայաստանի բոլոր պատմական տարածքների վրա»։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հայկական վիլայեթները
-
Բեռլինի կոնգրես
-
Հայկական սահմանները ըստ Սևրի պայմանագրի
-
Հայաստանի արևմտյան սահմանն ըստ Վիլսոնի իրավարար վճռի
-
Հայերի տարաբնակեցումը հայ ժողովրդի հայրենիք Հայկական լեռնաշխարհում։
-
Միացեալ Հայաստանը՝ ըստ Փարիզի 1919 թ․ հաշտության կոնֆերանսին ներկայացված նախագծի քարտեզի և դրան ավելացված Արևելյան Հայաստանի այն տարածքները, որոնք ներկայումս հիմնականում պատկանում են Ադրբեջանին։
-
Մեծ Հայաստանը Տիգրան Մեծ Արքայից Արքայի օրոք (մ․թ․ա․ 95 թ․ - մ․թ․ա․ 55 թ․)
Հայտնի խոսքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեռլինի կոնգրեսից հետո, որտեղ հայ ժողովրդի հույսերը չարդարացան, Գարեգին Սրվանձտյանն ասել է.
Հայաստանի մէջ է բուն հայկական խնդիրը, և Պերլինի մէջ կորոնենք զայն։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GREAT ARMENIA 11 25 19 Մեծ Հայք։ Ուիլսոնեան իրաւարար վճիռ. հզօր զէնք հայերի ձեռքում… AMGA TV, Ամերիկայի Միացեալ Նահանգներ։
- ↑ Արդեօ՞ք Լոզանի 1923 թ. պայմանագիրը չեղարկում էր Սևրի պայմանագիրը։ AMGA TV, Ամերիկայի Միացեալ Նահանգներ։
- ↑ Հայաստանը՝ ռուսական ֆաշիզմի զոհ։ GREAT ARMENIA 12 06 19։ AMGA TV, Ամերիկայի Միացեալ Նահանգներ։
- ↑ Հայոց Դատ Թուրքիոյ և Ռուսիոյ դէմ… Մեծ Հայք 12-17-19 Great Armenia։ AMGA TV, Ամերիկայի Միացեալ Նահանգներ։
- ↑ 2020 թուականը՝ Հայութեան համար հնարաւորութիւնների տարի։ GREAT ARMENIA 12 23 19։ AMGA TV, Ամերիկայի Միացեալ Նահանգներ։
- ↑ 2020-ը՝ Հայոց Յաղթանակների Տարի։ ՄԵԾ ՀԱՅՔ 12-27-19 GREAT ARMENIA։ AMGA TV, Ամերիկայի Միացեալ Նահանգներ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 185)։ |