«Արարատ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլային ակումբ, որը հանդես է գալիս Երևանում։ Հիմնադրվել է 1935 թվականիմայիսի 10-ին Վռամշապուհ Մերանգուլյանի գլխավորությամբ[1]։
Այն ժամանակ ակումբը կոչվում էր Երևանի «Սպարտակ»։ 1938 թվականից սկսած ակումբը ստանում է «Դինամո» անվանումը։ 1954-1962 թվականները կրկին վերադարձ նախորդին. Ակումբը կրկին վերանվանվում է Սպարտակ։ Իսկ 1963 թվականից մինչ օրս ակումբը կրում է պատմական «Արարատ» անվանումը։
Առաջին նվաճմանը ակումբը հասել է հիմնադրմանից 5 տարի անց՝ նվաճելով Հայաստանի ֆուտբոլի գավաթը, որի իրավահաջորդը ներկայումս գործող Հայաստանի անկախության գավաթն է։ 1954 թվականին այն ժամանակվա Երևանի «Սպարտակը» ԽՍՀՄ տարածքում իր առաջին բարձունքին է հասնում՝ մասնակցելով ԽՍՀՄ գավաթի եզրափակչին։ Սպարտակցիների մրցակիցը Կիևի «Դինամոն» էր, որը և մեծ դժվարությամբ տիրանում է գավաթին։ 1971 թվականից սկսվում են արդեն Երևանի «Արարատի» ոսկե տարիները։ Նախ նույն թվականին թիմը տիրանում է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալներին։ Հաջորդ տարի թիմի ղեկին է կանգնում ամբողջ ԽՍՀՄ-ում ճանաչված նախ ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, այնուհետև փայլուն մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։ Վերջինս էլ սկիզբ է դնում 73-յան երազներին։ Թիմը հասնում է անհավանական հաջողությունների. ԽՍՀՄ առաջնության և գավաթի ոսկե մեդալներ… Դա մեծագույն նվաճում էր ամբողջ ԽՍՀՄ տարածքում, որը ռուսներն անվանեցին. «Հայկական ֆուտբոլի բում»։
1973-ը կարող ենք համարել թիմի բոլոր ժամանակների լավագույն տարին, քանի որ ԽՍՀՄ առաջնության կարևորագույն չեմպիոնությունը «Արարատի» համար առաջինն ու վերջինն էր։ 1975-ին երևանցիները երկրորդ անգամ են տիրանում բաղձալի գավաթին։ Հաջորդ տարի մասնակցում են եզրափակչին, կրկին մոտ լինելով երկրորդ անընդմեջ նվաճմանը։
1974 թվականին արարատցիները հաջող էին խաղում Չեմպիոնների գավաթ (ներկայումս Չեմպիոնների լիգա՝ ՉԼ) մրցաշարում։ Քառորդ եզրափակչում մեր մրցակիցը Եվրոպայի այդ թվականների լավագույն ակումբն էր՝ Մյունխենի«Բավարիան», որը նախորդ տարի դարձել էր ԽՍՀՄ առաջնության հաղթող։ Երևանում մերոնք ցուցադրելով փայլուն խաղ՝ հաղթեցին մի ակումբի, որի կազմում խաղում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ֆրանց Բեկենբաուերը, Կառլ-Հայնց Ռումենիգեն, Գերդ Մյուլլերը, որը Գերմանիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, և այլք։ Հանդիպման միակ գնդակը 34-րդ րոպեին հեղինակում է Արկադի Անդրեասյանը։ Ափսոս, որ Մյունխենում տեղացիները հաղթում են 2։0 հաշվով և դուրս գալիս կիսաեզրափակիչ։ Այդ տարի նույնպես «Բավարիան» նվաճում է Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը, իսկ «Արարատից» կրած պարտությունը միակն էր ողջ մրցաշարում։
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 694)։