Միքայել Ա Սեբաստացի
Միքայել Ա Սեբաստացի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Սեբաստիա |
Մահացել է | 1576[1] |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Միքայել Ա Սեբաստացի (անհայտ[1], Սեբաստիա - 1576[1]), ծննդյան թիվն անհայտ, Սեբաստիա - մահացել է 1576-ին։ Ամենայն Հայոց կաթողիկոս 1567-ից։ Հաջորդել է Ստեփանոս Ե Սալմաստեցուն։
Եղել է Սեբաստիայի թեմի առաջնորդ։ 1547-ին Ստեփանոս Ե Սալմաստեցու կողմից նշանակվել է աթոռակից կաթողիկոս։ Եղել է 1547-ի Էջմիածնի գաղտնի ժողովի կազմակերպիչը։ Ստեփանոս Ե-ի եվրոպական բանագնացության շրջանում (1547-1552) գլխավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսության գործերը։ Կարգավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսության հարաբերությունները Աղվանից և Աղթամարի կաթողիկոսական աթոռների հետ, պաշտպանել Սուրբ Էջմիածնի գահերեցությունն ու իրավասությունները։ 1557-ին շահ Թահմազից ստացել է հատուկ հրովարտակ, ըստ որի Սուրբ Էջմիածնի վիճակներ են համարվել Գանձակը, Պարտավը, Լոռին, Նախիջևանը, Գեղարքունիքը, Կապանը, Խոյը, Սալմաստը, Զակամը, որոնց նկատմամբ հավակնություններ է ունեցել Աղվանից կաթողիկոսական աթոռը։ Նման հրովարտակ է ստացել նաև սուլթան Սուլեյման I-ից, որով Մայր Աթոռի վիճակներ են հաստատվել Ամիդը, Արճեշը, Խլաթը, Մուշը, Բաղեշը։
1562-ին Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում հրավիրել է գաղտնի ժողով, որին մասնակցել են ինչպես արևմտահայ, այնպես էլ արևելահայ հոգևոր-եկեղեցական և աշխարհիկ նշանավոր գործիչներ։ Ժողովը որոշել է դեսպանություն ուղարկել Արևմուտք՝ Հռոմի պապի և Վենետիկի դոժի հետ բանակցություններ վարելու համար։ 1562-ի մայիսի 20-ին Սեբաստիայի ժողովն ընդունել է երկու դիմումագիր՝ ուղղված Պիոս Դ պապին, որոնք Հռոմ են ուղարկվել Աբգար դպիր Եվդոկացու (Թոխաթեցի) միջոցով։ Հռոմում գտնվող հայ պատգամավորության ճակատագրով մտահոգված Միքայել Ա Սեբաստացին 1563-ին առանձին ծածկագիր թուղթ է ուղարկել պապին, որը բնութագրում է դեսպանության խնդիրներն ու նպատակները։ Գրության առաջին տողերը՝ «Մենք Հայք, որք ի ստրկութեան եմք ընդ իշխանութեամբ թուրքաց և պարսից» վկայում են, որ հայերի պայքարն ուղղված է ինչպես թուրքերի, այնպես էլ պարսիկների դեմ։ Կաթողիկոսի դիմումն առաջացրել է պապի հետաքրքրությունը, և նա ընդունել է Աբգարին։ Պապի մոտ ընթացող բանակցությունները պարզաբանող տվյալներ չկան, սակայն ակնհայտ է, որ Վատիկաը դարձյալ պահանջել է ճանաչել կաթոլիկ եկեղեցու գերակայությունը, որն էլ պայմանավորել է բանակցությունների ելքը։ Հայկական պատվիրակությունը որևէ արդյունքի չի հասել։
Միքայել Ա Սեբաստացին մեծ նպաստ ունի հայկական տպագրության կազմակերպման գործում։ Նրա հանձնարարությամբ Աբգար Եվդոկացին 1565-ին Վենետիկում հիմնադրել է տպարան և տպագրել գրքեր։
1567-ին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Աթոռակից կաթողիկոսներ է նշանակել Ստեփանոս եպիսկոպոս Առնջեցուն և Բարսեղ եպիսկոպոս Վաղարշապատցուն։ Միքայել Ա Սեբաստացին շարունակել է իր մշակութանպաստ գործունեությունը։ 1569-ին կաթողիկոսի առաջարկությամբ Աբգար Եվդոկացին Կ. Պոլսից ժամանել է Սուրբ Էջմիածին, որտեղ մանրամասն տեղեկություններ է ներկայացրել իր եվրոպական բանագնացության վերաբերյալ։
Կաթողիկոսական գահին Միքայել Ա Սեբաստացուն հաջորդել է Գրիգոր ԺԲ Վաղարշապատցին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հատ. Գ, Վենետիկ, 1786
- Սիմեոն Երևանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873
- Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 624)։ |
Նախորդող՝ Ստեփանոս Ե Սալմաստեցի |
Կաթողիկոս 1567–1576 |
Հաջորդող՝ Գրիգոր ԺԲ Վաղարշապատցի |
|